Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.

«Հայաստանում կալանքը շարունակում է մնալ քաղաքական հետապնդման գործիք»․ Անդրանիկ Թևանյան

51
Այսօր, 23:06
«Հայաստանում կալանքը շարունակում է մնալ քաղաքական հետապնդման գործիք»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ուղերձը՝ կալանավայրից.

«Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք։ Կալանքը նաև քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել։ Այդպես է բոլոր ավտորիտար և տոտալիտար երկրներում․ Հայաստանը բացառություն չէ։
Քաղաքացի Նիկոլ Փ․-ն վախենում է իմ դեմ կարված գործի և այդ գործի շրջանակներում Արեգնազ Մանուկյանին քաղաքական հետապնդման ենթարկելու փաստի հրապարակային քննարկումից։
Փակ դատավարություն անցկացնելու որոշումը նրա հիբրիդային վախերի մասին է խոսում։ Եթե Նիկոլ Փ․-ն հիմնավոր փաստեր ունենար և ապացուցված մեղադրանք, ապա չկասկածե՛ք, որ կողմ կլիներ բաց դատավարությանը, որպեսզի հրապարակային թամաշա սարքելու հնարավորություն ստանար։ Բայց քանի որ դրանք չկան, գնում է ծածկադմբոց անելու ճանապարհով․ անունը դրել են «պետական գաղտնիք» և անցել փակ ռեժիմի։
Իրականությունն այն է, որ գեբելսյան ոճի ստերը պայթել են, բայց հոդվածները պահպանվել են։ Հիբրիդային այս գործը մինչև ընտրությունների օրն առավելապես ներքաղաքական նպատակ էր հետապնդում․ նախապատրաստվում էին մանդատագողության և իշխանազավթման։ Հունիսի 7-ից հետո այս գործն արդեն ունի արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական շեշտադրում։
Սրանով Նիկոլ Փ․-ն պաշտոնապես թշնամի է հայտարարում Ռուսաստանին, որի հետ ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները դրսի թելադրանքով վերածվում են թշնամականի, իսկ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ՝ ուկրաինական և մոլդովական տարբերակների խառնուրդային մոդելով։ Այս ամենն, ի վերջո, Հայաստանն արժանացնելու է Արցախի ճակատագրին: Բայց դա Նիկոլ Փ․-ին և, առավել ևս, դրսի ուժերին չի հետաքրքրում։ Նիկոլ Փ․-ի առջև պահանջներ են դրվել․ դրանք են՝
· Հայաստանում ադրբեջանական Սահմանադրության ընդունումը,
· «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հանձնումը թուրքական աշխարհին,
· ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանի անդամակցության դադարեցումը,
· Հայաստանի անվտանգային ճարտարապետության փլուզումը,
· Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը,
· Երկաթգիծը թուրքական աշխարհին հանձնելը,
· Սահմանազատման և սահմանագծման անվան տակ ադրբեջանական սցենարով Հայաստանի կողմից տարածքային զիջումների իրականացումը,
· Հայաստանի դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի ապահովումը,
· Ատոմակայանի փակումը,
· Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդումը։
Այս և այլ պահանջների բավարարման հիմնական շահառուն Թուրքիան ու Ադրբեջանն են, ինչպես որ Նիկոլ Փ․-ի ձեռքերով Արցախի դավաճանական հանձնման դեպքում եղավ։
Բոլոր այն ուժերն ու գործիչները, ովքեր դեմ են նշված կետերի իրականացմանը և ունեն դիմադրություն կազմակերպելու պոտենցիալ, ապօրինաբար հետապնդվում են և կալանավորվում։ Այս շարքում վերջինը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կալանավորումն էր։
Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ։
Նիկոլ Փ․-ն բաց տեքստով հայտարարում է, որ գործի պատճառն իմ ընդդիմադիր գործունեությունն է, հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթին կողմ լինելը, Արևմուտքի հետ նորմալ, գործընկերային հարաբերություններին կողմ լինելը՝ Ռուսաստանի հետ թշնամաբար չտրամադրվելը և այդ տրամադրությամբ Արևմուտքի հետ հարաբերությունները չկապելը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը դեմ լինելը, Հայաստանը հակաիրանական կոալիցիայի մաս դարձնելուն ընդդիմանալը։
Մեր դատավորի բախտն այս առումով չի բերել․ ինքը մի կողմից ճնշվում է Նիկոլ Փ․-ի կողմից և պետք է հակաիրավական որոշումներ կայացնի, բայց մյուս կողմից հասկանում է, որ Հայաստանի անվտանգությանն ու գոյությանը վերաբերող հարցերի հետ գործ ունի և կարող է մասնակից դառնալ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նախագծի կյանքի կոչմանը։
Ամեն դեպքում, բոլորը պետք է իմանան, որ վաղ թե ուշ անհատական պատասխանատվության են ենթարկվելու իրենց արածների ու չարածների համար։
Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ արված քայլերն արդարացում չունեն, վաղեմության ժամկետ՝ նույնպես։
Այնպես որ, լա՛վ մնացեք։
Անդրանիկ Թևանյան,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
09.09.2026.»։