«Ինչո՞ւ են բոլորն այդպես հանգիստ համակերպվել Արցախի կորստին». Հարութ Ուլոյան
65
Այսօր, 02:12
Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտե՞ք, ինչու, ըստ էության, մեր ժողովրդի ճնշող մեծամասնության, կներեք, ոտերին չի Ղարաբաղի կորուստը։ Եվ ինչո՞ւ են բոլորն այդպես հանգիստ համակերպվել։ Բացի տարբեր օբյեկտիվ ու սուբյեկիվ պատճառներից, իմ համոզմամբ, գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ տարիներ տևած պրոպագանդայի պայմաններում, Ղարաբաղն արմատավորվել էր որպես «հող»։ Ղարաբաղն ընկալվել է որպես «հող», որպես «տարածք», որը կարելի է «ազատագրել», ինչու չէ, նաև «հանձնել»։ Խոսքն ամենևին նրա մասին չի, որ Ղարաբաղը չի ընկալվել որպես «սուրբ հայրենիք», կամ որպես «պատմական իրավունք»։ Ինչը և պրոպագանդվում էր 1998 թվականից ի վեր․ նույնիսկ այդ արժևորումներն են ուրացվել։ Խոսքն այն մասին է, որ մեր ժողովուրդը մինչև հիմա չի ընկալել, կամ, ավելի ճիշտ, ժողովրդի պատկերացումներում խեղաթյուրված է Ղարաբաղյան շարժման ողջ բովանդակությունը։ 1988 թվականի Շարժման «Միացում»-ն ու «Ղարաբաղը մերն է»-ն կարգախոսներ էին, բայց դրանց բովանդակությունը ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրավունքի պաշտպանությունն էր։ Ու տարիներ տևած այն հիմնազուրկ խոսակցությունները, թե՝ ««Միացում»-ով եկան, բայց սկսեցին «անկախացնել» Ղարաբաղը», կամ «Ղարաբաղին որոշիչ դեր տալը նշանակում է Ղարաբաղին միայնակ թողնել», հենց այդ իրողությունն են ապացուցում․ որ նախևառաջ հենց բուն՝ Ղարաբաղյան խնդրի բովանդակությունն է խեղաթյուրվել։ Եթե այդպես չլիներ, նման խոսակցությունները չէին կարող տարածվածություն ստանալ։ «Միացումն» ու «անկախացումը» ընդամենը միջոցներ էին, իսկ նպատակը՝ ինքնորոշման իրացումն էր։ Կամ, այլ կերպ ասած, «միացումն» ու «անկախացումը» ընդամենը գործիք էին՝ ինքնորոշման հասնելու ճանապարհին։ Բացի բնազդային-ինքնապաշտպանական տվայտանքներից, հենց խեղաթյուրված իրողության արձանագրումով է բացատրվում այն հանգամանքը, որ Ղարաբաղի կորստի հետ առաջինը համակերպվեցին հենց այն մարդիկ, որոնք ամենաշատն էին գոռում՝ «ոչ մի թիզ հող»։ Տվյալ դեպքում, ես քաղաքական վերնախավի մասին չեմ խոսում, նրանց հետ ամեն ինչ պարզ էր շատ վաղուց, այլ քաղհասարակական շրջանակների և հասարակ անհատների։ Ղարաբաղն ամայի «հող» կամ «տարածք» չէր, որն «ազատագրվեց»։ Ղարաբաղը 150․000 հայ բնակչությունն էր, որի տարրական իրավունքները պաշտպանելու համար ձևավորվեց Շարժումը, իսկ նորանկախ Հայաստանի իշխանությունները վճռականություն դրսևորեցին և, թեկուզ Հայաստանին ծանր դրության մատնելով, կանխեցին Ղարաբաղին սպառնացող ցեղասպանական վտանգը։ Ղարաբաղ կոմիտեն, Հայոց համազգային շարժումը, Ղարաբաղի ղեկավարությունը որքան էլ վճռականություն դրսևորած լինեին, այն չէր կարող անցնել արկածախնդրության սահմանը։ Ու դա զուտ միայն այն պատճառով, որ նրանք իրենց գործողություններն իրականացնում էին քաղաքական հաշվարկի ու առկա հնարավորությունների վրա։ Նրանց կողմից արված հրապարակային բոլոր հայտարարություններն ու դիրքորոշումները դրա լավագույն ապացույցն են։ Նրանց պայքարը ոչ կռիվ-կռիվ խաղալու ցանկությամբ է պայմանավորված եղել, ոչ ինչ-որ «թիզ հող»-եր գրավելու, և ոչ էլ «պատմական սուրբ հայրենիք» ազատագրելու մոլուցքով։ Թե՛ բուն ԼՂԻՄ-ի պաշտպանությունը, թե՛ հարակից շրջանների գրավումը թելադրված են եղել բացառապես Ղարաբաղի բնակչությանը ադրբեջանական հարձակումներից պաշտպանելու հրամայականով։ Կրկնում եմ․ նրանք «հող» չեն գրավել, նրանք պաշտպանել են 150․000 մարդու հիմնարար իրավունքներն ու ապահովել են նրանց ֆիզիակական գոյությունն իրենց հազարամյա հողում՝ միջազգայնորեն նրանց օժտելով իրենց բախտը տնօրինելու մանդատով։ Թե ինչ է եղել հետագայում, դա լրիվ այլ օպերայից է։ Իսկ խեղաթյուրողները հենց սա են խեղաթյուրում, ուրացողներն էլ հենց սա են ուրանում։ Լուսանկարում՝ հանրահավաք Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղ, 1989թ․»:
Հանրահավաք Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղ, 1989թ․