Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

Ինչպես խնամել փոքրիկի ատամները

1219
Կիրակի, 11 մարտի, 2018 թ., 15:10
Ինչպես խնամել փոքրիկի ատամները

Երեխայի առաջին ատամները հայտնվում են 6-8 ամսականում, իսկ այդ գործընթացն ավարտվում է 2-2,5 տարեկանում։ Փոքրիկի դեմքին «կաթնային» ժպիտը հայտնվելուց հետո անհրաժեշտ է նրան տանել ատամնաբույժի մոտ։ Մանկական բժիշկը կարող է ճիշտ գնահատել ատամների որակը և ծնողներին խորհուրդ տալ, թե ինչպես պետք է դրանք խնամել։

Առաջին կաթնային կամ ժամանակավոր ատամները քսանն են։ Տարածված կարծիքին հակառակ՝ փչանալու դեպքում դրանք նույնպես անհրաժեշտ է բուժել, այլապես կարիեսը կարող է ազդել նաեւ դրանցից հետո եկող հիմնական ատամների վրա։

Հինգից վեց տարեկանում կաթնային ատամներն սկսում են շարժվել ու «ընկնել»։ Աստիճանաբար դրանք փոխարինվում են հիմնական ատամներով։ Այդ գործընթացը շարունակվում է մինչև երեխայի տասնչորս տարին լրանալը, մինչև ատամների թիվը հավասարվում է 32-ի։ «Իմաստության» ատամները հայտնվում են քսան տարեկանից հետո։

Հիմնական ատամների նկատմամբ անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, քանի որ դրանք երեխային ծառայելու են արդեն ողջ կյանքի ընթացքում։ Հարկավոր է ուշադրությամբ հետևել նաև նոր ատամների դուրս գալու ժամկետներին։ Հիմնական ատամները դուրս են գալիս կաթնայինի ընկնելուց մեկ-երկու շաբաթ հետո։ Եթե դրանք մեկ ամսից ավելի ուշանում են, ապա անհրաժեշտ է անպայման պատճառը պարզել։ Հնարավոր է, որ ատամի համար ուղղակի «տեղ չկա», և այն մնացել է ներսում՝ գրավելով կողքի ատամի տեղը կամ ծռմռվել է։ Ծուռ ատամները ժամանակին չուղղելու դեպքում դրանք հետագայում կարող են երեխային լուրջ տհաճություններ պատճառել և բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցնել։

Եթե ատամը շարունակում է «համառել», ապա բժիշկները, հիմնվելով ռենտգենյան ճառագայթներով կատարված նկարի վրա, կարող են օգնել, որ ատամը դուրս գա։

Երբեմն հիմնական ատամը դուրս գալուց հետո դրա վրա սև, մոխրագույն կամ թափանցիկ թաղանթ է լինում։ Դա ոչ վիտամինների պակսից է, ոչ էլ վատ ժառանգականության հետևանք։ Այդ թաղանթն ամուր շերտ է, որը բնորոշվում է ընդունած սննդի գույնով։ Տնային պայմաններում այն հնարավոր չէ հեռացնել, սակայն բժիշկները կարող են հատուկ խոզանակի միջոցով առանց որևէ ցավի և արագ վերացնել այն։

Ատամների խնամքի համար մեծ նշանակություն ունի նաև խոզանակը։ Որակյալ ատամի խոզանակները տարբերվում են ոչ միայն բարձր գնով։ Դրանք պատրաստվում են բարձրորակ նյութերից։ Խոզանակի մազիկները խնամքով կտրված են, չեն պոկվում, չեն շերտավորվում և արագ չեն ծռմռվում։ Դրանք նաև պետք է խոզանակի գլխիկի եզրին շատ մոտ լինեն։ Ուշադրություն դարձրեք, որ խոզանակի գլխիկը պոչից առանձնացված լինի գնդաձև կամ զիգզագաձև ռետինով։ Պոչի հատվածում գտնվող ռետինե շերտը թույլ չի տալիս, որ թաց մատները պլաստմասսայի վրա սահեն և վնասեն լնդերը։

Խոզանակի չափերը պետք է համապատասխանեն բերանի խոռոչի չափին։ Գլխիկը նույնպես չպետք է շատ մեծ լինի։

Խոզանակները տարբերվում են նաև մազիկների կոշտությամբ։ Դրանք լինում են կոշտ (hard), միջին կոշտության (medium) և փափուկ (soft)։ Կոշտ խոզանակներ կարող են օգտագործել միայն ամուր լնդեր ունեցող մարդիկ։ Դրանք չափազանց ուժեղ են մերսում լնդերը։ Արնահոսող լնդերի դեպքում նախընտրելի են փափուկ մազիկներով խոզանակները։ Այդպիսիք պետք է գնել նաև մինչեւ յոթ տարեկան երեխաների համար։ Միջին կոշտության մազիկներով խոզանակները հարմար են բոլորի համար։

Խոզանակի ընտրության հիմնական չափանիշն ատամները մաքրելուց հետո ունեցած հարմարավետության զգացումն է։ Եթե ատամների փառը լավ չի մաքրվում, ուրեմն խոզանակը ձեզ հարմար չէ:

Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը: