«Խստորեն դատապարտում ենք քաղաքական բռնաճնշnւմների շարունակվող ալիքը և քաղաքական ընդդիմախոսների ապօրինի կալանավորումները»․ ՀՀԿ ԳՄ
![]() Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին կառավարող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգն այսօր հլու-հնազանդության հերթական հակառեկորդը սահմանեց։ Գործի ժամանակագրությունն ինքնին ապացույց է. մեղադրանքն առաջադրվել է 2018 թվականին, նախաքննությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարին, սակայն դատավճիռը կայացվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց ամիսներ անց, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում ընտրություններից ընդամենը 16 օր առաջ։ Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը։
Այս զազրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարության հետընթացի և ազգային ինստիտուտների, հասարակական գործիչների, ժողովրդի քվեով ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների շարքից է՝ միտված էժանագին շոուի վերածված միանձնյա արատավոր կառավարման ամրապնդմանը։ Ավելին, Հայաստանում քաղբանտարկյալների թիվը շարունակում է աճել տագնապալի տեմպերով։ Շինծու մեղադրանքների, երկարատև նախնական կալանքների և ընտրովի արդարադատության միջոցով գործող իշխանությունները համակարգված կերպով թիրախավորում են քաղաքական ընդդիմախոսներին, հոգևորականներին, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր համարձակվում են այլակարծություն հայտնել կամ հանդես գալ ի պաշտպանություն ազգային շահերի։ Այս գործերը լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 (2012) բանաձևով սահմանված՝ քաղբանտարկյալի չափանիշներին. ազատությունից զրկումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, կիրառվում է խտրական եղանակով և ակնհայտ անարդար վարույթների արդյունք է։ Իրավապահ և քրեակատարողական համակարգերի վերածումը քննադատական ձայները լռեցնելու և ընդդիմության առաջնորդներին մեկուսացնելու գործիքի՝ դարձել է այս վարչակազմի գործելաոճի այցեքարտը, ինչը վկայում է մարդու հիմնարար իրավունքների, խոսքի ազատության և օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին՝ ի խախտումն Սահմանադրության 27-րդ, 42-րդ և 63-րդ հոդվածների և Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 10-րդ հոդվածների։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը. • Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը և քաղաքական ընդդիմախոսների ապօրինի կալանավորումները։ •Արձանագրում է, որ ընտրություններից 16 օր առաջ ընդդիմության թեկնածուին դատական ակտով ընտրվելու իրավունքից զրկելն ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և հարցականի տակ է դնում Մասիսի ընտրությունների լեգիտիմությունը։ • Պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել շինծու, քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերով Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին։ • Իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, բոլոր քաղբանտարկյալներին, նրանց ընտանիքներին և քաղաքական հետապնդումների ենթարկված յուրաքանչյուր անձի։ • Կոչ է անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ հրաժարվել երկակի ստանդարտներից, օբյեկտիվ գնահատական տալ ժողովրդավարական ազատությունների համակարգային խախտումներին՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լույսի ներքո, և անհապաղ արձագանքել Մասիսի ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակին։ • Վերահաստատում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված՝ հակառակ Սահմանադրության 162-րդ և 164-րդ հոդվածներով ամրագրված՝ արդարադատության իրականացմանը միջամտելու արգելքի և դատավորի անկախության պահանջի։ • Հայտարարում է, որ շարունակելու է անզիջում պայքարը գործող վարչախմբի դեմ՝ սահմանադրական բոլոր միջոցներով, և աջակցելու է Դավիթ Համբարձումյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումները միջազգային ատյաններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնելուն»։ Աղբյուրը` «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
