Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ բադալյան

68
Այսօր, 13:54
«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին։ Արտաքին՝ եթե արտաքին խոշոր կենտրոններ համարեն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ավելի խանգարող է, խոչընդոտ է, քան օգտակար, և որոշեն ազատվել նրանից, ունենան դրա վերաբերյալ լռելյայն կամ ուղիղ կոնսենսուս։

Դա նշանակում է, որ նրանք էլ Հայաստանում կնշանակեն նոր իշխանություն ու անգամ՝ կձևավորեն նոր ընդդիմություն։ Կարծում եմ չեք կասկածում, որ կոնսենսուսի դեպքում նրանք ունեն այդ ամենը, և նույնիսկ ավելին անելու ներուժ։ Կարծում եմ, որ հազիվ թե որևէ ողջախոհ մարդ լինի համաձայն, որ Հայասանում որևէ նոր իրավիճակ ձևավորեն արտաքին դերակատարները։

Սակայն, ներքինի առումով ըստ իս կա մի նրբություն։ Ինչ ուզում է լինի՝ ես զերծ եմ պաթետիզմ-ռոմանտիզմի դրսևորումներից, թե մի բռունցք դառնանք և այլն, ինչ ուզում է լինի՝ ներքինը այսօրվա Հայաստանում առավել ևս բավարար չի լինելու ինքնին իշխանափոխության հասնելու համար։

Բայց, եթե ներսում գործող ուժերը կարողանում են ձևավորել մի նոր հանրային-քաղաքական միջավայր ու իրականություն, որը ոչ թե պարզապես գոյություն ունեցող իշխանության մերժում է՝ բոլոր կամ մասնակի իմաստներով և առումներով, այլ ըստ էության նոր բովանդակության ձևավորում, ապա սա արդեն հենց որակապես նոր իրավիճակ է։ Քաղաքական, սոցիալ-հոգեբանական, հանրային հարաբերությունների, գաղափարական մրցակցության միջավայրի, առհասարակ՝ Հայաստան պետության նոր բովանդակության ձևավորում։ Մի բովանդակություն, որը լինելով գործուն եւ համոզիչ առաջարկ Հայաստանի հանրությանը, դրանով իսկ վերածվելու է նաեւ արտաքին դերակատարների համար հետաքրքրության առարկա առաջարկի՝ ուղղակի, թե անուղղակի առաջարկի։

Ու այդժամ, նրանք կարող են դառնալ Հայաստանում իրավիճակի փոփոխության շահառու, լինել իրավիճակի փոփոխությանը օգնող, քան խանգարող, դրա փոփոխությունից անհանգստացող սուբյեկտ։ Ավելին, միայն այն, որ նրանք չլինեն խանգարող, արդեն իսկ բավարար կլինի Հայաստանում հանրային լայն կոնսենսուս եւ ներառականություն վայելող իշխանափոխություն իրականացնելու համար»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան