Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ.

«Մեր ամենամեծ սխալը 1994թ․-ին զինադադարի կնքումն էր՝ Ադրբեջանին կապիտուլյացիայի հարկադրելու փոխարեն». Արա Պապյան

78
Այսօր, 18:48
«Մեր ամենամեծ սխալը 1994թ․-ին զինադադարի կնքումն էր՝ Ադրբեջանին կապիտուլյացիայի հարկադրելու փոխարեն». Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորից պատերազմի և խաղաղությամ մասին
Հիմա մի միտք են նետել հասարակական քննարկման դաշտ՝ իբր եթե Տեր-Պետրոսյանի ժամանակ ԼՂԻՄ-ի շրջակա տարածքները տայինք, ապա խուսափած կլինեինք պատերազմից և ներկա վիճակից։
Սկզբունքորեն սխալ և անհիմն մոտեցում է։
Նախ՝ Ադրբեջանը դրան ԵՐԲԵՔ համաձայն չի եղել։ Ադրբեջանցիների համար հողը սրբություն է, հետևաբար՝ անսակարկելի։ Ադրբեջանը միշտ առաջնորդվել է «կա՛մ ամբողջը, կա՛մ ոչինչ» սկզբունքով։
Խնդիրը միայն այն չէ, որ այդ տարածքները ստանալուց հետո Ադրբեջանն ավելի արագ և ավելի մեծ ծավալով էր զինվելու, քանի որ նրա հնարավորություններն ընդլայնվելու էին, և պատեհ առիթի դեպքում պատերազմը վերսկսելու էր ավելի նպաստավոր ելակետային դիրքերից։ Խնդիրը նաև այն է, որ Արցախն Ադրբեջանի համար ՆՊԱՏԱԿ չէր և չէ, այլ միջոց՝ Հայաստանը կործանելու համար։ Այդ մասին ժամանակին բացահայտ հայտարարել է Հեյդար Ալիևը։
Հիշեցնեմ, որ 1994–1998 թթ․ բանակցություններն ընթացել են «տարածքներ՝ կարգավիճակի և խաղաղության դիմաց» սկզբունքով, որն ամբողջովին ձախողվել է։ Հենց այդ պատճառով դրա ամենամեծ ջատագովը՝ Ժիրայր Լիպարիտյանը, 1997 թ․ հրաժարական է տվել, իսկ 1998 թ․ հրաժարական է տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։
Մեր ամենամեծ սխալը 1994 թ․ զինադադարի կնքումն էր՝ Ադրբեջանի արտահանման հնարավորությունները փակելու, Ադրբեջանի ազգային և կրոնական փոքրամասնությունների միջոցով երկիրը պառակտելու և տրոհելու, թուլացնելու և նրան կապիտուլյացիայի հարկադրելու փոխարեն։ Ի դեպ, դա այժմ Հայաստանի դեմ շատ հմտորեն անում է Հեյդարի որդին՝ Իլհամը։ ՔՊ-ն էլ սիրով ընդառաջում է դրան։ Բայց դա էլ չի կանխելու պատերազմը։ Խաղաղությունը հիմնվում է միայն ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ վրա։ Մնացածը, ինչպես ասված է մի խելացի գրքում, «քամի է ու ատամների կրճտոց»»:

Աղբյուրը`   Արա Պապյան