«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
68
Այսօր, 11:42
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը իր անմիջական չորս հարևանների հետ ամենաերկար սահմանը ունի հենց Ադրբեջանի հետ: Ավելին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան սահմանների ընդհանուր երկարությունը զգալիորեն քիչ է, քան միայն հայ-ադրբեջանական սահմանինը: Քանի որ երկու պետությունների միջև սահմանազատված/սահմանագծված է ընդանենը 12.6 կմ հատված, շատ դժվար է հստակ ասել, թե ինչքան է երկու երկրների միջև ընդհանուր սահմանի երկարությունը, առավել ևս, որ տասնյակ կետերում ադրբեջանական զինուժը ներծուժել է ՀՀ տարածք և օկուպացիայի տակ է պահում ավելի քան 200 քառակուսի կմ տարածք՝ հիմնականում Գեղարքունիքում և Սյունիքում: Այդուհանդերձ, Հայաստան-Ադրբեջան ընդհանուր սահմանը պիտի որ լինի մոտ 1000 կիլոմետր, որից 220-ը անցնում է Նախիջևանի հետ լեռների և լեռնաշղթաների գագաթներով ու գոգավորություններով: Հայաստան-Ադրբեջան սահմանը աշխարհագրորեն շատ տարբեր է՝ լեռնային, բարձր լեռնային, գրեթե տափաստանային, ինչպես հայ-վրաց-ադրբեջանական եռանկյունին է, չոր բլրաշատ, անտառային.... Օրինակ, մեր գյուղի ընդհանուր սահմանը Ադրբեջանի հետ 13 կիլոմետր է, որի հիմնական մասը անտառային է: 1990-ական թվականներից հայ-ադրբեջանական սահմաններում փոխադարձաբար եղել են խախտման հարյուրավոր դեպքեր և եթե դրանք դասակարգենք, ապա կունենանք հետևյալ պատկերը. ա/ դիվերսանտներ, բ/ հետախույզներ, գ/ մոլորվելու դեպքեր, դ/ անհուսությունից հակառակորդի կողմ անցնելու հրապարակային բողոքի դեպքեր... Եղել է դեպք, երբ մարդը տեսել է, որ իր կովերը անցնում են դեպի Ադրբեջան, գնացել է անասունների հետևից և ձերբակալվել... Անշուշտ, քննարկման թեմա չէ այն, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է պետական սահմանը, և դա չեն նկատել ոչ ադրբեջանական, ոչ էլ հայակական սահմանային ուժերը: Սա նշանակում է, որ երկու կողմում էլ վերահսկողությունը պատշաճ չէ, եթե, անշուշտ, մենք գործ չունենք դիվերսիայի ու հետախուզական ներթափանցումների հետ: Բայց եթե մենք պատկերացնում ենք՝ ինչ ասել է Հայաստան-Ադրբեջան սահման, ապա մեր գնահատականներում պիտի ավելի զուսպ լինենք: Անկասկած, այս վերջին դեպքը, երբ ադրբեջանցի զինվորականը անցել է սահմանը, մտել Շաքիի բնակչի տուն, կնոջ վրա կրակել, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Շատ կարևոր է այս դեպքը ճիշտ օգտագործել՝ ինչքան էլ մեծ և քննադատական լինի հանրային պահանջը»: