Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում

74
Այսօր, 22:43
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում

Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության նախարարներից մեկի գործունեության հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 20 միլիոն դոլարին (6,620 միլիարդ հունգարական ֆորինտ) համարժեք կանխիկ գումար։ Գումարը թաքցված է եղել ֆերմաներում և անտառային թաքստոցներում։

Գումարը թաքցված է եղել ֆերմաներում և անտառային թաքստոցներում
Գումարը թաքցված է եղել ֆերմաներում և անտառային թաքստոցներում

Միկլոշ Սեշտակը չորս տարի զբաղեցրել է ազգային զարգացման նախարարի պաշտոնը։ Նա մեղադրվում է պետական տրանսպորտային ընկերությունից կաշառք ստանալու համար։ Նախկին նախարարը հերքում է չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։
Սեշտակի դեմ հարուցված հետաքննությունը հակակոռուպցիոն արշավի մի մասն է, որի մասին հայտարարել էր այս տարվա ապրիլին կայացած ընտրություններում հաղթած նոր վարչապետ Պետեր Մադյարը։
Ուրբաթ օրը, երբ կանխիկ գումարի երկօրյա որոնումները հանգեցրել են Հունգարիայի տարբեր շրջանների մի քանի հեռավոր վայրերում գտնվող թաքստոցների բացահայտմանը, Մադյարը հայտարարել է, որ «մաֆիայի» վերջը եկել է։
Որոնումների արդյունքների մասին հաղորդել է Ակտիվների պաշտպանության և վերադարձի ազգային գրասենյակը (NVVH)։ Այս կառույցը ստեղծվել է Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարման տարիներին տեղի ունեցած կոռուպցիոն մեղադրանքները հետաքննելու նպատակով։ Վարչապետ Մադյարը դրա գործունեությունն անվանում է «Քավարան գործողություն»։ Սեշտակի գործով զբաղվող քննիչները թղթադրամների կապոցներ են հայտնաբերել անտառներում թաղված կամ ֆերմաներում, բնակելի տներում և պահեստներում թաքցված չհրկիզվող պահարաններում։ Կանխիկ հայտնաբերվել է 5 միլիարդ 71 միլիոն 632 հազար հունգարական ֆորինտ, 2 միլիոն 658 հազար 350 եվրո և 1 միլիոն 257 հազար 100 դոլար։ Գրասենյակի հաղորդմամբ՝ դոլարային արտահայտությամբ գումարը կազմում է 19,5 միլիոն։
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում

Այս տարվա գարնանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Մադյարը ժողովրդին խոստացել էր «ռեժիմի փոփոխություն» և հաղթանակից հետո սկսել է ապամոնտաժել Օրբանի տարիներին ստեղծված շատ կառույցներ ու կարգեր։ Նախկին վարչապետի աշխատանքը երկար տարիներ ուղեկցվել է կոռուպցիայի և իր մերձավոր համախոհներին գրավիչ պաշտոններ բաժանելու մեղադրանքներով։ Օրբանի քննադատների պնդմամբ՝ նրա մերձավորներին են բաժին հասել նաև շահավետ պետական նախագծերը։
Սեշտակից բացի՝ հանցավոր հարստացման մեղադրանքով կալանքի տակ են գտնվում ևս մեկ նախարար և Հունգարիայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Գեորգի Մատոլչին։ Նրանք նույնպես հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները։

Անցած երկուշաբթի Հունգարիայի իշխանությունները մարդկանց մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը և ևս երեք անձի։
Նախկին վարչապետը տեղի ունեցողն անվանում է քաղաքական վրեժխնդրություն։ «Այս կեղտոտ խաղի նպատակը քաղաքական ընդդիմախոսին վերացնելն ու միակուսակցական համակարգ ստեղծելն է։ Թիրախը ես եմ, իսկ կրտսեր եղբայրս ընդամենը միջոց է»,– հայտարարել է Օրբանը։