Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2026 թ.

«Ազնիվ չէ սեփական ձախողումները արդարացնել ՀՀ սահմանների սահմանազատման բացակայությամբ». Արա Պողոսյան

70
Այսօր, 02:00
«Ազնիվ չէ սեփական ձախողումները արդարացնել ՀՀ սահմանների սահմանազատման բացակայությամբ». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը «Ղրղզստան կատարած այցի արդյունքներն ամփոփելիս՝ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վ. Պուտինը անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի սահմանային անվտանգության ապահովմանն աջակցելու հարցում ՀՀ իշխանությունների մեղադրանքներին՝ ավելի քան զավեշտալի պատասխան է հնչեցրել.
- «Նա (Փաշինյանը՝ ըստ «Ինտերֆաքս Ռոսսիայի» ծանոթագրության) գտնում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է այնտեղ պաշտպանի սահմանի որոշակի հատվածներ։ Իսկ ՀԱՊԿ-ի բոլոր անդամները ասում են. «Ո՛չ, դա բոլորովին այլ հարց է՝ սահմանի որոշակի հատվածների պաշտպանությունը»։ Սահմանի սահմանազատում, այնուամենայնիվ, չկա։ Սահմանի վերաբերյալ որևէ պայմանագիր չկա, այն չի եղել և այժմ էլ չկա»։
Աշխարհաքաղաքական հարաբերությունների առանձնահատկությունը իրավաբանական հարաբերություններից այն է, որ մի դեպքում՝ ցանկությունն է ստեղծում իրավական հիմք, իսկ մյուս դեպքում՝ իրավական հիմքը ցանկություն։
ՀԱՊԿ-ն, ինչպես և ՆԱՏՕ-ն ուժի միջոցով անվտանգություն ապահովելու համար են, հակառակ դեպքում կոլեկտիվ անվտանգության գաղափարը իմաստազուրկ կլիներ և բավարար կլիներ ԵԱՀԿ-ի նման կառույցի ստեղծումը։
ՀԱՊԿ-ի ո'չ ադեկվատ արձագանքի պատճառն իրականում իրավական չէր, և ծիծաղելի կլիներ, եթե այն իսկապես իրավական խնդիր լիներ։
ՀԱՊԿ-ի ո'չ ադեկվատ արձագանքի պատճառը քաղաքական էր։
Կասկածից վեր է, որ Ղազախստանը, Ղրղզստանը կամ Բելոռուսը ՀԱՊԿ գծով իրենց պարտավորությունները կատարելու համար չէին հակադրվելու Ադրբեջանի հետ իրենց ունեցած իրական շահերից՝ ազգային, մշակութային, լեզվական, քաղաքական, ռազմա-տեխնիկական, էներգետիկ, առեւտրային և այլն։
ԵՒ ակնհայտ է, որ այս կետում հակադրվել են Հայաստանի հետ ՀԱՊԿ մի շարք անդամների շահերը։
Բայց այստեղ առավել կարևոր էր Ռուսաստանի դիրքորոշումը։ Իսկ Ռուսաստանը ուներ այստեղ իրացվելիք ռազմավարություն՝ հնարավորինս չեզոքություն պահպանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև, ստանալ կարգավորման գործընթացի մոդերատորի դերը։ Այդ դերը Ռուսաստանին հնարավորություն կտար ազդեցություն պահպանել միաժամանակ և‘ Ադրբեջանի, և’ Հայաստանի վրա։ Բայց այստեղ, ինչպես Ռուսաստանի մեր բազմաթիվ գործընկերներ են ասում. «Երկու աթոռի վրա նստել հնարավոր չէր»: Այս գործընթացում Ռուսաստանի առաջ կար երեք հավանական սցենար.
1. Ռուսաստանը կատարում էր Հայաստանի նկատմամբ ստանձնած դաշնակցային պարտավորությունները (անկախ ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումից), Հայաստանը չէր պարտվում (անկախ նրանից, թե ինչ էին ուզում ՀՀ իշխանությունները), և Ռուսաստանը պահպանում էր իր ավանդական ազդեցությունն Հայաստանում, իսկ Հայաստանի միջոցով նաեւ Հվ. Կովկասում։
2. Ռուսաստանը բացահայտ դառնում էր Ադրբեջանի հովանավորը և իր զորքերով կռվում էր Ադրբեջանի կողմում Հայաստանի դեմ, ու այդ դեպքում հնարավոր է կկարողանար ազդեցություն ունենալ Ադրբեջանում, իսկ Ադրբեջանի միջոցով ամբողջ Հվ. Կովկասում։ Բայց սա ամենաանհավանական սցենարն էր, որովհետև Ադրբեջանը ռուսական զորքերի կամ օժանդակության կարիք չուներ, քանզի իր կողմում ստանում էր Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի անվերապահ աջակցությունը։
3. Ռուսաստանն անում էր այն, ինչ արեց՝ չեզոքության ձգտում, միաժամանակ երկու երկրների վրա ազդեցություն ստեղծելու նպատակով, ինչը ձախողված սցենար է, որովհետև ինչ-որ պահի երկու կողմերն էլ առանց Ռուսաստանի պիտի պայմանավորվեին ու դուրս թողնեին վերջինիս։ Սա պրագմատիկ մոտեցում է, ու հատկապես այն կողմի համար, որն այսպես թե այնպես ամեն ինչ կորցրել էր։
Ռուսաստանը ցավոք սրտի ընտրեց «միաժամանակ ամեն ինչ» սցենարը և պարտվեց։ ԵՒ հիմա ազնիվ չէ, ու նաև արդար չէ, սեփական ձախողումները արդարացնել ՀՀ սահմանների սահմանազատման բացակայությամբ։
Ի վերջո, գոնե մենք լավ գիտենք, որ բազմաթիվ ռուսական ստորաբաժանումներ անգամ հայկական համազգեստով ներգրավված են եղել ՀՀ սահմանի տարբեր կետերում ՀՀ սահմանների պաշտպանության գործում։
Բայց մյուս փաստն այն է, որ դա արվել է քողարկված, որպեսզի Ադրբեջանը Ռուսաստանի հետ խնդիր չունենա և ՌԴ-ն շարունակի իր չեզոք միջնորդի խաղը։
Այդ դիրքավորումն ինչպես արդեն նշեցի, հենց սկզբից դատապարտված էր, իսկ դրա մեղավորները թերևս հենց Մոսկվայում են նստած։
Գերտերությունների սխալները միշտ ունենում են աշխարհաքաղաքական հետևանքներ, իսկ Ռուսաստանի պատմությունը (ցավոք նաև Հայաստանի) աշխարհաքաղաքական սխալների պատմություն է, որոնք միշտ արժեցել են կա‘մ կայսրության փլուզում, կա‘մ հեղաշրջում, կա‘մ ազդեցության նվազում»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան