ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի ուշ, ասենք հունիսի 7- ից հետո՝ ավելի ծանրակշիռ այցի շրջանակներում։ Ինչո՞ւ է շտապում ԱՄՆ-ն։ Հարկ չեմ համարում անդրադառնալ ստորագրված փաստաթղթերի կարևորությանը հայ-ամերիկյան հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու տեսանկյունից (մասնավորապես Մեղրիով Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության հաստատման ծրագիրը շատերիս համար, և ոչ անհիմն, շարունակում է մնալ խիստ խնդրահարույց՝ Հայաստանի անվտանգության ապահովման և աշխարհաքաղաքական կարևորության մակարդակի բարձրացման տեսանկյունից): Այդ ամենով հանդերձ, ըստ իս պակաս կարևոր չէ հասկանալ թե ինչո՞ւ են ամերիկացիները շտապում: Կարծում եմ շատ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ խնդիրը Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներում է։ Ի՞նչը ի նկատի ունեմ։ Ակնհայտ է, որ ստորագրված փաստաթղթերը նպաստում են Հայաստանում՝ Ամերիկայի աշխարհաքաղաքական ներկայության իրավաքաղաքական հիմքերի ամրապնդմանը։ Եթե դա այդպես է, իսկ դա իրոք այդպես է, ապա պետք է ենթադրել, որ նախընտրական տրամադրությունների իրական պատկերի վերլուծությունը ամերիկյան հատուկ ծառայություններին բերել է այն եզրակացությանը, որ առաջիկա ընտրություններում իշխանության վերարտադրվելու շանսերը շատ վիճահարույց են և եթե ԱՄՆ-ն Հայաստանից սպասելիքներ ունի տարածաշրջանում իր որդեգրած քաղաքականությունն անշրջելի դարձնելու առումով, ապա պետք է շտապել և այդ նպատակով ստեղծել հավելյալ իրավական կռվաններ, որոնք կարող են օգտագործվել առաջիկա ընտրությունների արդյուքով ձեվավորված նոր իշխապություններին փաստի առջեվ կանգնեցնելու համար։ Ուստի Մարկո Ռուբիոի 50 րոպեանոց կանգառը Հայաստանում ոչ այնքան նպատակ ուներ աջակցել իշխանությանը, որքան փաստեց այն իրողությունը, որ նույնիսկ ամերիկացիներն են համոզված, որ գործող իշխանությունն առաջիկա ընտրություններում հաջողություն արձանագրելու նվազ շանսեր ունի»։