«Եթե ՀՀ իշխանությունն իսկապես նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, պետք է պատասխանի 2 հարցի»․ Արթուր Ղազինյան
75
Այսօր, 09:00
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Վերջին շրջանում ՀՀ իշխանությունը ՀՀ ժողովրդի մեջ տարածում է Հայաստանի ԵՄ անդամակցության «ապագա»՝ տարրական գիտելիք չունենալով ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ: ԵՄ-ին անդամակցել ցանկացող պետությունը պետք է լինի ԵՎՐՈՊԱԿԱՆ (ԵՄ պայմանագրի 49 հոդված) և ամբողջությամբ բավարարի 1993թ․ Կոպենհագենում կայացած Եվրոպական խորհրդի ընդունած չափանիշներին, որոնք ունեն 3 հիմնական բաղադրիչներ. 1. ՔԱՂԱՔԱԿԱՆ - կայուն ժողովրդավարական համակարգ - իրավոունքի գերակայություն - անկախ և արդյունավետ գործող դատական համակարգ - մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արդյունավետ և երաշխավորված համակարգ ՏՆՏԵՍԱԿԱՆ - շուկայական տնտեսություն - ազատ մրցակցային տնտեսություն - մասնավոր սեփականության պաշտպանության երաշխիքներ -մակրոտնտեսական կայունություն -ներդրումների իրավական պաշտպանություն ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ -գործող օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանեցնել ԵՄ իրավական համարգին -ԵՄ իրավունքի ամբողջական և արդյունավետ կիրառում պետության տարածքում: ԵՄ անդամակցության արագացված ժամկետը 7-ից 10 տարի է, միջին արագությամբ՝ 15 տարի: Թուրքիան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 1987թ-ին, իսկ թեկնածու պետության կարգավիճակ ստացել է միայն 1999թ-ին: Մինչ օրս չի դարձել ԵՄ անդամ: Եթե ինչ որ հրաշքով Հայաստանը բավարարի 1993թ․ կոպենհագենյան չափանիշներին, համարվի եվրոպական պետություն և ունենա ԵՄ հետ ընդհանուր (ծովային կամ ցամաքային) սահման, ապա անդամակցության գործընթացը կտևի 15-ից 20 տարի: ԵՄ հետ ընդհանուր սահման կարող է ունենալ միայն 2 ճանապարհով. Վրաստան և Թուրքիա: Այս 2 պետությունները տեսանելի ապագայում չեն կարող անդամակցել ԵՄ-ին, հետևաբար Հայաստանի ԵՄ անդամակցությունն առաջիկա 3 տասնամյակում ուղղակի անհնար է: Որպեսզի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում (ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան-Իրան-Թուրքիա) փաստացի սկսվի նման գործընթաց, Հայաստանը պետք է վաղը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, դուրս բերի ռուսական 102-րդ ռազմական բազան, դադարեցնի տնտեսության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ կնքված բոլոր երկկողմ և բազմակողմ-պայմանագրերը, դիմում ներկայացնի ՆԱՏՕ-ին միանալու համար: ՄԻԱՅՆ ԱՅՍ գործողությունները անելուց հետո Հայաստանը հնարավորություն կունենա պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության՝ առանց վերջնական անդամակցության երաշխիքների: Հիշեցնեմ, անդամակցության գործընթացի միջին ժամկետը 15-ից 20 տարի է: Եթե ՀՀ գործող իշխանությունը ԻՍԿԱՊԵՍ նպատակ ունի սկսել ԵՄ անդամակցության գործընթաց, ապա պետք է պատասխանի հետևալ 2 հարցին. 1. Ինչպես է պատրաստվում երաշխավորել ՀՀ անվտանգությունն առաջիկա 25 տարում՝ չլինելով որևէ անվտանգության համակարգի մաս՝ ունենալով բարդ և լարված հարաբերություններ Ռուսաստանի և Իրանի հետ (որպես այս գործընթացի կանխատեսելի հետևանք) և խիստ վտանգավոր խաղաղություն Ադրբեջանի հետ, և 2. ինչպե՞ս է պատրաստվում ապահովել Հայաստանի տնտեսության կայուն աճը՝ Ռուսաստանի և Իրանի հետ առևտրային սահմանափակումների պարագայում: Հ.Գ. Այս իրողությունները պետք է հաշվի առնեն ՀՀ ԵՄ անդամակցության մասին խոսացող ցանկացած քաղաքական ուժ և անհատ, ԵԹԵ ԻՀԱՐԿԵ ԻՐԱԿԱՆՈւՄ ԱՌԱՋՆՈՐԴՎՈւՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐՈՎ»։