Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

«Ուրախ եմ, որ ձեռնունայն չեմ վերադառնում»․ Սերգեյ Վարդազարյան

131
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 01:20
«Ուրախ եմ, որ ձեռնունայն չեմ վերադառնում»․ Սերգեյ Վարդազարյան

Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող 30-րդ ամառային ուսանողական խաղերի՝ Ունիվերսիադայի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ երկրորդ անգամ անընդմեջ։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյը կիսվեց իր տպավորություններով․ «Ուրախ եմ, որ երկրորդ անգամ ձեռնունայն չեմ վերադառնա Ունիվերսիադայից։ Սա իմ վերջին ուսանողական խաղերն էին, որոնք եզրափակեցի մեդալով․ ճիշտ է ոսկե չէ, այլ բրոնզե, բայց այսպիսի ուժեղ մրցմանը անգամ բրոնզե մեդալին հասնելու համար շատ ջանքեր է պետք գործադրել։ Իմ քաշային կարգում կար 41 մարզիկ․ ես հաղթեցի 3 մենամարտում՝ պարտվելով կիսաեզրափակչում՝ 4-րդ մենամարտում: Մրցակիցներս պատահական մարզիկներ չէին՝ Արգենտինայից, Լեհաստանից, Չիլիից և Բելգիայից։ Կիսաեզրափակչում պարտվեցի, որովհետև 1/4 եզրափակչից անմիջապես հետո հրավիրեցին կիսաեզրափակիչ մենամարտին, ուժերս դեռ չէին վերականգնվել և առաջին մրցափուլից հետո հոգնածությունը թույլ չտվեց, որ իմ ուզած մենամարտն անցկացնեմ։ Ինձ թվում է՝ դա կազմակերպչական սխալ էր, քանի որ հակառակորդս վերականգնված էր, իսկ ես՝ ոչ»։

Անդրադառնալով Տոկիո-2020 օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու հավանականությանը՝ Սերգեյը նշեց․ «Վարկանշային միավորներով Տոկիո արդեն չեմ հասնի, քանի որ աշխարհի առաջնություն չմեկնեցինք։ Միակ հույսը 2019-ի ապրիլին կայանալիք Եվրոպայի վարկանշային առաջնությունն է, որտեղ պետք է անպայման եզրափակիչ դուրս գալ։ Իսկ վարկանշային միավորները պետք է որպեսզի վիճակահանությունն ավելի բարենպաստ լինի»։

Ամփոփելով զրույցը՝ Սերգեյը նշեց, որ Ունիվերսիադայից հետո մի փոքր կհանգստանա, այնուհետև կսկսի նախապատարաստությունը նոյեմբերին կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը և այլ վարկանշային մրցաշարերին։