Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ.

«Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը». Սևակ Հակոբյան

76
Այսօր, 22:12
«Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը». Սևակ Հակոբյան

Խմբագիր Սևակ Հակոբյանը ներկայացնում է «Կարճ ասած»-ի հերթական եթերը՝ «Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը». «Անցած 8 տարիներին և հատկապես վերջին շրջանում ամենաշատ լսած արտահայտություններից է «թալանը վերադարձնում ենք»՝ անեկդոտ դարձած եզրույթը։ Եկեք հասկանանք, երբ «ժողովուրդ» բառն են վերջում կպցնում, դրանից ինչ-որ բան փոխվու՞մ է։ Չէ որ, սա հենց այն թեզն է, որով բազմիցս խաբել-հիմարացրել են ժողովրդին, հատկապես՝ ընտրական փուլերում, պոպուլիստական ելույթների ժամանակ։ Ի՞նչ գործընթաց է Հայաստանում․ իշխանությունը խլում է հարուստ մարդկանց ունեցվածքը, տարիներ ի վեր ստեղծած, զարգացրած, աշխատող բիզնեսները։ Մի մասին փայ է մտնում, օրինակ՝ հեռահաղորդակցության, հանքերի ոլորտներում, մի մասը պարզապես խլում է՝ ՀԷՑ, «Արարատցեմենտ» և այլն։ Այս ամենն անում են առանց օրենքի, «չորով», ուժային։ Չկա դրա օրինական գործընթացի ձև, որով հնարավոր է մարդուց խլել աշխատող, հարկեր մուծող բիզնեսը կամ փակել, թեկուզ՝ ժամանակավոր, ուղղակի մեկի ցանկությամբ։ Չկա աշխարհի երեսին այդպիսի իրավական, օրինական գործընթաց, որ պետությունը բիզնեսմենին ասի՝ էս բիզնեսը կառուցել ես, զարգացրել ես, լիքը փող ես ներդրել, ոնցոր ինչոր խախտում եմ կասկածում, ուրեմն՝ խլում եմ։ Իսկ խլելուց էլ անհասկանալի է, թե ում է գնում, ով է տնօրինում, ազգայնացում, պետականացում անվան տակ ովքեր են օգտվում։
Վաղը, ժողովուրդ ջան, իշխանությունը փոխվելուց հետո (իսկ դա անխուսափելի է), մարդիկ հետ են բերելու էն ամենը, ինչը օրինական պատկանել է իրենց։ Չեմ ասում, թե ապօրինի գույքեր չկան, բայց այս գործընթացն արդեն ինքնին ապօրինի է, ու վստահաբար՝ ոչ միայն հետ է վերադարձվելու, այլ նաև պատասխան են տալու էդ որոշում կայացնողները, հրահանգողներն ու նաև կատարողները։ Նիկոլից սկսած, իհարկե․ նա այնքան քրգործեր է շալակելու, որ հերթը կարող է գույքի խլման հրամաններին չհասնի, բայց լիքը մարդիկ՝ քննիչ, դատախազ, դատավոր, ԱԱԾ, որ մտել են էս ամենի տակ, իմ հասկանալով, պատասխան են տալու, ընդհուպ՝ անձնական միջոցներով։ Որպես լրագրող հետաքրքրվել եմ, տարբեր իրավաբանների հետ եմ խոսել, բոլորը նույն արձագանքն են անում՝ բա իհա՛րկե պատասխան են տալու, ասում են։
Զարմանալին ու զավեշտն այն է, որ այս ռեկետի անունը դրել են՝ «վերադարձնում ենք ժողովրդին»։ Կարծես այդ բառը որ պոչին կպցնում են, մի տեսակ օրինականի ֆոն են հաղորդում․ եկեք դրա համար փորձենք հասկանալ, թե ինչ են վերադարձնում, ում են վերադարձնում, վերադարձնում են, թե պահում են իրենց, և ինչ է իրապես ստանում ժողովուրդը։
Օրերս Շենգավիթում 5-6 տնակ էին քանդում։ Ընտանիքներ էին հայտնվում փողոցում, տատիկը ծնկներն էր ծեծում, ողբում էր, անիծում Նիկոլին։ Բազմանդամ ընտանիքներ են, մանուկներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցողներ․․․ Մեկ բառով ասած՝ ժողովուրդը մնացել էր դրսում։ Տատիկը լացում էր, թե՝ «Ես Նիկոլին ընտրեցի, որ իմ տունը քանդի՞»։ Էդ Նիկոլը 150 հազար տուն քանդել է, դրանից հետո գնացել-ընտրել եք, բա ձեր տունն ինչո՞ւ պիտի չքանդեր, էն մյուսներից լավն էի՞ք։ Մեկ այլ թեմա է, թե սոցիալական ծանր վիճակում հայտնվածները, որոնք Նիկոլի իշխանությունից մազաչափ օգուտ չեն ստացել, ինչու են իրեն ընտրում, եթե իրապես իրեն են ընտրել, այլ ոչ՝ տեսախցիկների առաջ են այդպես ասում։
Օրերս կառավարության շենքի մոտ նստացույց էր անում քաղաքացին, որը, տան վարձ չի կարողանում տալ, 4 մանուկների հետ մնացել է դրսում։ Նիկոլը «ժողովուրդ» ասելով էդ մարդկանց նկատի ուներ, չէ՞․ թե՞ մենակ ՔՊ-ականներին։ Սրանք կարծես ասում են, թե ժողովրդին գույքեր են վերադարձրել․ բա ինչո՞ւ են այդ ընտանիքները դրսում։ Ժողովրդին են իբր վերադարձրել 20 հազար քառակուսի մետր տարածքով «Գոլդեն Փալաս» հյուրանոցը՝ Ծաղկաձորում։ Որը հետո աճուրդով ու հայտարարածից լավ էժան գնով գնել էր Նարեկ Նալբանդյանը։ Բա 120 համար ունեցող հյուրանոցը վերադարձել էիք ժողովրդին, բա ինչի՞ 7 հատ համար չեք տալիս մենակ մեկ օրում դուրսը մնացած 7 ընտանիքի համար, թող գնան ապրեն, շինաղբանոցի մոտ չապրեն։ Ժողովուրդ են, չէ՞, նենց չի, որ դա մեկից վերցրեցիք, մյուսին տվեցիք, եսիմինչ արեց։
Սրանք երբ մատնանշում էին Մոնումենտի դղյակները, նկատի ունեին առաջին հերթին Հովիկ Աբրահամյանի՝ բերանի ծամոն դարձած դղյակը։ Դա էլ, կարծեմ, վերադարձրել եք ժողովրդին, էլի Նարեկ Նալբանդյանն էր, կարծեմ գնել․ դե էլ ով․․․ Բա դե էդտեղ էլ տարեք, թող էդ դրսում մնացած ժողովուրդն ապրի։ Երբ ասել եք՝ թալանը վերադարձնելու ենք ժողովրդին, մարդիկ իմացել են, որ փայ ունեն։ Էդ մարդկանց փայն իրենց տվեք։ Էդ որ կանգնում-գոռում է՝ «Ծառուկյանի տունը սարքելու եմ ծերանոց», էդ ե՞րբ Ծաղկաձորի «Գոլդեն Փալասը» կամ «Մոնումենտի» տունը սարքեցիր որբանոց, որ Ծառուկյանի տունն էլ ծերանոց սարքես։
«ՀԷՑ-ը վերադարձրել ենք ժողովրդին»։ Եթե վերադարձնում էիք ժողովրդին, ինչո՞ւ հենց ձեր՝ ՔՊ-ականը նշանակվեց կառավարիչ։ Ասեիք՝ քանի որ վերադարձնում ենք ժողովրդին, կառավարչի աշխատատեղ է բացվել՝ 5 մլն 200 հազար դրամ աշխատավարձով, թող ժողովուրդը մասնակցի մրցույթին․ մեկ է՝ ոչ մի չափանիշ պետք չէր։ Բայց չափանիշ, իհարկե կար՝ լինել ՔՊ-ական, նեղ կերակրատաշտից օգտվող անդամ։ Եթե ՀԷՑ-ը ժողովրդին եք վերադարձրել, ինչո՞ւ են մասնաճյուղերի ղեկավարներ դարձել, այ մարդ, էլի ՔՊ-ականները․ մի ՔՊ-ականի տարաք իրացման տնօրենի տեղակալ, մի ՔՊ-ականի՝ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն, մի ՔՊ-ականի՝ Ստեփանավանի էլցանցի պետ, մեկին՝ Սիսիանի էլցանցի պետ, մեկին՝ «Ղարս» մասնաճյուղի պետ, մեկին՝ Էջմիածնի մասնաճյուղի պետ, ու էսպես՝ սաղ մասնաճյուղերը։ Հիմա, լավ չհասկացա․ դու ՀԷՑ-ը վերադարձրել ես ժողովրդի՞ն, թե՞ հանձնել ես ՔՊ-ին։ Լավ, իսկ որ ՀԷՑ-ը վերադարձրել ես ժողովրդին, հոսանքի գինը ժողովրդի համար իջել է՞։ Հոսանքի գինը ինչքա՞ն է նվազել։ Ոնցոր նույնն է։ Բա մեզ ասում էիք, ահա, դա հարուստի է, թալանչու է, դրա համար էլ տենց թանկա և այլն․․․ Բա թող էժանացնի Ռոմանոսը, էն Մեսրոպի ձեռքից բռնած․ ի՞նչ է, մոռացա՞ք էլի ժողովրդին։ Բա եթե ժողովուրդը ոչ մի գրամի օգուտ չունի, ինչո՞ւ եք անունը դրել «ժողովրդին վերադարձ»․ դեմից ասեիք, որ Ռոմանոսի խաթր էր, Սարիկի, մյուսի, մյուսի։ Նրա խաթր էր, որ ձեր՝ իրենց կյանքում ոչինչ չստեղծած ընկերները, ուրիշի ստեղծած կառուցածի բազկաթոռին նստեն ու ստանան 5 միլիոն աշխատավարձ։
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերը խլել են, ՔՊ-ից մեկին էլ դրել կառավարիչ։ Ինչո՞ւ ՔՊ-ից, ինչո՞ւ ոչ ժողովրդից։ Եթե կոնյակի էդ կոմբինատը ժողովրդին եք վերադարձրել, ի՞նչ է փոխվել․ խաղողն ավելի թա՞նք եք մթերում ժողովրդից, կոնյա՞կն եք էժանացրել, թե օրը մի քանի տակառ ձրի բաժանում եք։ Աշխատավա՞րձ եք բարձրացրել։ Ոչ, ոչ ու ոչ։
Ծառուկյանի մարզասրահը խլելու ամենացայտուն դեպքերից էր․ սխալ տեղ ես սարքել, ուրեմն վերցնում ենք։ Սխալ տեղ էր՝ քանդեիք, կամ որ վերցնում էիք, բա միջի գույքն ինչո՞ւ եք վերցրել։ Լավ, որ վերցրել եք, «վերադարձրել եք ժողովրդին», ՀՀ ամենաթանկ մարզասրահներից մեկն էր, էժանացե՞լ է ժողովրդի համար։ Մեր տատիկ-պապիկները, մեր ուսանողները, դպրոցականները, կարո՞ղ են ձրի կամ կես գնով գալ, իրենց առողջությանը հետևել, լողավազան ու ջակուզի մտնել։
Ասում են՝ «Արարատցեմենտ»-ը վերադարձրել ենք ժողովրդին։ Էլի ՔՊ-ական պաշտոնյայի են նշանակել կառավարիչ։ Իսկ որ «Արարատցեմենտ»-ը վերադարձրել եք ժողովրդին, ցեմենտի գինը որքա՞ն է էժանացել ժողովրդի համար։ Բա գլուխ եք գովում, թե շինարարությունն աճում է, բա ցեմենտի գինը սարքեք կես, որ մարդիկ լիքը տներ սարքեն, ռեմոնտ անեն։
Ժողովրդին վերադարձնելը պետք է ունենա կոնկրետ արդյունք ժողովրդի համար․ թե չէ, եթե պետք է սեփականատերը օգուտ ստանա, հետո դու խլես, ասես՝ «ժողովրդին եմ տալիս», բայց դուք ձեր թայֆայով օգուտ ստանաք, ինչո՞ւ եք ժողովրդի անունը շրջանառում անիմաստ տեղը։
«Հայփոստ»-ը «վերադարձրել են ժողովրդին», ՔՊ-ական Կոնջորյանի կնոջը 10 հազար դոլար աշխատավարձ են վճարում ժողովրդի հաշվին․ ո՞ր մի փոստային ծառայություններն են էժանացել ժողովրդի համար, էնտեղ աշխատող ժողովուրդը բարձր սկսե՞լ է վարձատրվել։ Ոչ։ Ժողովուրդը էդտեղ ո՞վ էր, Կոնջորյանի կինը՞։ Ձեռք մի առեք մարդկանց, թե՝ «վերադարձնում ենք ժողովրդին», վերցրել եք ձեզ, քանի կարողանում եք՝ դրած օգտվում եք, մինչ չպարզվի, որ զուտ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում հանցագործություն է տեղի ունեցել, և այդ գումարները, որոնք, ի միջի այլոց, արդեն կլինեն տարիների հաշվարկներով, պետք է լինելու վերադարձնել, բարոյական փոխհատուցմամբ։
Կարճ ասած՝ իրականում տեղի ունեցողը ոչ թե արդարության վերականգնում է, այլ սեփականության պարզ ռեկետ և գույքի հանձնում իշխանական շրջանակին։ Ժողովուրդը դրանից օգուտ չունի, ո՛չ թոշակ է բարձրանում դրա հաշվին, ո՛չ աշխատատեղ է բացվում, ո՛չ նվազագույն աշխատավարձ է ավելանում, ո՛չ պակասում է աղքատությունը, ոչ էլ անգամ ժողովրդի ներկայացուցիչն է մրցույթով ընտրվում կառավարիչ, կամ այլն։ Ժողովուրդն այդտեղ փայ չունի։ Պարզապես բարգավաճում են ՔՊ-ական պաշտոնյաները։ Իմ հասկանալով, այսօրվա արագ հարստացող իշխանավորները ի վերջո, կրելու են անձնական պատասխանատվություն այս ամենի համար։ Թող մտածեն դրա մասին»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան