«Երբ մահերը մեկը մյուսին հաջորդում են, պետք է սկսել ուսումնասիրել կրկնվող օրինաչափությունները». Զառա Հովհաննիսյան
76
Այսօր, 15:48
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թիվը հասնում է 33-ի՝ 2026 թվակաին 8 ամսվա ընթացքում։ Ընդ որում երեք մահ՝ վերջին 10 օրում․ Այսօր՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Տասը օր առաջ՝ օգոստոսի 13-ին, ՊՆ-ն հայտնել էր մեկ այլ զինծառայողի՝ Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Այդ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օգոստոսի 19-ին էլ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եվ սա այն իրավիճակն է, որի վերաբերյալ արդեն պետք է ոչ միայն հերթական անգամ արձանագրել, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում, այլ տալ ավելի մեծ հարց՝ ի՞նչ է կատարվում բանակում, և ինչո՞ւ է զինծառայողների կյանքն այսքան հաճախ ընդհատվում ոչ մարտական պայմաններում։ Երբ մահերը մեկը մյուսին հաջորդում են, միայն յուրաքանչյուր դեպքն առանձին քննելը բավարար չէ։ Պետք է սկսել ուսումնասիրել կրկնվող օրինաչափությունները։ Ինչո՞ւ են զինծառայողները մահանում։ Որտե՞ղ են առաջանում ամենամեծ ռիսկերը։ Ի՞նչ է կատարվում այն զորամասերում, որտեղ զինծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական պրակտիկան վերածվում է նվաստացման, ճնշման կամ վտանգավոր չգրված պատիժների համակարգը։ Առանձին ուսումնասիրության խնդիր է նաև հայհոյանքի և, այսպես կոչված, քֆուր դնելու ճգրված օրենքը, որը ոչ միայ մարդու արժանապատվության նվաստացման ու բազմաթիվ բախումների առիթ կարող է լինել, այլև՝ կյանքի իրավունքի խախտման։ Ի վերջո երիտասարդ կյանքեր են, որոնք պահպանելը պետության պարտավորությունն է, ոչ թե մեկ հաղորդագրությամբ սև թուղթ տալը՝ ծնողի ձեռքն ու անհատական վարույթով սահմանափակվելը։ Սա յուրաքանչյուրիս պահանջը պետք է լինի, որպես մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգային խնդիր»: