«Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում». Հայկ Մարտիրոսյան
228
Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ., 05:18
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օլիգարխները և երկու նախկին նախագահները մի բան չեն հասկանում. Փաշինյանի հետ իրենց ըստ ամենայնի փոխհամաձայնեցված խաղն ավարտվել է: Եթե չլինեն նոր պայմանավորվածություններ՝ հին իրավիճակը չի շարունակվելու: Այս այսպես կոչված ընտրություններից հետո նրանք սպառել են իրենց պիտանելիության ժամկետը: Փաշինյանին հիմա նրանք բանտում են պետք լինելու: Ու նա բացահայտ հայտարարում է այդ մասին: Ու իրենց պատկերացմամբ, որպեսզի չհայտնվեն բանտում, նրանք թերևս պատրաստ են նոր պայմանավորվածությունների: Եվ ավանսով գնում են ընդառաջ: Նրանցից ոմանք, օրինակ, ստանձնում են մանդատները՝ այդպիսով լեգիտիմացնելով իրենց իսկ կողմից չճանաչվող ընտրությունները: Բայց նրանք, ինչպես բոլոր մնացածը, ուղղակի անկարող են հասկանալ, որ կյանքն այդպես չի աշխատում: Հատկապես, որ Փաշինյանի վճռականությունը չի բխում իրենց բոլոր հայրենակիցների մտածողությունից: Որովհետև այդ մտածողությունում փաշինյանական վճռականությունը բացակայում է: Այն թերևս բխում է հարևան երկու երկրներից: Իսկ այդ երկրներում թե´ բոլորովին այլ տիպի վճռականության են տիրապետում և թե´ հասկանում են թե ինչպես պետք է վարել կյանքի ու պայքարի խաղը: Ու երկու նախագահներն ու երկու օլիգարխները խաղում են ու խաղալու են իրենց ողջ կյանքում իմացած միակ կանոններով ու մենթալիտետի շրջանակներում, իսկ Փաշինյանը՝ այլ մենթալիտետի ու բոլորովին այլ շրջանակներում: Իրենք զիջելու են ամեն բան, Փաշինյանը ստանալու է ամեն բան: Ու հետո, երբ կենսական հյութերը քամված կլինեն չորսից էլ՝ Փաշինյանը կորոշի թե ինչ է անելու նրանց ու նրանց թիմերի հետ: Իսկ մինչ այդ սկսվում է բռնաճնշումների այն մեծ ալիքը, որի մասին նույնպես ճշգրիտ կանխատեսում էի արել: Ընդ որում՝ բազմիցս: Փաշինյանին ու իր արտաքին դաշնակիցների քաղաքական ընթացքն այլևս կանգնեցնել չի լինելու: Մանավանդ այսպիսի ժողովրդով ու այսպիսի ընդդիմությամբ: Ընդհակառակն՝ երկուսն էլ է´լ ավելի են թև տալու նրան՝ բարեհաջող և անխոչընդոտ ավարտին հասցնելու իր կողմից իրականացվող մեծ ծրագիրը: Արդեն իսկ տվել են այդ թևը: Հիմա դրա բոլոր պայմաններն են ապահովում»: