Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ.

«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան

33
Այսօր, 19:42
«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Միշտ թերահավատորեն եմ վերաբերվել եվրոպացի (և ոչ միայն) աջերի օրակարգին: Մասնավորապես՝ միգրանտների դեմ պայքարի հատվածին։ Որովհետև, հաշվի առնելով ժողովրդագրական աճի ցածր տեմպերը, որոնք, ըստ ամենայնի, առնվազն տեսանելի ապագայում այլևս լուրջ փոփոխությունների ենթակա չեն, դժվար է պատկերացնել՝ ինչպես կարելի է ունենալ աճող տնտեսություն և պահպանել բարեկեցության ներկա մակարդակն առանց դրսից ներկրվող աշխատուժի։
Միգրացիան իր հետ բերում է խնդիրներ, վտանգներ և լարվածություն։ Հատկապես տնտեսական տուրբուլենտության ժամանակ։ Բայց ինձ միշտ թվում էր, որ աջերը, որոնք միաժամանակ դեմ են միգրանտներին և կողմ են խոշոր բիզնեսին, մի տեսակ շատ խառն են։ Որովհետև հատկապես խոշոր բիզնեսն է էժան և մշտապես հասանելի աշխատուժի կարիք զգում։ Բայց հիմա կարծես թե իրավիճակ է փոխվում։ Մինչ չինացիները բոքսի ռինգերում ռոբոտ են կռվացնում, աշխարհի մեր կողմերում արդեն լրիվ լուրջ խոսակցություններ կան այն մասին, որ առաջիկա տարիներին աշխատաշուկա կարող են մտնել մարդակերպ ռոբոտները։ Ինձ թվում է, եթե դա իսկապես տեղի ունենա, աջերը պատմական հնարավորություն կստանան իրականացնելու իրենց հակամիգրացիոն ծրագիրը՝ առանց տնտեսությունը աշխատուժից զրկելու։ Որոշ ժամանակ անց նույնիսկ ծնելիության անկման խնդիրը կարող է կորցնել իր այսօրվա սրությունը։ Ինչո՞ւ հատկապես մարդակերպ ռոբոտներ։ Խելոք մարդիկ ֆայմացրեցին, որ թիվ մեկ պատճառը մարդկային ամբողջ ենթակառուցվածքն է՝ գործարանից մինչև քաղաքային միջավայր,որը «կարված է միջին մարդու հագով»։ ՝ Այդ ռոբոտները տեսականորեն կարող են կատարել ֆիզիկական աշխատանքի զգալի մասը, աշխատել գործարաններում և պահեստներում, պահպանել ու վերանորոգել քաղաքային ենթակառուցվածքները, կատարել վտանգավոր, ծանր և միապաղաղ աշխատանքը։ Բացի այդ՝ իրենք չեն գնում դեկրետ, չեն հիվանդանում, չունեն ամբիցիա ու շեֆի ոտքը ուտելու ցանկություն: Իհարկե, դեռ պարզ չէ, թե դա որքան արագ կլինի։ Մասկը «հայրիկի արև» երդվում է, որ դե էսօր արդեն ուշ է, բայց վաղը-մյուս օրը՝ հաստատ: Բայց անգամ, եթե կատակը մի կողմ դնենք, հասկանլի է, որ սա վաղ թե ուշ տեղի կունենա: ԱԲ հագեցված, ժամանակ առ ժամանակ ափդեյթ արվող նոր աշխատուժ, որը նաև չի գնալու թոշակի ու չի հոգնելու: Երբ սա տեղի ունենա, փակ սահմաններն ու ոչ մեծ բնակչությունն այդ դեպքում արդեն կարող են ոչ թե խանգարել, այլ նույնիսկ ձեռնտու լինել պետություններին։ Մի խոսքով՝ «նեոլիբերալիզմ բիզմիդիր»: Կառավարությունները կունենան համեմատաբար քիչ բնակչություն, որի մասին համակարգը կկարողանա հոգ տանել, իսկ տնտեսության և ենթակառուցվածքների աշխատանքի զգալի մասը կապահովեն մեքենաները։
Եվ հենց այս կետում կարող են հատվել աջ և ձախ օրակարգերը։
Ինչպես մի անգամ հարցազրույցի ժամանակ ասաց Ֆուկույաման՝ աջերը մեծ եռանդով պայքարում են պետությունից անկախ լինելու համար, բայց երբ պետությունն ընկնում է իրենց ձեռքը, ջանք չեն խնայում նրա ամբողջ ուժն ու գործիքները սեփական օրակարգը պարտադրելու և իշխանությունը պահպանելու համար։ Այսինքն՝ տեխնոլոգիական զարգացման այս փուլում ձախական «հոգատար պետությունը» կարող է շատ էլ սազել աջական՝ «պետությունը միայն մերոնց համար է» սկզբունքին։ Իհարկե, որպեսզի սա աշխատի, պետք է նաև մտածել, թե ոնց ենք հարկելու ռոբոտներին ու ԱԲ-ն, բայց դա ՊԵԿ-երի խնդիրն է:
Չնայած կարող է առանց այդ էլ աճող խոշոր բիզնեսը պարզապես կուլ տալ պետությունը, և վերադառնանք էլի իմ սիրած քաղաքական ֆուտուրիստիակայի մոդելին՝ նեոմիջնադարին: Բնականաբար պետության և լորդերի հույսին մնացած մարդիկ արդեն որպես քաղաքացի քիչ ռեսուրս կունենան, հատկապես քաղաքականության վրա ազդելու: Սա արդեն իսկ տարբեր տեղերում տեսնում ենք: Քաղաքացիներից կվերածվեն հպատակների: Բայց, ինչպես ասում են, առաջին անգամը չի, լավ: Կսովորեն:
Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից գրեթե հաստատ կտուժի ժողովրդավարությունը։ Բայց մարդիկ կարող են դրանից առանձնապես չնեղվել։ Կստացվի նոր սոցիալական պայմանագիր․ դուք չեք որոշում, թե ինչպես է կառավարվում պետությունը, բայց պետությունն ապահովում է ձեր բարեկեցությունը։ Ինչ-որ բան հիշացնում է, չէ՞: Դուք քաղաքական սուբյեկտից աստիճանաբար վերածվում եք պետության խնամքի ներքո գտնվող կախյալի։
Սա կարող է նմանվել նավթային պետությունների մոդելին։ Իզուր չի, որ բոլորս ուզում ենք գնալ ԴուբԱ: Երբ պետության եկամուտը կախված չէ քաղաքացիների վճարած հարկերից, իշխանությունն էլ ավելի քիչ է կախված նրանց համաձայնությունից։ Պարզապես ապագայում նավթի տեղը կարող է զբաղեցնել ռոբոտացված արտադրությունը։ Պետությունն ու խոշոր բիզնեսը եկամուտ կստեղծեն առանց քաղաքացիների անմիջական աշխատանքի, իսկ հետո դրա մի մասը կբաժանեն նրանց՝ կայունության և քաղաքական լոյալության դիմաց։
Մարդը կորցնում է ոչ միայն քաղաքական ազդեցությունը, այլև իշխանության հետ սակարկելու իր հիմնական միջոցները։ Գործադուլ անելն այլևս անիմաստ է, որովհետև ռոբոտները շարունակում են աշխատել։ Արտագաղթով սպառնալը նույնպես առանձնապես ազդեցիկ չէ, որովհետև ամբողջ միջազգային համակարգին քո աշխատուժը էլ պետք չի։
Մի խոսքով, ինչպես մի անգամ խոսքի մեջ ասաց հարգելի Գևորգ Տեր-Գաբրիելյանը, իրական կյանքում ուտոպիան և դիստոպիան միաձուլված են լինում: Դժվար կլինի, բայց նաև հետաքրքիր…առնվազն նրանց համար, ում գլխին քանդվող համակարգի քարերը չեն ընկնի:
Նկարում՝ Տեսլայի Ռոբոտը, գողացել է ուսանողներ Պետիկի ու Գայուշիկի գործը»:

Աղբյուրը`   Լիաննա Խաչատրյան