Երևան`   +31 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ.

«Իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը»․ Արմեն Հովասափյան

71
Այսօր, 17:12
«Իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գուցե այս տարվա սեպտեմբերի 21-ի գլխավոր քաղաքական իմաստը պետք է փնտրել ոչ թե նրանում, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում տոնել, այլ նրանում, թե ինչ է նա պատրաստվում այդ օրը ազդարարել։
Հանրապետության հրապարակում մեծ շուքով նշվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Առաջին հայացքից՝ հերթական պետական տոն։ Բայց եթե վերջին մեկ տարվա քաղաքական ընթացքը դիտարկենք մեկ ամբողջության մեջ, սեպտեմբերի 21-ը կարող է ունենալ բոլորովին այլ նշանակություն։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրերին, Փաշինյանը քաղաքական օրակարգ նետեց «Իրական Հայաստանի» իր թեզը։ Դա պարզապես նոր ձևակերպում չէր․ դրանով նա փորձեց Հայաստանի պատմական ու ազգային պատկերացումը հակադրել իր սահմանած «իրական» Հայաստանին՝ Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերը ներկայացնելով որպես անցյալի բեռ, որից պետք է ազատվել։
Մեկ տարի անց այդ գաղափարական թեզը կարծես ստացել է իր պետական շարունակությունը՝ «Չորրորդ Հանրապետություն»։
Այսինքն՝ նախ պետք էր փոխել Հայաստանի մասին պատկերացումը, հիմա՝ այդ պատկերացման վրա կառուցվող հանրապետությունը։
Երրորդ Հանրապետությունը չի սկսվել միայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։ Այդ օրը դրա ամենակարևոր հանգրվաններից մեկն էր։ Հանրապետությունը ձևավորվեց մի ամբողջ քաղաքական գործընթացի արդյունքում՝ Անկախության հռչակագրից մինչև անկախության հանրաքվե, պետականության վերականգնում և սեփական պետական համակարգի կառուցում։ Եվ այդ գործընթացի հիմքում մեկ առանցքային գաղափար կար՝ Հայաստանը վերականգնում է իր ինքնիշխան պետականությունը և իր ապագան որոշում է ինքնուրույն։
Հիմա իշխանությունը փորձում է այդ պատմական հիմքի հետ սահմանազատվել։ Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրության հիմքից դուրս բերելը, Սահմանադրությունն ամբողջությամբ վերաձևակերպելը և «Չորրորդ Հանրապետություն» հասկացությունը պետական նոր մեկնակետ դարձնելը պարզապես իրավական փոփոխությունների շարք չէ։ Սա Հայաստանի Հանրապետության պատմական ինքնության վերաձևակերպման փորձ է։
Եվ հենց այստեղ սեպտեմբերի 21-ը ստանում է իր իրական քաղաքական նշանակությունը։
Եթե Երրորդ Հանրապետության քաղաքական տրամաբանությունն ավարտված է, եթե նրա հիմնադիր փաստաթղթերից մեկը այլևս չպետք է լինի նոր Սահմանադրության գաղափարական հիմք, եթե արդեն հայտարարվում է «Չորրորդ Հանրապետություն», ապա ինչո՞ւ է նույն իշխանությունը այդքան մեծ շուքով տոնում Երրորդ Հանրապետության ծնունդը։
Իհարկե, սեպտեմբերի 21-ը ոչ մի իշխանություն չի կարող իրենով վերացնել։ Դա պետական տոնից շատ ավելին է։ Դա հասարակության պատմական հիշողությունն է։ Այդ օրը կապված է անկախության հանրաքվեի, պետականության վերականգնման և մի ամբողջ սերնդի համար Հայաստանի անկախ պետության ծննդյան հետ։
Հենց դրա համար էլ Փաշինյանին պետք չէ վերացնել սեպտեմբերի 21-ը։ Ավելի արդյունավետ է այն պահպանել, բայց փոխել դրա քաղաքական նշանակությունը։
Պահպանել տոնը, պահպանել խորհրդանիշները, պահպանել Հանրապետության հրապարակը, պահպանել անկախության մասին խոսքը, բայց այդ ամենը լցնել արդեն նոր քաղաքական բովանդակությամբ։
Եվ այդ դեպքում սեպտեմբերի 21-ը կարող է դառնալ ոչ միայն Երրորդ Հանրապետության 35-ամյակի նշման օր, այլև Չորրորդ Հանրապետության մեկնարկի խորհրդանշական օրը։ Նույն հրապարակը, դրոշը, անկախության օրը, բայց արդեն լրիվ այլ քաղաքական պատմությամբ։
Սա է «Չորրորդ Հանրապետության» ֆեյք գաղափարի ամենակարևոր հանգույցը։ Այն պարտադիր չէ ներկայացնել որպես նոր պետության ստեղծում։ Այն կարող է ներկայացվել որպես «նույն ՀՀ նոր քաղաքական ինքնություն՝ նոր Սահմանադրությամբ, նոր պետական փիլիսոփայությամբ» և Հայաստանի անցյալի նկատմամբ նոր վերաբերմունքով։
Ի դեպ՝ չեմ բացառվում նաև, որ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին հրապարակավ հայտարարի Չորրորդ Հանրապետության մեկնարկի մասին։ Ըստ էության՝ Երրորդ Հանրապետության 35-ամյակի պետական տոնակատարությունը կվերածվի այն հարթակի, որտեղ գործող իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը։
Հենց այդտեղ է սեպտեմբերի 21-ի գլխավոր քաղաքական վտանգը․ Երրորդ Հանրապետության ծննդյան օրը կարող է վերածվել այն օրվա, երբ Նիկոլը կփորձի հայտարարել, որ այդ Հանրապետությունն այլևս մի ավարտված պատմությունն է, իսկ Հայաստանի նոր պատմությունը սկսվում է իրենից»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան