Երևան`   +33 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հուլիսի, 2026 թ.

«Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն «արդարացրել» են ինչ-որ «բարձր արժեքներով»․ Ռուբեն Մելիքյան

62
Այսօր, 17:54
«Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն «արդարացրել» են ինչ-որ «բարձր արժեքներով»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները։
Նախ, վերլուծենք այս թեզը տրամաբանության դիրքերից։ «Ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են մարդու հիմնարար իրավունքները։ Ուստի «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է։
Այժմ վերլուծենք այս թեզը բարոյականության դիրքերից։ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ու էական չէ, թե ո՛րն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շահը (բոլշևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի։ Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան։
Անցնենք թեզի իրավական կողմին։ Այն օրը, երբ մեր երկրում իրավապահ համակարգը դուրս գա կախյալ վիճակից, նույն օրն այդ թեզն ակտիվորեն շրջանառողները կարող են մեղադրվել, օրինակ, սահմանադրական կարգի տապալման կոչի համար, քանի որ նրանց ասածը փաստացի նշանակում է դադարեցնել Սահմանադրության 1-ին հոդվածի գործողությունը («Հայաստանի Հանրապետությունը […] իրավական պետություն է»)՝ կեղծ հակադրություն ստեծելով նույն հոդվածում ամրագրված մեկ այլ դրույթի հետ («Հայաստանի Հանրապետությունը […] ժողովրդավարական […] պետություն է»)։
Ուշադիր լինենք և արձանագրենք այդ ֆաշիստական թեզն ակտիվորեն շրջանառողներին։ Հուշեմ մի քանի բանալի բառեր՝ «Պուտին», «ինքնաշխանություն», «Կրեմլ», «ռսաստրուկ»»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան