«Ելույթը կարող է վճռորոշ մեկնակետ լինել 2028թ. նախագահի ընտրության համար»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նախօրեին՝ Աթենքում Ապրոպոլիսի ավերակների ֆոնին բավականին ուշագրավ ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը ՆԱՏՕ անդամ մի քանի երկիր շրջագայության է դուրս եկել ԱՄՆ քաղաքականությունն առաջ մղելու համար։ Ինքնին հատկանշական է այդ երկրների շարքը՝ Իսլանդիա, Հունաստան, Պորտուգալիա։ Եվ ահա, Հունաստանում նա ունեցել է մի ելույթ, որը կարող է բնորոշվել հիմնարար–ծրագրային, եթե դատենք դրանում եղած շեշտադրումներով։ Ռուբիոն տվել է արևմտյան քաղաքակրթության, այսպես ասած, հետագծային գնահատական՝ դրա հիմքում դնելով հին Հունաստանը, ինչպես նաև ժամանակակից Արևմուտքի գնահատականն ու սահմանել դիլեման․ «Մեր ժամանակների շատ գաղափարախոսությունների իդեալը, անկեղծ ասած, դարձել է բացարձակ անվտանգության աշխարհը՝ առանց ռիսկի և անհաջողությունների, առանց հաղթանակի փառքի և առանց պարտության խայտառակության: Այսօր մենք չափազանց հաճախ ենք դեպի վար կառուցում։ Մենք մեր չափանիշներն այնպես ենք սահմանում, որ ոչ ոք չպարտվի. մեզ ավելի շատ մտահոգում է վատթարագույնների հարմարավետությունը, քան լավագույնների ներուժը: Մենք մեր մեջի ամենավեհն առօրեականի, միջակության գերի ենք դարձնում» ժամանակակից Արևմուտքը բնորոշում է Ռուբիոն։ «Թիմոսը՝ ինչպես այն անվանում էին հին հույները, կրքի, ուժի, արիության, հպարտության կրակն է, մեծ քաղաքակրթության սիրտը: Իսկ եթե առանց դրա՞: Առանց դրա ժողովուրդները կորցնում են պայքարելու կամքը, ձգտելու կամքը, գոյատևելու կամքը», շարունակում է նա։ ««Ազգայնականություն» բառը հայհոյանք դարձավ։ Եվ մենք քանդեցինք մեր հուշարձանները, դատապարտեցինք մեր սեփական պատմությունը։ Շատ վայրերում մենք սովորեցնում էինք երեխաներին ամաչել այն երկրներից, որոնք նրանք պետք է ժառանգեն։ Բացեցինք մեր սահմանները, արդյունաբերությունը արտերկիր տարանք և թույլ տվեցինք, որ մեր բանակները թուլանան ու անկում ապրեն», ասում է Ռուբիոն։ «Եվ ամեն տարի մենք մեր ինքնիշխանության ավելի ու ավելի մեծ մասն էինք պատվիրակում դեպի դուրս՝ որոշումները վերապահելով գլոբալ բյուրոկրատիաներին, որոնք վաղուց դուրս են եկել մեր վերահսկողությունից» շարունակում է նա։ «Եվ ահա այսօր մենք հայտնվել ենք խաչմերուկում։ Մոտակա տասնամյակը և մեր կայացրած որոշումները կորոշեն հաջորդ դարի պատմությունը։ Մեր ընտրած ճանապարհից է կախված՝ Արևմուտքը կպահպանի՞ իր տեղը աշխարհի ղեկին, թե՞ կհաշտվի լճացմամբ, կախվածությամբ ու անկումով լի ապագայի հետ։ Կամ մենք կհամարձակվենք գործել հիմա, կամ ընդհանրապես կկորցնենք ընտրության հնարավորությունը», սահմանում է ԱՄՆ պետքարտուղարը։ Ըստ էության, սա իսկապես հիմնարար ծրագրային շեշտադրումներով ելույթ է, որը փաստորեն հնչում է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության շեմին, որը կարող է բավականին վճռորոշ մեկնակետ լինել արդեն 2028 թվականի նախագահի ընտրության համար։ Իսկ Մարկո Ռուբիոն այդ ընտրությանը հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների հիմնական շրջանակից է, թեև իհարկե ոչ առաջատարը։ Գոնե առայժմ առաջատարը փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է։ Ընդ որում, հատկանշական է մի բան, որ թե Դի Վենսը, թե Ռուբիոն կաթոլիկ են։ Նրանց միջև պայքարը թերևս ոչ միայն ԱՄՆ վարչակազմի և հանրապետական կուսակցության ներսում է՝ նախագահի 2028 թվականի թեկնածու դառնալու համար։ Նրանց միջև պայքարը նաև Եվրոպայում է՝ Վատիկանի աջակցությունը նվաճելու համար։ Եվ թերևս այս համատեքստում է նաև, որ Ռուբիոն հիմնարար հարցեր շոշափող ելույթ ունենում է Եվրոպայում, հին Հունաստանի խորհրդանիշներից մեկի ֆոնին։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Ակրոպոլիսն ըստ էության իր հեթանոսական արմատով, բայց հետագայում քրիստոնեացման մեծ պատմությամբ առնչություն ունի թե կաթոլիցիզմի պատմությանը, թե բնականաբար ուղղափառությանը՝ հաշվի առնելով բյուզանդական ժառանգությունը, Ռուբիոն թերևս փորձում է ներկայանալ նաև դերակատար, որը պատրաստակամ է ապահովել եվրոպական երկու խոշորագույն եկեղեցիների համադրության կետը»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հարվածն անպատասխան չի մնա»․ Զելենսկին՝ Կրամատորսկին հասցված հարվածի մասին (տեսանյութ)
196Երեկ, 17:49
«Մարդու իրավունքների թեմաներով գրանտ «գռսողներից» ձեն-ձուն չկա՞»․ Արամ Գևորգյան
116Երեկ, 17:30
«Եթե սա հետ գնաց, այնտեղից գալու են հազարները»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
129Երեկ, 17:18
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
116Երեկ, 17:12
«Եթե չկրակեր, դա չի նշանակում, որ կարելի էր անտեսել սահմանն ապօրինի հատելու փաստը»․ Գառնիկ Դանիելյան
113Երեկ, 16:54
Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցը
149Երեկ, 16:48
