Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում փոփոխություններ են կատարվել. ՀԾԿՀ

582
Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 15:45
Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում փոփոխություններ են կատարվել. ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 24-ի նիստում ընդունվեց որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում, մասնավորապես.

. Ավելացվեցին մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30%-ի (ներկայիս 20%-ի) չափով, բայց ոչ ավելի քան 2500 (ներկայիս 2000) դրամը.

. Սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով մատակարարին պարտավորեցվեց վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին գազամատակարարման վթարային ընդհատման և վերականգնման կանխատեսվող ժամկետի մասին.

. Երկարաձգվեց առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման ժամկետը՝ գործող 3-օրյա ժամկետը փոխարինելով 6-օրյա ժամկետով, ինչը հնարավորություն կտա օպտիմալացնել մատակարար ընկերության ծախսերը.

. Բարելավվեց գազիֆիկացված բնակավայրում գտնվող և մինչև 100 խմ ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման կարգը: Նախկինում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման գումարը, որոշ դեպքերում կազմում էր բացասական մեծություն և չէր նվազեցվում բաժանորդների կողմից սպառված բնական գազի ծախսից: Փոփոխությունների արդյունքում յուրաքանչյուր սպառողական խմբի համար մատակարարված բնական գազի արժեքից նվազեցվող գումարի տոկոսային մեծության 5%-ից ցածր լինելու դեպքում կընդունվի հավասար 5%-ի:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 1-ից: