Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մեր ժողովրդի հավերժական խոհերի արտահայտիչը. այսօր Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն է

699
Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ., 13:45
Մեր ժողովրդի հավերժական խոհերի արտահայտիչը. այսօր Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն է

Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր...

Այսօր մեր ժողովրդի հավերժական խոհերի արտահայտիչ Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն է:

«Իսահակյանը մեր ժողովրդի մաքուր զգացմունքների թարգմանն է, նրա հավերժական խոհերի արտահայտիչը և միաժամանակ, նրա ազգային հպարտությունն ու պարծանքը»,-Դերենիկ Դեմիրճյանն այսպես է խոսել Ավետիք Իսահակյանի մասին:

Գրողը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին:

Մանկությունն ու պատանեկությունն անցել են Շիրակի մարզի Ղազարապատ գյուղում, որն էլ այսօր գրողի պատվին Իսահակյան է կոչվում:

Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ընդունվել Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Գրականության հետ մեկտեղ զբաղվել է քաղաքական գործունեությամբ, որի պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է:

«Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ»,-ասում էր գրողը:

Անդամագրվել է ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտե, մասնակցել այնտեղից մինչև Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենքի և դրամական միջոցների հայթհայթման գործին:

Ձերբակալվել է 1896 թ-ին և մեկ տարի անցկացրել Երևանի բերդում:

Հաջորդ տարի տպագրել է իր բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երգեր և վերքեր»:

Շուտով անդհամակցել է «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպություններ»-ին և նորից ձերբակալվել է , այս անգամ՝ աքսորվել Օդեսսա:

1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը:

Ազատության մեջ այս անգամ ևս երկար ժամանակ չի լինում, երկու տարի անց ձերբակալվում է «Դաշնակցության գործով» և կես տարի անցկացնում Թիֆլիսի Մետեխի բանտում:

1911-ին տարագրվել է արտասահման:

«Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա»:

Ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ, եղել է Հայաստանի գրողների միության նախագահ:

Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով: Գրել է պատմվածքներ՝ «Եղնիկը», «Ծառա Սիմոնը» «Անպարտելի ոգին» և այլն:

Գրել է նաև հեքիաթներ՝ «Ամենապիտանի բանը», «Արևի մոտ», «Նուկիմ քաղաքի խելոքները» և այլն:

«Ես հրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. Այդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել»:

Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին:

1963թ-ի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

«Ավետիք Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը»,- ասում էր Մարտիրոս Սարյանը: