Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ

24
Այսօր, 18:36
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ երկու ավագ դպրոցում նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: 10-րդ դասարանի աշակերտուհու և իր ընկերուհու վեճն ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։

«Մեր աղբյուրի խոսքով՝ երկու ընկերուհիները սիրահարված են նույն տղային, աղջիկներից մեկը որոշել է մրցակցին պատժել եւ դանակահարել է նրան:

Վաղարշապատի թիվ երկու դպրոցի տնօրեն Ալվարդ Հայրապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը: Ասաց, որ դանակահարվողն է եղել իրենց դպրոցի սանը, իսկ դանակահարողին ինքը չի ճանաչում. «Աղջիկներից մեկը, ով մեր դպրոցի աշակերտուհին է, դպրոցից դուրս է եկել, որպեսզի ընկերուհուն հրաժեշտ տա, ընկերուհին մեր դպրոցից չէ: Գրկախառնության ընթացքում ծակող գործիքով նա հարվածել է մեր աշակերտուհուն, չգիտեմ՝ դանակ է եղել, թե այլ առարկա: Ոստիկանություն ենք դիմել, ընթացք է տրվել, աշակերտուհու վիճակը լավ է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, ոչ մի վտանգավոր բան հիմա չկա»:

Ոստիկանությունից էլ մեզ հետ զրույցում կատարվածի վերաբերյալ հաղորդեցին. «Նոյեմբերի 9-ին ժամը 11:40 Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա մի աղջիկ վնասվածք է ստացել: Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15 տարեկան աղջիկը կտրող-ծակող գործիքով վնասվածք է պատճառել ընկերուհուն: Բաժնի ծառայողները պարզել են վնասվածք պատճառած աղջկա ինքնությունը, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու համար»»,- գրել է լրատվամիջոցը: