Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

«Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան

45
Այսօր, 16:30
«Աննա Հակոբյանը շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է Տիգրան Ավինյանի հասցեին կսմիթների շարքը, այս անգամ նա դա արել է Վիեննայից։ Հակոբյանը տարածել է տեսանյութ, թե ինչպես է 2 միլիոն բնակիչ և ամսեկան գրեթե 1 միլիոնից ավելի զբոսաշրջիկ ունեցող քաղաքը մաքրվում ձյունից, զերծ մնում դժոխային երթևեկությունից, և այլն։ Ու նա եզրակացնում է, որ «չենք կարող կռահել անգամ, թե ինչպես են կարողանում լուծել խնդիրները»։

Աննա Հակոբյանը ի վերջո հասցնելու է իրավիճակը այն կետին, որ Տիգրան Ավինյանը «ինքնահրկիզվի» Երևանի խցանումների ֆոնին։ Սա, իհարկե, կատակ է, բացարձակ կատակ, բայց իրավիճակը կարծես թե բավականին լուրջ է քաղաքական առումով։

Ի դեպ, հատկանշական է, որ Աննա Հակոբյանի նոր տեսանյութ-կսմիթը հրապարակվում է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային էջերում հրապարակվել էր ՔՊ նիստից տեսանյութ, որտեղ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվում է Երևանի երթևեկության խնդիրը։

Տպավորություն է, որ Փաշինյան-Հակոբյան զույգը մի կողմից «յուղում, մյուս կողմից դաղում» է Տիգրան Ավինյանին, ինչպես կասեր ժողովրդական խոսքը։

Սա իհարկե վկայում է այս հարցում բավականին լուրջ ներիշխանական բաժանարար գծերի մասին։ Կրկնեմ գնահատականս, որ տվել եմ ոչ միայն այս պատմության սկզբից, այլ դեռևս խորհրդարանի ընտրությունից հետո։ Նիկոլ Փաշինյանն ընտրության արդյունք է ապահովել՝ նվազագույն անհրաժեշտ արդյունք է ապահովել այնպիսի մեծ գնով, որ դրա ծանրությունը հաղթահարելու, կամ ավելին՝ հաղթահարելու հնարավորություն պահելու համար կարող է իրենից պահանջվել քաղաքական էական «զոհաբերություն»։ Տիգրան Ավինյանը դիտվում է դրա թիվ մեկ թեկնածուն, ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներից»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան