«1921թ-ի օգոստոսի վերջին Զանգեզուրի հայկական հատվածը պաշտոնապես հաստատվեց Խորհրդային Հայաստանի մաս». Թաթուլ Հակոբյան
50
Այսօր, 01:00
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ էջիս երևաց կարճ տեսանյութ, որտեղ արևելյան հարևանի առաջնորդը բազմաթիվ լրագրողների ներկայությամբ ասում էր, որ Զանգեզուրը 1920 թվականին տրվել է Հայաստանին: Ենթադրում եմ, որ այդ տեսանյութը մի քանի տարի առաջվա պատմություն ունի: Քանի որ հայկական կողմից դրան համարժեք պատասխան չի տրվում, նկատի ունեմ՝ գիտական, ակադեմիական պատասխան, փորձեմ դա անել ինքս: Պատմությունը հետևյալն է: 1919 թվականին Անդրկովկաս մտած բրիտանացիները ստեղծեցին Ղարաբաղ-Զանգեզուրի նահանգապետությունը, նշանակեցին Սուլթանով նահանգապետին, սակայն և՛ արցախցիները, և՛ սյունեցիները մերժեցին: Վերջնարդյունքում, բրիտանացիները պարտադրեցին, որ Արցախը ենթարկվի Ադրբեջանին, ինչը և տեղի ունեցավ, բայց Աղավնո և Հակարի գետերից այս կողմ ադրբեջանական իշխանություն չի հաստատվել երբեք, իսկ երբ Զորավար Անդրանիկը հաստատվեց Գորիսում, բրիտանացիները հրաժարվեցին իրենց մտքից: 1919թ․ մարտին ՀՀ կառավարությունը Զանգեզուրում նահանգապետ նշանակեց, որով և հաստատվեց, որ Զանգեզուրը ՀՀ է: 1920-1921 թթ․, իրականում, Զանգեզուրը կիսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև: Զանգեզուրի այն մասը՝ Աղավնոյից ու Հակարիից այս կողմ, որտեղ հայերը մեծամասնություն էին, անցավ Հայաստանին, իսկ այն կողմը, որտեղ մուսուլմաններ էին մեծամասնությունը, դարձավ Ադրբեջանի մաս: 1920 թվականի ամռանը ռուսական զորքերը գրավել են Զանգեզուրի մեծ մասը, երբ արդեն Ադրբեջանը խորհրդայնացվել էր: 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված Հայաստան-Ռուսաստան առաջին դիվանագիտական փաստաթղթով ամրագրվեց, որ ռուսական զորքերը գրավման տակ են առնում Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բայց այդ գրավումը ժամանակավոր է: 1919-ին մենք արդեն կորցրել էինք Նախիջևանը, որը ՀՀ մաս էր: 1920-ի մայիսին Արցախն արդեն ենթարկվում էր Խորհրդային Ադրբեջանին, իսկ Զանգեզուրի համար պայքար էր գնում հայկական ուժերի՝ սյունեցիների և ռուս-ադրբեջանական զորքերի միջև: 1921 թվականի օգոստոսի վերջին նաև Մյասնիկյանի ջանքերով, Զանգեզուրի հայկական հատվածը, որ երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և երբեք չի ենթարկվել Բաքվին, պաշտոնապես հաստատվեց Խորհրդային Հայաստանի մաս: Սա է հակիրճ պատմությունը»: