Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
![]() Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը եւ 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։ Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը բարձրաստիճան հոգևորականների քրեական գործը Երևան էր ուղարկել՝ պատճառաբանելով, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ներկայացված մեղադրանքի նկարագրության մեջ չի նշվել ենթադրյալ արարքի կատարման վայրը։ Այսինքն՝ դատարանը համարել էր, որ հնարավոր չէ որոշել, թե որ դատարանն է տարածքային առումով իրավասու քննել գործը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ գործը փոխանցել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը որոշելու նպատակով: 2026թ. սեպտեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց, ըստ որի՝ չընդունեց գործը Երևան ուղարկելու՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հիմնավորումները։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի նյութերից հնարավոր էր պարզել ենթադրյալ արարքների կատարման վայրը։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ գործը Երևան ուղարկելով՝ Արմավիրի դատարանը ցուցաբերել է սուբյեկտիվ մոտեցում և ստեղծել անհարկի դատական շրջապտույտ։ Այդ գործով երրորդ դատավորն էր փաստացի հրաժարվել քննություն իրականացնելուց: Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել էր դեռևս 2026թ. հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին: Նա 2026թ. օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, ինքնաբացարկ էր հայտնել։ Դատավորն ինքնաբացարկի պատճառ էր նշել իր և գործով պաշտպան Արա Զոհրաբյանի նախկին մասնագիտական կապը։ Դատավորը նշել էր, որ 2021թ. սովորել է Փաստաբանական ակադեմիայում և նույն ժամանակահատվածում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու որակավորման քննություն է հանձնել։ Այդ ժամանակ Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահն ու որակավորման հանձնաժողովի նախագահը և անձամբ մասնակցել է դատավորի բանավոր քննությանը։ Այս հանգամանքն, ըստ դատավորի, կարող է անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։ Ըստ մեղադրանքի՝ 2026թ. հունվարի 15-ին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հաջորդ օրը դատարանը բավարարել է միջնորդությունը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց արգելելով խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։ Մեղադրանքի համաձայն՝ հունվարի 19-ին դատարանի որոշումն ու կատարողական թերթը հանձնվել են Մայր Աթոռին։ Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նախագահը Գարեգին Բ-ն է, Սարոյանի հայտարարությունները գնահատել է որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում և առաջարկել նրան կարգալույծ հայտարարել: Գարեգին Բ-ն ընդունել է առաջարկը՝ Սարոյանին զրկելով հոգևոր աստիճանից և, հետևաբար, թեմի առաջնորդի լիազորություններից։ Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողություններով գիտակցված խոչընդոտվել է դատարանի որոշման կատարումը։ Գարեգին Բ-ից բացի, նույն արարքի համար մեղադրվում են նաև Նաթան Օհանիսյանը, ով արքեպիսկոպոս է և Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը՝ արքեպիսկոպոս և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Վահան Հովհաննէսյանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրենը, Էդգար Հակոբյանը՝ եպիսկոպոս և Սյունյաց թեմի առաջնորդ, Նելսոն Բաբայանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրենը, ինչպես նաև Արթուր Հակոբյանը՝ եպիսկոպոս և Գուգարաց թեմի առաջնորդ։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
1308:36
«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
14803:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
12202:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
266Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
182Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
159Երեկ, 21:48
