Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

«Մոտ է այն օրը, երբ դատարանի առաջ այլևս իր անմեղությունը չի ապացուցելու Վարդան Ղուկասյանը»․ Լևոն Բաղդասարյան

70
Այսօր, 10:06
«Մոտ է այն օրը, երբ դատարանի առաջ այլևս իր անմեղությունը չի ապացուցելու Վարդան Ղուկասյանը»․ Լևոն Բաղդասարյան

ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը․
«Վարդան Ղուկասյանի ազատությունից զրկման օրինականությունը վիճարկելու նպատակով արդեն իսկ գործարկվել են օրենքով նախատեսված բոլոր ներպետական և միջազգային իրավական մեխանիզմները։ Մեր իրավական պահանջը հստակ է՝ անհապաղ վերականգնել նրա ապօրինաբար սահմանափակված ազատությունը, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել բոլոր պատասխանատու անձանց և ամբողջությամբ հատուցել նրան պատճառված նյութական, բարոյական և ոչ գույքային վնասը։
Մարդուն կարելի է ապօրինաբար զրկել ազատությունից, բայց անհնար է զրկել նրան իր անօտարելի իրավունքներից։ Բանտի դռները կառուցված են երկաթից, իսկ իրավունքը՝ բնական իրավունքի այն սկզբունքներից, որոնք գոյություն ունեն պետություններից, իշխանություններից և դատարաններից վեր։ Երկաթը ժամանակի ընթացքում ժանգոտում է, իսկ իրավունքը մնում է՝ որպես արդարության անանց օրենք և մարդու արժանապատվության հիմք։
Որպես Վարդան Ղուկասյանի փաստաբան՝ հայտարարում եմ. մոտ է այն օրը, երբ դատարանի առաջ այլևս իր անմեղությունը չի ապացուցելու Վարդան Ղուկասյանը։ Օրենքի առաջ պատասխան են տալու նրանք, ովքեր իրենց որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ ոտնահարել են մարդու ամենասրբազան իրավունքը՝ ազատությունը։
Վարդան Ղուկասյանը դուրս է գալու ազատության ոչ թե որպես պարտված, այլ որպես մարդ, որի կամքը չկարողացան կոտրել, որի արժանապատվությունը չկարողացան խլել, և որի հավատը չկարողացան սպանել։
Իսկ ես, որպես նրա փաստաբան, օրենքով չարգելված բոլոր իրավական միջոցներով շարունակելու եմ այս պայքարը մինչև վերջ՝ մեկ նպատակով. անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգոստոսի 2-ին՝ իմ ծննդյան օրը, ամենաթանկ նվերը լինի ոչ թե ինձ, այլ մեզ բոլորիս՝ Վարդան Ղուկասյանի ազատությունը։