«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
60
Այսօր, 00:42
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեղջկական մտորումներ Ինձ թվում էր՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի Ադրբեջան այցի նախօրեին և հայ-ադրբեջանական «Խաղաղության կամրջի» փոխադարձ այցելությունների վերականգնման պայմաններում, պաշտոնական Բաքուն վերջ կտա Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններն ու մեր պատմությունը խեղաթյուրելու պրակտիկան: Մանավանդ, որ Նոր Սահմանադրության նախագծից Անկախության Հռչակագրի հղումը հեռացնելու ՀՀ իշխանությունների քայլը ողջունել էին Բաքվից արտգործնախարարի մակարդակով: Այսօր Ադրբեջանի պաշտոնական Ազերթաջ գործակալության կայքում հերթական կեղծիքն է հրապարակվել. «Գոշավանքը աղվանական եկեղեցի է»: Ամեն շաբաթ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին մեկ-մեկուկես էջանոց հոդված է հրապարակում կից լուսանկարով, որտեղ տասնյակ, հարյուրավոր պրիմիտիվ կեղծիքներով հայկական միջնադարյան վանքերն ու եկեղեցիները ներկայացնում է որպես աղվանական, ղփչաղ-թուրքական և այլ անհեթեթություններով: Նոյեմբերի 24-ից Ալեքբերլին ամենօրյա ռեժիմով է կեղծարարություն տարածում: Այսպես, նոյեմբերի 24-ից մինչև այսօր նա հրապարակել է երեք կեղծ հոդված: Որպեսզի պատկերացնեք, թե խոսքը ինչի մասին է, եկեք հայելային տեղափոխվենք մեր իրականություն: Պատկերացրեք, իշխանական ՔՊ պատգամավորներից մեկը, օրինակ, Հայկ Կոնջորյանը, ամեն շաբաթ «Արմենպրեսի» կայքում հոդված հրապարակեր և պնդեր, որ Ադրբեջանի տարածքի շիա մզկիթները իրանական են և դրա հետ ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն: Էլ չեմ խոսում պնդեր, որ Շուշիի մզկիթները հայերն են կառուցել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կաներ պարոն Փաշինյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը բավական էր սխալ գիրք նվիրեր ԱՄՆ փոխնախագահին, և վերջ, պատիժը պատրաստ է: Այս ընթացքում, երբ Ադրբեջանը շարունակում է զավթած պահել ՀՀ սուվերեն տարածքները, տարածքային հավանակնություններ ունի մեր երկրի նկատմամբ, Հայաստանում, նոր պատմություն և հիշողության նոր քաղաքականություն կերտելու շրջանակներում իշխանությունն ու քարոզչական թիմը անցել են Մ. Մելքոնյանի ջանին: Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոս կոչմանն արժանացած մարդուն կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ: Սա դեռ վերջը չէ, սա դեռ սկիզբն է: Թ. Հ. 27-ը նոյեմբերի, 2026թ, Երևան»։