Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Այս նախագծով լուծում ենք տալու սպորտում առկա մի շարք խնդիրների»․ Արսեն Ջուլֆալակյան

362
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 16:05
«Այս նախագծով լուծում ենք տալու սպորտում առկա մի շարք խնդիրների»․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ հերթական նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրեց իր և գործընկեր պատագամավոր Արտակ Մանուկյանի կողմից ներկայացված «Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։

«Ընթացիկ տարվա փետրվարին ես և պարոն Մանուկյանը հանդիպեցինք Գարբրիել Ղազարյանի հետ, ով իր կողմից ներկայացրեց այն խնդիրները, որոնք պահանջում են շտապ օրենսդրական լուծում։ Այս նախագծով լուծում ենք տալու սահմանափակ քանակությամբ հարցերի։ Դրանք են․

1․ հստակեցնել հավաքական թիմի կարգավիճակը՝ անդամներին և մարզիկներին

2․ ինչպես է ձևավորվում հավաքական թիմը

3․ որոնք են թիմի նպատակները և խնդիրները

4․ թիմում ընդգրկված մարզիկների իրավունքները և պարտականությունները

5․ մարզիչների և մասնագետների իրավունքները և պարտականությունները

6․ նյութատեխնիկական և ֆինանսական ապահովվածությունը

7․ հավաքական թիմի ղեկավարումը։

Սահմանելով այն, թե ով է հանդիսանում հավաքական թիմի անդամ՝ կկարողանանք լուծում տալ մի շարք խնդիրների, որոնք են, մասնավորապես ստաժի, ապահովագրության խնդիրները։ Հավաքական թիմի անդամ հանդիսացող մարզիկի գործունեությունը պետք է գրանցվի որպես ստաժ, և, սպորտը թողնելուց հետո, մարզիկը կկարողանա անցնել այլ աշխատանքի՝ խնդիր չունենալով ստաժի հետ կապված։ Հետագայում էլ, թոշակի անցնելիս, մարզիկը նվազագույն թոշակ չի ստանա։ Բացի դրանից, հավաքական թիմի անդամները կկարողանան ապահովվել սոցիալական փաթեթներով և բժշկական ապահովագրությամբ։ Հետագայում, երբ ունենանք ԲԿՄԱ, գուցե կարողանանք ՊՆ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ գոնե հենակետային մարզաձևերի հավաքականների անդամները կարողանան ծառայել սպորտային վաշտում։ Մի խոսքով՝ շատ կարևոր է հստակեցնել, թե ով է հանդիսանում հավաքականի անդամ։

Բացի վերոնշյալից, փորձել ենք կարգավորել ազգային ֆեդերացիաներ հիմնադրելու թույլտվության կարգը»,- նշեց Ջուլֆալակյանը։

Քվեարկության արդյունքում ձայների 122 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։