Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոր Հայաստանում արյուն չկա՞: Ուրեմն, Հայաստանում ամենատարածված (գերիշխող) արյան խումբը երկրորդ դրականն է: Արմենիա ԲԿ-ի (նախկինում՝ Հանրապետական հիվանդանոց) բուժառուին անհրաժեշտ էր հենց այդ խմբի արյունը: Հանրապետականում կա «արյան բանկ»: Սակայն, ըստ որոշ բժիշկների վկայությունների, արյան այդ տեսակը Հանրապետականի «բանկում» բացակայում է: Ըստ այդմ, Հանրապետականի բժիշկը լրացնում է փաստաթղթերը և բուժառուի ազգականներին «ուղարկում» Արյան Բանկ՝ ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն: Այդ կենտրոնից ևս տեղեկացնում են, որ երկրորդ դրական խմբի արյուն չունեն և, միաժամանակ՝ տարակուսում են, թե ինչու Հանրապետականն արյուն չի տրամադրում: Հանրապետականում ևս մեկ անգամ պնդում են, որ երկրորդ դրական խմբի արյուն չունեն: Բուժառուի ազգականները ճարահատյալ զանգահարում են ՀՀ առողջապահության նախարարություն: Սկզբից նախարարության աշխատակիցը փորձեց «բացատրել», որ նախարարությունն «արյան հարցերով» չի զբաղվում և որևէ տեղեկություն չունի: Բուժառուի ազգականները հետաքրքրվեցին, թե այդ դեպքում, ՀՀ քաղաքացիներն աշխարհի հատկապես որ պետությունից՝ Մոզամբիկի՞ց, Մարոկոյի՞ց, թե՞ ԱՄՆ-ից, կարող են տեղեկություն ստանալ և ձեռք բերել երկրորդ դրական խմբի արյուն: Նախարարության աշխատակիցը «լրջացավ» և խոստացավ խնդիրը ներկայացնել ում որ անհրաժեշտ է: Խոստում տալուց անցավ մի քանի ժամ: Այդ ընթացքում, բուժառուի ազգականներն արյուն չգտան և այն փնտրելու հետ զուգահեռ փորձում էին կապ հաստատել նախարարության հետ: Բուժառուն մահացավ: Վերջինիս մահից շուրջ 2-3 ժամ անց նախարարությունից «հետ զանգեցին» և հետաքրքրվեցին, թե ինչու են ազգականներն իրենց զանգահարում: Այսքանը: Չէ, այդպես չէ, որ արյունը կփրկեր բուժառուի կյանքը: Վստահ եմ՝ չէր փրկի: Սակայն մի փոքր հույս կտար: Բացի դրանից՝ Հայաստանում հո միայն այդ բուժառուն չէ՞: Կարող են, չէ՞, լինել այլ բուժառուներ, որոնց ևս երկրորդ դրական խմբի արյուն անհրաժեշտ լինի և փրկի վերջիններիս կյանքը: Այդ դեպքում, ի՞նչ է լինելու: Որտեղի՞ց են արյուն գտնելու: Կրկին հիշեցնեմ՝ Հայաստանում ամենատարածված (գերիշխողը) արյան խումբը երկրորդ դրականն է»: