Երևան`   +31 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հուլիսի, 2026 թ.

«Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ»․ Արթուր Սուքոյան

66
Այսօր, 14:42
«Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք պարզենք՝ Նիկոլը տկա՞ր է, թե՞ նարկոբարոն:
Պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է։ Դա նույնիսկ թաքցնելու փորձ չի էլ արվում, որովհետև այդ հրահանգները Նիկոլ Փաշինյանն ինքը մի քանի անգամ հրապարակայնորեն է տվել դեռ վաղուց։
Բայց հիմա նույնիսկ դրա մասին չեմ էլ ուզում խոսել։
Ուզում եմ խոսել այն մասին, թե քաղաքական հաշվեհարդարների համար պետությունը ինչ գին է վճարում՝ ընդամենը մեկ դրվագի օրինակով։
Նայում եմ, թե ինչ ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Հարյուրավոր ծառայողներ, ավտոմատավորներ, տասնյակ մեքենաներ, հատուկ տեխնիկա, հազարավոր ժամերի օպերատիվ աշխատանք։ Ամեն ինչ՝ սկսած հեռավոր գյուղում որևէ քաղաքացու և նրա հարևանի փեսայի հեռախոսազրույցների գաղտնալսումից, մինչև դրոններով հետևել, տեսանկարահանումը, շուրջօրյա վերահսկողությունն ու նախընտրական շրջանում գրեթե յուրաքանչյուր քաղաքականապես մի փոքր ակտիվ քաղաքացու նկատմամբ իրականացվող օպերատիվ 24 ժամյա միջոցառումներ։
Այս ամենի հերթական դրսևորումը դարձավ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրականացված լայնածավալ «օպերացիան»՝ հարյուրավոր ծառայողներով, հատուկ տեխնիկայով, ավտոմատավորներով և աննախադեպ ծավալի պետական ռեսուրսների ներգրավմամբ։
Եվ այստեղ ակամա հարց է առաջանում մոտս։
Եթե այս հսկայական ռեսուրսների թեկուզ փոքր մասը նույն հետևողականությամբ ուղղվեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, եթե նույն ջանասիրությամբ բացահայտվեին նարկոբարոնները, ձերբակալվեին «զակլադչիկները», Ձերբակալվեին նաև այն սահմանային «կույր» աշխատակիցները, որոնք «չեն նկատում» Հայաստան մուտք գործող տոննաներով թմրանյութը, վերացվեին թմրանյութերի մատակարարման ցանցերը, ապա արդյո՞ք այսօր Հայաստանը կհայտնվեր այն վիճակում, երբ թմրանյութերի շրջանառությունն արդեն ազգային անվտանգության սպառնալիք է դարձել։
Այս իշխանությունն ապացուցել է, որ երբ կա քաղաքական հրահանգ, ունի և՛ ուժ, և՛ ռեսուրս, և՛ կազմակերպվածություն։ Հետևաբար խնդիրը ոչ թե հնարավորությունների բացակայությունն է, այլ քաղաքական առաջնահերթություններն ու կամքը։
Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ինչո՞ւ նույն քաղաքական կամքն ու վճռականությունը չեն դրսևորվում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում։
Իշխանությունը կարող էր միաժամանակ նույն վճռականությամբ պայքարել և՛ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, և՛ իր քաղաքական հակառակորդների դեմ։ Մեկը մյուսին չէր խանգարում։ Մենք տեսնում եմք, որ ուժային կառույցներն ունեն բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ երկու և ավել ուղղություններով էլ արդյունավետ աշխատելու համար։
Բայց նրանք դա չեն անում։
Եվ սա ծնում է ընդամենը երկու հնարավոր բացատրություն։
Առաջինը՝ նրանք թքած ունեն, որ թմրանյութերի շրջանառությունն արդեն ազգային աղետի է վերածվել՝ կործանելով հազարավոր երիտասարդների, ընտանիքների և ապագա սերունդների ճակատագրերը։
Երկրորդը՝ նրանք ունեն շահ կամ հովանավորչական կապեր այն հանցավոր խմբերի հետ, որոնք զբաղվում են թմրամիջոցների շրջանառությամբ։
Ու դե 3-րդ տարբերակն էլ կա
Որ իր մեջ միավորում է առաջին երկուսը՝ և՛ թքած ունեն մարդկանց ու նրանց ապագայի վրա, և՛ այս կամ այն կերպ առնչվում կամ հովանավորում են այդ հանցավոր ցանցերի գործունեությունը։
Թող այս երեք տարբերակներից ընտրեն այն, որը, իրենց կարծիքով, ամենաքիչն է իրենց վնասում։
Բայց որ տարբերակն էլ ընտրեն, այս իրավիճակը ծնողը այս իշխանությունն է:
Եվ հիմա մեկ հարց քեզ, Նիկոլ. դու տկա՞ր ես իրական հանցագործների դեմ պայքարում, թե՞ նարկոբարոն»:

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան