Երևան`   +32 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.

«Սկզբից պետք է սկսենք մարդ-անհատի ձևավորումից»․ Տարոն Սիմոնյան

53
Այսօր, 17:00
«Սկզբից պետք է սկսենք մարդ-անհատի ձևավորումից»․ Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զարմացած չեմ։ Պարզապես ուզում եմ ասել, որ այսօրվա իրականությունում անզեն աչքով անգամ դուք կճանաչեք նրանց, ում մասին խոսում էին դեռ հնուց և ում գերակայությունը խորհրդանշում էր քաղաքակրթությունների անկումը։
Չինացի փիլիսոփա Լին Յութանգն, օրինակ, ասում էր, որ երբ փոքր մարդիկ սկսում են մեծ ստվերներ գցել, նշանակում է, որ արևն ուր որ է մայր է մտնելու։ Գերմանացի փիլիսոփա Նիցշեն այդ տեսակը «Վերջին մարդ» էր անվանում, որ երկիրը փոքրացրել է իր գոյությամբ և ցատկոտում է դրա վրա՝ ամեն ինչ փոքր դարձնելով։ Նրանք ատում ու հարձակվում են այն ամենի վրա, ինչն իր մեջ անգամ աննշան վեհություն, արարում ու ազատատենչություն է պարունակում, որովհետև իրենք դրանից երբեք չեն ունեցել և համոզված են, որ չեն ունենա։ Ուստի դրանց թշնամի են հռչակում։
Ոչ հասուն ժողովրդավարությունների ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ դեռևս չձևավորված քաղաքական մշակույթը հնարավորություն է տալիս նրանց արագորեն բարձրանալ քաղաքական աստիճանավանդակով։ Եվ կարևոր չէ՝ նրանք իշխանության, թե ընդդիմության դիրքավորման կառույցներում են․ նրանց էությունն ու բնույթը հակաարժեքային է, միգուցե՝ նաև հակաքաղաքակրթական։ Նրանք համակարգերի գիտակցված կամ չգիտակցված ինքնաոչնչացման զենքերն են (էնտրոպիա), որոնց հիմնական գործառույթը ջլատելն է հանրությունը միասնական պահող ներքին կապերը, թելերը, ներքին ինստիտուտները։ Նրանց համար ամեն ինչ՝ անկախ փաստացի դրական կամ բացասական ազդեցությունից (սկսած բարոյականությունից ու հավատքից մինչև ընտանիք ու ազգ) կարծրատիպեր են, որ խոչընդոտում են իրենց փոքրության, իսկ ավելի ճիշտ՝ մանրության համընդհանրացմանը։
Նրանց ճանաչելը դժվար չէ։ Նրանք հիմնականում խոսում են ոչ թե գաղափարների կամ երևույթների, այլ մարդկանց մասին՝ հայհոյելով կամ պաշտելով նրանց և այդ ամենը շաղախելով անասելի աղմուկով, որ կարծես կլանում է կյանքի ամբողջ տարածությունն ու ժամանակը։ Դա նրանց հաջողվում է, որովհետև իրենց պաշտամունքի և հայհոյանքի օբյեկտն անսպառ է՝ հենց իրենց կողմից սնուցման պատճառով։ Ուստի նրանք իրենց գոյության շարունակականությունը երաշխավորելու համար վառ պիտի պահեն թե՛ իրենց պաշտամունքի օբյեկտի սրբացումը, թե՛ իրենց հայհոյանքի օբյեկտի զորությունը։
Սա ծուղակ է, բարեկամներ, որի ոլորաններում մաշվելու գործը վերապահված է այն մարդկանց, ովքեր ունակ են դեռ ստեղծել արժեք, կարել բարոյականության ու կենսիմաստի նոր կառույցներ և ապահովել նոր արևածագը։
Այստեղ խնդիրը ոչ այնքան պետականության ու ազգի կառույցների քանդումն է, որքան ավելի խորը՝ դրանց հիմնաքարի՝ մարդու արժեքային համակարգի։
Ուստի թիրախում հենց նրանք են՝ ոչ թե հայհոյանքի օբյեկտները, այլ նրանք, ովքեր դուրս են այդ շրջապտույտից, այդ մոլորության ոլորաններից։
Նրանք են, որ այս բոլորեքյան աղմուկի հաղթահարումից հետո պիտի կանգնեն նոր կյանքի, նոր հորիզոնի, նոր իմաստի և նոր առաքելության հիմքերում։
Նրանք են, որ փոքր, բայց հաստատուն քայլերով պիտի կարողանան իրենց մտքով, խոսքով և գործով ձևավորել առաքինի մարդու նոր կատարելատիպ։
Եվ նրանք են, որ համամարդկային նշանակության այս հեղափոխական դարաշրջանում կարողանալու են տեխնոլոգիական առաջընթացը համադրել մարդկայնության հետ՝ լուսանցքում թողնելով «վերջին մարդու» դավանած մայրամուտը ․․․
Հ․Գ․ Դրա համար եմ ասում սկզբից պետք է սկսենք մարդ-անհատի ձևավորումից։
Դրա համար էլ գրեթե տաս ամսվա աշխատանքից հետո կարողացա ավարտել «ԱՐԲԱՆԷ 2․ Առաքինություն․ կերտելով հայ մարդու ՎԱՆՔ-ը» աշխատանքս, որը շուտով կհանձնվի ձեր դատին»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան