«Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն»»․ Սուրեն Սուրենյանց
50
Այսօր, 18:12
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ՔՊ պատգամավոր․ «Միակ «ճշմարտության» վտանգավոր ճանապարհը. Փաշինյանը սպանում է քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արդեն «իշխող գաղափարախոսություն» է, և պետական համակարգը պետք է գործի դրա շրջանակում։ Նա այդ տրամաբանությունը տարածում է նաև կրթության ոլորտի վրա՝ պնդելով, որ դպրոցներում չպետք է հնչեն այդ գաղափարախոսությանը հակասող մտքեր, իսկ կառավարությունը պետք է գործի դրանց դեմ, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը։ Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ։ Այն կարելի է ընդունել կամ մերժել։ Ժողովրդավարությունը հենց տարբեր գաղափարների, արժեքների մրցակցությունն է։ Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն» և պետական համակարգից պահանջում է գործել դրա շրջանակում։ Առավել մտահոգիչ է, երբ կրթական ծրագրերն ու դպրոցն են ենթարկվեցվում «միակ ճշմարտությանը»: Պետությունը չպետք է քաղաքական գաղափարները բաժանի «ճիշտ» և «վտանգավոր» խմբերի՝ գործող իշխանության քմահաճույքին համապատասխան: Ընտրություններում հաղթած ուժը ստանում է պետությունը կառավարելու ժամանակավոր մանդատ, որը, բնականաբար, թույլ չի տալիս «գաղափարական մենաշնորհ» հաստատել: Այսօր ասում են, որ կրթական համակարգում չպետք է հնչի «Իրական Հայաստանին» հակասող որևէ միտք, վաղը նույն պահանջը կարող է վերաբերել հանրային, քաղաքական այլ ինստիտուտների: Ի վերջո, բանը հասնելու է ընտրական և ժողովրդավարական ինստիտուտների ամբողջական ապամոնտաժմանը: Օրինակ, ՔՊ-ական խիստ «ժողովրդավար» ու «առաջադեմ» մի պաշտոնյա կարող է «արդարացիորեն» բողոքել, թե ինչո՞ւ ընտրություններին մասնակցի մի ուժ, որի ծրագիրը հակասում է «իշխող գաղափարախոսությանը» և կարող է ներկայացվել որպես «սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը»։ Եթե իշխանության գաղափարախոսությանը հակասող միտքը պետական մակարդակով ընկալվում է որպես սպառնալիք, վտանգվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլև քաղաքական մրցակցությունը։ «Պետության պաշտպանության» թեզով ի վերջո կարելի է կործանել քաղաքականությունն՝ առհասարակ: Քաղաքականությունը գոյություն ունի մրցակցող գաղափարների շնորհիվ։ Քաղաքականությունը սպանելու ամենակարճ ճանապարհը այլակարծությունը վտանգ հայտարարելն է։ Հայաստանը մոտ է այն վտանգավոր եզրագծին, երբ քաղաքական գործունեությունը կամ այլակարծությունը քրեականացվում են»: