«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
75
Այսօր, 20:48
Լրագրող Արև Աբելյանը գրել է. «Թափառող շները՝ իրական սպառնալիք․ խնդիրը շարունակում է մնալ արդիական Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում․ Վերջին շրջանում կրկին ակտիվացել են շների հարձակումների և կծելու դեպքերը՝ լուրջ մտահոգություն առաջացնելով քաղաքացիների անվտանգության վերաբերյալ։ Թափառող շների խնդիրը շարունակում է մնալ չլուծված և օրեցօր ավելի մեծ ուշադրություն պահանջող հարց՝ հատկապես այն համայնքներում, որտեղ մարդիկ ստիպված են ամեն օր բախվել նման վտանգների։ Խնդրի լրջության մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները։ Այս տարվա հունվարից մինչև հոկտեմբերի 31-ը Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել շների կծածից տուժած ուշադրություն՝ 111 քաղաքացի։ Թափառող շները կարող են իրական վտանգ ներկայացնել հանրային անվտանգության համար։ Հատկապես խոցելի են երեխաները, տարեցները և այն քաղաքացիները, ովքեր ամեն օր ստիպված են անցնել այն տարածքներով, որտեղ խմբերով շրջող շներ կան։ Շների հարձակումները կարող են հանգեցնել ոչ միայն ֆիզիկական վնասվածքների, այլև հոգեբանական ծանր ապրումների։ Իհարկե, կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը կարևոր է, և խնդրի լուծումը չպետք է ենթադրի կենդանիների նկատմամբ դաժանություն։ Սակայն, երբ վտանգված է մարդկանց առողջությունն ու անվտանգությունը, անհրաժեշտ է գտնել հավասարակշռված, պատասխանատու և երկարաժամկետ լուծումներ, որոնք կապահովեն թե՛ կենդանիների պատշաճ խնամքը, թե՛ քաղաքացիների անվտանգությունը։ Գորիսում տասը ամսվա ընթացքում արձանագրված 111 դեպքը պետք է դիտարկել որպես լուրջ ահազանգ։ Դիմացը ձմեռ է և խնդիրը չի կարելի համարել երկրորդական, հետաձգել դրա լուծումը կամ սահմանափակվել միայն առանձին դեպքերին արձագանքելով։ Անհրաժեշտ է համակարգային մոտեցում, հստակ պատասխանատվություն և գործնական քայլեր։ Հ.Գ. Վերջին օրերին ինքս էլ անմիջականորեն բախվեցի այս խնդրին։ Երկու օր առաջ Ախլաթյան գյուղի քանդված ու փոսերով լի փողոցներով դանդաղ երթևեկում էի, հանկարծ փողոց դուրս եկավ բավականին մեծ շուն և սկսեց վազել մեքենայիս հետևից։ Քանի որ ճանապարհի անմխիթար վիճակի պատճառով պարզապես հնարավոր չէր արագություն զարգացնել և արագացնել ընթացքը, շունը հասավ մեքենայիս և գլխով երեք-չորս անգամ ուժգին հարվածեց հետևից՝ լուրջ վնասներ պատճառելով։ Իհարկե, մեքենայիս վնասվելը զգալի նյութական կորուստ է, սակայն խնդիրը ամենևին էլ դրանում չէ։ Այդ պահին ակամայից մտածում ես՝ ի՞նչ կլիներ, եթե մեքենայիս փոխարեն այդ ագրեսիվ շան ճանապարհին հայտնվեր որևէ հետիոտն, երեխա կամ տարեց մարդ։ Այդ դեպքում խոսքը կարող էր լինել ոչ թե մեքենայի վնասվելու, այլ մարդու առողջությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգի մասին։ Կենդանասիրության դասեր չտաք։ Նախօրոք ասեմ, որ կենդանուն մարդուց վեր դասողների գրառումները ջնջելու եմ»։