Երևան`   +31 °C
Այսօր`   Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ.

«Երևանը մարդուն ամեն քայլափոխի ստիպում է պայքարել մայթի իր բաժնի համար»․ Քրիստինա Վարդանյան

79
Այսօր, 17:48
«Երևանը մարդուն ամեն քայլափոխի ստիպում է պայքարել մայթի իր բաժնի համար»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «ԵՐԵՎԱՆԸ ՔԱՅԼԵԼՈ՞Ւ ՔԱՂԱՔ Է։
Մենք՝ բժիշկներս, մարդկանց խորհուրդ ենք տալիս քայլել։ Ամեն օր։ Ավելի շատ շարժվել, քիչ օգտվել մեքենայից, ֆիզիկապես ակտիվ լինել։
Բայց մի հարց ունեմ՝ քաղաքային իշխանությանը նույն հարցը տալի՞ս ենք։
Փորձեք Երևանում ոչ թե մեքենայով մի կետից մյուսը հասնել, այլ պարզապես քայլել։
Մի տեղ մայթն է ընդհատվում և ավազ, փոշի, մյուսում՝ մեքենան է ամբողջությամբ զբաղեցրել այն, երրորդում պետք է իջնես երթևեկելի մաս, մի ուրիշ տեղ՝ աստիճաններ, փոսեր, անհարմար անցումներ, շինարարություն, ծառազուրկ կիզիչ արև… Ու ամբողջ ճանապարհին հետիոտնը կարծես պետք է ապացուցի, որ ինքն էլ այս քաղաքում տեղ ունի։
Հետո մարդկանց ասում ենք՝ քիչ եք քայլում։ Ֆիզիկական ակտիվությունը միայն մարդու ընտրությունը չէ։ Այն նաև քաղաքի ստեղծած հնարավորությունն է։
Քայլելը բժշկության տեսանկյունից ամենապարզ և հասանելի ֆիզիկական ակտիվություններից մեկն է, որը լրացուցիչ մարզասարք, անդամավճար կամ հատուկ պայմաններ չի պահանջում։ Պարզապես պետք է քաղաքը մարդուն թույլ տա քայլել։
Ու այստեղ արդեն սկսվում է միջավայրի բժշկությունը՝ հիգիենան։
Լավ մայթը միայն սալիկ չէ։ Անվտանգ անցումը միայն գծանշում չէ։ Ծառը գեղեցկության մասին չէ։ Նստարանը միայն բարեկարգման տարր չէ։ Դրանք միջավայր են, որը մարդուն կամ հրավիրում է շարժվելու, կամ ստիպում է նստել մեքենա։
Հատկապես մտածեք տարեց մարդու մասին։ Հենաշարժողական խնդիր ունեցողի։ Մանկասայլակով ծնողի։ Երեխայի։ Մարդու, որը վիրահատությունից հետո վերականգնվում է։
Այն, ինչը երիտասարդ ու առողջ մարդը պարզապես «անհարմարություն» է համարում, ուրիշի համար կարող է անանցանելի արգելք լինել։
Եվ այստեղ քաղաքաշինությունն ուղղակիորեն կապվում է հանրային առողջության հետ։
Մենք շատ ենք խոսում հիվանդությունների կանխարգելումից։ Բայց այն բժիշկների սենյակում չի ավարտվում, այլ ներառում է նաև մայթը, որով մարդն ամեն առավոտ դուրս է գալիս տնից և …
Երևանը մարդուն ամեն քայլափոխի ստիպում է շրջանցել, բարձրանալ, իջնել, մեքենաների արանքով անցնել ու պայքարել մայթի իր բաժնի համար, հետո նրան ասում ենք՝ քիչ եք քայլում։
Միջավայրից է պետք սկսել․․․»։

Երևան քաղաքի մայերը
Երևան քաղաքի մայերը
Երևան քաղաքի մայերը․ 2
Երևան քաղաքի մայերը․ 2
Երևան քաղաքի մայերը․ 3
Երևան քաղաքի մայերը․ 3
Երևան քաղաքի մայերը․ 4
Երևան քաղաքի մայերը․ 4