Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Օգնենք հայերենի ինքնամաքրմանը». Գասպար Երիցյան

377
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 23:05
«Օգնենք հայերենի ինքնամաքրմանը». Գասպար Երիցյան

Հայերենի ինքնամաքրումն սկսվել է տակավին ոսկեդարյան ժամանակներից և շարունակվում է առ այսօր։

Մեր հանրության ուշադրությունն ենք հրավիրում հյուրընկալության բնագավառի առանցքային եզրերի վրա, որոնք օգնության կարիք ունեն։ Խոսքը «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում ներկայացված «զբոսաշրջություն, զբոսաշրջիկ, տուր, զբոսավար, ուղեկցորդ» և «պտույտ» (Ա. Սարգսյան, «Արևմտահայերենի բառարան» Ե.,1991) եզրերի մասին է, որոնք հուշում են, որ հայ ժողովրդի հավաքական միտքը ձգտում է փոխարինել հայտնի եզրերը հայերեն համարժեքներով։
Չնայած նրան, որ այս բառերը ներկայացված են հայերենի նորմատիվ բառարաններում, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության այդ ոլորտին առնչվող որոշումներում, մենք մնում ենք այն կարծիքին, որ նշված բառերը բավարար չափով չեն արտացոլում եղած տուրիստական իրողությունները և համոզված ենք, որ հայերենի եզրաստեղծման հնարավորություններն ավելին են։ Դատեք ինքներդ։
Մեջբերված բառերում բացարձակ տեղին չէ «զբոս(նել)» բաղադրիչը։ «Զբոս(անք)» բառն ինքնաբավ է և ենթադրում է գեղատեսիլ վայրի, զբոսայգու այցելություն ինչպես ճանաչելու, այնպես էլ հանգստանալու և կազդուրվելու նպատակով։ Բայց, ի տարբերություն զբոս(անքի), տուրիզմն այն ոլորտն է, որն անվանում են «ակտիվ հանգստի» բնագավառ, հետևապես զբոս(նելն) այս բառաբարդման մեջ ավելորդ է և ոչ տեղին։
Սակայն շատ տեղին է և անփոխարինելի «շրջ—ել» բառը։

Հիշենք, «զբոսաշրջություն» եզրի նախատիպ «տուրիզմ» բառի հիմքը «տուրն» է, որը մի շարք եվրոպական լեզուներում իրենից ածանցյալ բառերի հետ («տուր, տուրնե, տուրնիկ, տուրնիկետ») արտահայտում է հենց «շրջել, դառնալ, դարձնել, շրջանցել, պտույտ, շրջապտույտ, շրջադարձ, շուրջպար, բոլորակ երթուղով շրջագայություն, պտտեցնել, պտտվող դուր, ծղնի, պտտաձող» իմաստները։ Ավելին, ի տարբերություն ինքնագործ ճամփորդության, որպես մասնագիտական եզր «տուրը» ենթադրում է «խորագետ, բանիմաց մասնագետների ղեկավարությամբ, որոշակի ժամկետում, որոշակի երթուղով, մատուցվելու ենթակա որոշակի (ամրագրային, հյուրանոցային, սննդի, էքսկուրսիոն և այլ) ծառայություններով կազմակերպված բազմօրյա ուղևորություն»։
Մի խոսքով կարող ենք ասել, որ «զբոսաշրջություն» բառաբարդումն ընդունելի է կենցաղում և խոսակցական լեզվում, սակայն որպես հատուկ եզր ընդունելի չէ հյուրընկալության բնագավառում և մասնագիտական գրականության մեջ։
Այդ իսկ պատճառով առաջարկում ենք «զբոսա—շրջություն» բառը բաժանել երկու բաղադրիչների և կցել շրջ—ելուն «եկ» բաղադրիչը, որն ունի և «գալ, ժամանել», և «դառնալ, վերադառնալ» իմաստները։ Արդյունքում մենք ստանում ենք «շրջեկ» եզրը, որը ծածկում է «տուր և տուրիստ» եզրերի բոլոր իմաստները։ Որպես մասնագիտական եզր այն նշանակում է ոչ թե ինքնագործ «ճամփորդել, ճանապարհորդելը», այլ կազմակերպված ձևով «գնալ—գալ, շրջել—դառնալ, ճամփորդել—վերադառնալ», մի խոսքով «շրջեկել»։ Ըստ այդմ, առաջարկում ենք «տուրիստ—տուրիզմ» եզրերի փոխարեն օգտագործել «շրջեկ—շրջեկություն—շրջեկել» հայերեն համարժեքները։
«Զբոսավար, պտույտ, ուղեկցորդ» բառերը նմանապես ոչ մի աղերսներ չունեն խնդրո առարկա «էքսկուրսավար, էքսկուրսիա, գիդ—թարգմանիչ» եզրերի հետ։ Նախ հասկանանք նրա բուն նշանակությունը։ «Էկսկուրսիա (ռուս)», «էքսկուրսիոն (անգլ., ֆրանս.)» բառի նախահիմքը լատիներեն «էքսկուրսիո» բառն է, որը նշանակում է զարտուղի, դուրս վազել, ասպատակել, հարձակում, ուղևորություն և այլն։ «Էքսկուրսիան միօրյա շրջեկային ծառայություն է, խորագետ, բանիմաց մասնագետի ղեկավարությամբ մինչև 1 օր ժամկետով ուղևորություն բնակության սովորական միջավայրից այլ վայր (երկիր), շրջեկների ճանաչողական, վերականգնողական, սպորտային, ժամանցային, տեղեկատվական և այլ պահանջմունքները բավարարելու նպատակով»։
Կարծեք թե, տրամաբանական կլիներ օգտագործել այստեղ այցելու բառը, սակայն այն արդեն գործածվում է շրջեկային վիճակագրության մեջ։ «Այցելուն» շրջեկային վիճակագրության հիմնական միավորն է, ժամանակավոր կացության վայր (երկիր) մի գիշերակացից մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով այցելող քաղաքացին, որի հիմնական նպատակը չի կարող լինել ժամանման վայրում (երկրում) գտնվող աղբյուրից վճարվող աշխատանքային գործունեությունը»։ Հետևապես, այն չի կարելի օգտագործել այստեղ։ Այցելելը ինքնանպատակ չի կարող լինել։ Շրջեկները այցելում են նայելու, դիտելու, զննելու, տպավորվելու, սքանչանալու համար։
Սակայն հայերենն ունի մեկ այլ, շատ հարմար, հատուկ դրա համար ստեղծված բառ։ Դա «ածել—յ/ածել—յ/ածեցուցանել, հածել» բառն է, որը հին ու նոր հայերենում նշանակում է «ման գալ, ման ածել, պտտեցնել, առաջնորդել, վարել» և այլն։ Ահա այս բառն է, որ ծածկում է «էքսկուրսիա» բառի բոլոր իմաստները։ Ըստ այդմ առաջարկում ենք. «զբոսավար, պտույտ, գիդ/ուղեկցորդ» բառերը փոխարինել և որպես մասնագիտական եզրեր օգտագործել «հածեկավար, հածեկույթ, հածորդ—թարգմանիչ» բառերի եռյակը։ Մնում է ավելացնենք, որ այցելուները բաժանվում են երկու խմբի՝ (բազմօրյա, գիշերող) շրջեկների և (միօրյա) հածեկների։
Ստորեւ ներկայացնում ենք «տուրիստ» եւ «էքսկուրսանտ» բառերով կազմված հայերեն համարժեք եզրերի ցանկ.
զբոսաշրջիկ/տուրիստ–շրջեկ, շրջեկուհի,
զբոսաշրջություն/տուրիզմ–շրջեկություն,
տուր–շրջեկույթ,
էքսկուրսանտ՝ հածեկ, հածեկուհի,
զբոսավար/էքսկուրսավար–հածեկավար,
գիդ/ուղեկցորդ–հածորդ,
էքսկուրսիա–հածեկույթ, հածեկում։

Գասպար ԵՐԻՑՅԱՆ
Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի էքսկուրսագիտության մասնագետ