Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Նոր մարզադաշտ կառուցելու հարցը սուր է․ Փաշինյան-Վանեցյան-Վերմիշյան քննարկում

254
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 14:05
Նոր մարզադաշտ կառուցելու հարցը սուր է․ Փաշինյան-Վանեցյան-Վերմիշյան քննարկում

ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում այսօր քննարկեցին հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցերը։ Հիմնական շեշտն արվում է քաղաքաշինության վրա։ Չինացիների հետ Հայաստանը մտադիր է զարգացնել տնտեսական կապերը՝ մատչելի և նորարարական հումք ձեռք բերելու նպատակով։ Նշվում է, որ չինական կողմը ցանկանում է սպորտային ենթակառուցվածների կառուցմամբ չինական փորձը ներդնել Հայաստանում։

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց․ «Մարզադաշտ կառուցելու համար տարածքը հենց հատկացնեք, հետաքրքրությունն ավելի կմեծանա»։

ՀՀ վարչապետը պատասխանեց․ «Ես տարածք հատկացնե՞մ։ Պարոն Վանեցյան, մենք այդ թեմայով մի քանի անգամ զրուցել ենք և իմ դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։ Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին։ Երևան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար։ Բայց, կարծում եմ, համաչափ զարգացման համար պետք է լուծում գտնել։ Դա շատ կարևոր նախագիծ է»։

Վանեցյանը նշեց, որ կառուցվելիք մարզադաշտի հարակից տարածքում կկառուցվի այգի՝ որպես ժամանցի գոտի․ «Մարզադաշտի հետ կապված մի երկու բան ասեմ. իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ։ Կանաչ գոտիների հաշվին չկառուցելու հետ համաձայն եմ, բայց նշեմ, որ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա կառուցվում են, նախատեսում են շատ մեծ կանաչապատ գոտի։ Մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի։ Մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար այգի, որը կծառայի որպես ժամանցի վայր»։

Փաշինյանը համաձայնեց Վանեցյանի հետ․ «Շատ լավ, մենք մի քանի գաղափար քննարկել ենք։ Կարծում եմ՝ Հյուսիս-Հարավի հարակից որևէ վայրում մարզադաշտի կառուցելը լավ միտք է։ Ավելի ստույգ մասնագետներն ու փորձագետները կասեն։ Այս թեմայով քննարկումները պետք է ակտիվացնենք, լավագույն տեղն ընտրենք ու սկսենք կառուցումը։ Մարզադաշտը պետք է փիլիսոփայություն ունենա։ Պետք է հասկացվի, թե այդ մարզադաշտի համար 100 մլն-ից ավելի ներդրումն ինչ է բերելու։

«Ավելացնեմ, որ այդ ներդրմանը պետությունը որևէ մասնակցություն չի ունենալու, պետական բյուջեից չի լինելու։ Պետք է ներդրողը դիտարկի այն որպես բիզնես մոդել»։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հակադարձեց, «Միայն ֆուտբոլային մարզադաշտ կառուցելը, իմ կարծիքով, ճիշտ չէ։ Եթե արվելու է որպես մարզական ներդրում, ճիշտ կլինի օլիմպիական չափանիշներին համապատասխան մարզադաշտ կառուցվի, որի համար անհրաժեշտ է ոչ թե 10-15 հեկտար, այլ 50-60 հեկտար տարածք։ Դա թույլ կտա Հայաստանին նոր մակարդակի դուրս գալ։ Հետագայում նույնիսկ օլիմպիական խաղերի հարց կարող է բարձրացվել»։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ես դեմ չեմ, պարոն Վերմիշյան։ Պարոն Վանեցյանի հետ դա կազմակերպեք։ Ես միայն ուրախ կլինեմ ու ինչով կարող եմ կաջակցեմ»։