Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Չեմպիոնի կոչման համար պայքարն էլ ավելի կսրվի»․ Ժելկո Մարկով

344
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 21:05
«Չեմպիոնի կոչման համար պայքարն էլ ավելի կսրվի»․ Ժելկո Մարկով

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի՝ անցյալ տարվա հուլիսին մեկնարկած և դեռևս շարունակվող դասընթացն առաջինն է, որին մասնակցում են նաև արտասահմանցի մարզիչներ: Արտասահմանցի մասնակիցներից մեկը՝ Սերբիան ներկայացնող Ժելկո Մարկովն է է, ով կարիերայի մեկնարկում մարզել է սերբական «Սպարտակ»-ը և «Դինամո»-ն, իսկ Սերբիայի հավաքականում եղել է Ռադոմիր Անտիչի օգնականը: Մարկովի մարզչական աշխարհագրությունը ձգվում է Հնդկաստանից մինչև Նիդերլանդներ: Աշխատանքային գործունեությանը բազմազանություն է ավելացրել Իրանում, Ավստրիայում և արաբական երկրներում ստացած փորձով: ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում նա խոսել է Հայաստանի և ֆուտբոլի իր տեսլականի մասին։

- Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում վերսկսեցիք Ձեր ֆուտբոլային կրթությունը:

- Երբ Հայաստանում բացվեց դիմումների պատուհանը, մտածեցի՝ հարմար վայր է այս նպատակի իրացման համար: ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների շնորհած ՊՐՈ կարգի արտոնագիրը իրավահավասար է: Ուղևորությունը դժվարությամբ է տրվում, բայց հաճելի, օգտակար և հետաքրքիր ժամանակ եմ անցկացնում, նոր գիտելիքներ եմ յուրացնում:

- Ինչպե՞ս եք գնահատում փոփոխությունները:

- Կազմակերպման նոր համակարգ է գործում: Աշխարհի գլխավոր տիտղոսները նվաճած իսպանական հայեցակարգն է մեզ ներկայացվում: Հայ դասախոսները ևս ձգտել են միշտ լավագույնս ներկայանալ: Մեզ լավ ենք զգացել թե՛ նախկինում, թե՛ հիմա: Գրեթե մեկ տարի հատվածաբար այցելում ենք Հայաստան: Լավ ու բարի ժողովուրդ է բնակվում այստեղ: Բացի այդ, կրոնական ու մշակութային նմանություններ ունենք:

- Ֆուտբոլային սեփական նախասիրությունների մասին ի՞նչ կասեք:

- Յուրաքաչյուր դիրքում խաղալու համար ֆուտբոլիստին նեղ մասնագիտական պահանջներ են ներկայացվում: Ուստի խաղացողների ճիշտ ընտրությունը շատ կարևոր է: Նախընտրում եմ հաղթել 4։3, քան 1։0 հաշվով: 1-4-3-3-ը նախընտրելի համակարգ է, բայց սրանք ընդամենը թվեր են, ամենակարևորն այն է, թե ինչպիսի խաղ ենք ներդնում և ինչպես ենք շարժվում խաղադաշտում:

- Այո, շատ վազելու հետ մեկտեղ հարկավոր է նաև իրավիճակներում վազքի ճիշտ ինտենսիվություն և ուղղություն ընտրել: Աշխարհի վերջին առաջնության խմբային փուլում Սերբիայի հավաքականն ամենից շատ վազեց, բայց փլեյ-օֆֆ չանցավ:

- Սերբիան կազմակերպված ֆուտբոլ չխաղաց: Ֆուտբոլիստներն անհարկի կորցնում էին դիրքերը՝ վտանգի դեպքում ստիպված փորձելով լրացնել դիրքերը: Շվեյցարիայի հավաքականից 3-րդ ավելացված րոպեին գոլ ընդունեցինք, որովհետև չափից շատ վազելու պատճառով կենտրոնացումը նվազել էր:

- Սերբիայի երիտասարդ սերունդը հույս է ներշնչում:

- Իսկապես, հույսով ենք լցված: 2 ճակատով Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Այնթրախտում» տոն են տալիս Յովիչը, Կոստիչը, Գաչինովիչը: Օրինակ, Յովիչը վնասվածքի պատճառով չմասնակցեց 2016թ.-ին կայացած աշխարհի Մ-20 առաջնությանը, որտեղ, սակայն, Սերբիան առանց այդ էլ լավագույնն էր: Հանրաճանաչ ֆուտբոլիստներից Նոր Զելանդիա էր մեկնել Ժիվկովիչը, Միլենկովիչ-Սավիչը: Այս նույն սերունդը ճանաչվել էր նաև Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն: Տադիչը 30 տարեկանում մեծապես նպաստում է «Այաքս»-ի հաջողություններին: Սերբերն ամենուր են, բայց անհրաժեշտ է զարգանալ մեկ ընդհանուր համատեքստում, որ ազգային թիմը լուրջ նվաճման հասնի:

- Փոխարենը Խորվաթիան դարձավ աշխարհի փոխչեմպիոն:

- Նրանք մեր առաջին հարևաններն են, նույն լեզվով ենք խոսում: Ֆուտբոլը սահմաններ չի ճանաչում: Բալկանյան ֆուտբոլին նրանք միայն դրականը բերեցին իրենց հաղթանակներով: Իսկական թիմ կազմեցին, կոլեկտիվ ջանքերով խաղացին: Խորվաթները դասական օրինակն են այն բանի, թե ինչպես կարող է թիմը նպաստել առաջատարի անհատական բարձրագույն նվաճմանը և հակառակը:

- Ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ դիմակայություններից է «Ցրվենա Զվեզդա»-«Պարտիզան» դերբին: Ինչպիսի՞ փուլում է այս հակամարտությունը:

- Այս 2 թիմերի միասնական գլխագիրը մեկ ընդհանուր ապրանքանիշ է դարձել: Միևնույն ժամանակ, չդադարող թշնամություն կա նրանց միջև: Հիմա «Ցրվենա Զվեզդա»-ն ավելի առաջնակարգ ղիրքում է, Չեմպիոնների լիգայում հաղթեց «Լիվերպուլ»-ին, որը, ինչպես տեսնում եք, դեռ պայքարում է տիտղոսի համար: «Ցրվենա Զվեզդա»-ն տանը նաև ոչ-ոքի խաղաց «Նապոլի»-ի հետ: Սա մահվան խումբն էր: Սերբական ֆուտբոլի դրոշակակիր ակումբները լավագույն դարբնոցն են համաշխարհային ֆուտբոլի համար, Սերբիան ֆուտբոլային երկիր է: Ինչպես հայերը, մենք էլ սպասում ենք երկրի գլխավոր թիմի հաջողություններին:

- Հայաստանի առաջնությունում սերբերի թիվը քիչ չէ:

- Ժամանակ առ ժամանակ այցելում եմ նրանց խաղերին: «Ալաշկերտ»-ը ներկայացնող Չանչարևիչը բավական օգտակար դարպասապահ է: Առաջնության աղյուսակում դասավորությունն այնպիսին է, որ 4 թիմ կարող է պայքարել տիտղոսի համար: «Փյունիկ»-ին հիշում եմ դեռ այն ժամանակից, երբ խաղում էր «Պարտիզան»-ի դեմ: Երևանյան այդ թիմի խաղը շատ եմ նայել: Ամեն տարի Ձեր լիգան ավելի ու ավելի լավն է դառնում: Գիտեմ, որ հաջորդ առաջնությանն արդեն 10 թիմ կմասնակցի: Չեմպիոնի կոչման համար պայքարն էլ ավելի կսրվի: Հայաստանի հավաքականի կամ ակումբներից մեկի մրցաշարային մեկ հաղթականը երեխաներին կմղի ֆուտբոլի դաշտեր, նրանք սիրում են այս մարզաձևը: ՀՖՖ-ն հենց մեծ նպատակների համար է հրավիրել Խինես Մելենդեսին: