Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

Խոշտանգումներ մուրճերով և ամրաններով. ՈՒԱՀԲ-ն բացահայտում է անվտանգության ուժերի պաշտպանության ներքո գտնվող ավազակախմբի կողմից կատարված վայրագությունները

84
Այսօր, 20:18
Խոշտանգումներ մուրճերով և ամրաններով. ՈՒԱՀԲ-ն բացահայտում է անվտանգության ուժերի պաշտպանության ներքո գտնվող ավազակախմբի կողմից կատարված վայրագությունները

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈՒԱՀԲ/НАБУ) «Կարթագեն» հակակոռուպցիոն օպերացիայի շրջանակներում հրապարակել է աուդիո- և տեսանյութերի շարք, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ձայնագրությունները լույս են սփռում Եգոր Բուրկինի (մականունը՝ «Մեքսիկացի») և Անդրեյ Օսիպովի («Կրիմինալ») հանցավոր խմբավորման գործունեության մասշտաբների վրա։ Այս խմբավորումը ոչ միայն զբաղվում էր խարդախ քոլ-կենտրոնների շահագործմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ/СБУ) և ոստիկանության հովանավորչության ներքո, այլև ֆիզիկական հաշվեհարդարներ էր նախապատրաստում լրագրողների դեմ, ինչպես նաև փորձում էր իշխանության բարձրագույն օղակների միջոցով առաջ մղել իր թմրաբիզնեսի օրինականացումը (լեգալացումը)։
Հետաքննության նյութերում առանձնահատուկ ուշադրություն է դարձված անցանկալի անձանց նկատմամբ իրականացված հաշվեհարդարներին։ Բացի տեսանյութերում ֆիքսված՝ մուրճերով և երկաթե ամրաններով դաժան ծեծի դեպքերից, որոնց հետևանքով զոհերի ոսկորներն էին ջարդում, բանդան մահափորձ էր ծրագրում լրագրողական հետաքննությունների նախագծի ղեկավար Դենիս Բիգուսի դեմ։ Պատճառ էին հանդիսացել Bihus.Info թիմի հրապարակումները U420 թմրախանութների ցանցի վերաբերյալ։ Գաղտնալսված ձայնագրություններում «Մեքսիկացի»-ն բացահայտ առաջարկում է լրագրողի վրա ծծմբային թթու լցնել՝ նրան խեղելու և գործունեությունը դադարեցնելու համար։ Բացի այդ, խմբավորման անդամները քննարկել են հայտնի բլոգեր Իգոր Լաչենկովի («Լաչեն») և ProKyiv Telegram-ալիքի խմբագրության հեղինակների ֆիզիկական ոչնչացումը։
Գաղտնալսումների նյութերը մատնանշում են նաև քրեական սինդիկատի մասշտաբային քաղաքական ամբիցիաները։ U420 ցանցի միջոցով թմրանյութերի իրացման ուղիները քննարկելիս՝ խմբավորման պարագլուխները բանակցություններ են վարել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հետ (ձայնագրություններում հիշատակվում է՝ որպես «ընկեր Կ․») կապ հաստատելու, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնության «Ժողովրդի ծառա» («Слуга народа») խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի («Արախ․») հետ հանդիպման շուրջ։

Հանցավոր կազմակերպությունը հույս ուներ բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների միջոցով անցկացնել օրենսդրական նախաձեռնություններ՝ իր կառույցների անխոչընդոտ գործունեությունն ապահովելու համար։ ՈՒԱՀԲ-ում ընդգծում են, որ քննչական գործողությունների շրջանակներում շարունակվում է պարզվել հանցագործությանը ներգրավված ուժայինների և քաղաքական հովանավորների շրջանակը։