Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 մայիսի, 2026 թ.

«Իշխանությունը մտածում է առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին»․ Սուրեն Սուրենյանց

60
Այսօր, 15:00
«Իշխանությունը մտածում է առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար:
Փաշինյանն առանցքային երեք ուժերին միավորեց մեկ զամբյուղի մեջ՝ նրանց անվանելով «պատերազմի եռագլուխ կուսակցություն»: Եվ սա արեց՝ չնայած այն հանգամանքին, որ այդ երեք քաղաքական ուժերը խիստ տարբեր են՝ իրենց քաղաքական հետագծով, թիմերի ու ծրագրերի կառուցվածքով, խոսույթով, ծրագրերով:
Փաշինյանը չէր հաշվարկել, որ սեփական գահավիժող վարկանիշի համատեքստում՝ նպաստում է ընդդիմադիր էլեկտորատների սրընթաց բյուրեղացմանը, կոնսոլիդացիային: Երբ սա կայացավ, սոցիոլոգիայի դասական կանոնների համաձայն, չկողմնորոշված, ապաքաղաքական ընտրողները թեքվեցին դեպի ուժի նոր կենտրոնը՝ ընդդիմությունը:
Փաշինյանն՝ իր սխալով, Հայաստանում ստեղծեց է միանգամայն նոր իրավիճակ, որը հունիսի 7-ին անխուսափելի է դարձնում իշխանափոխությունը:
Փաշինյանը դեռ չէր «մարսել» առաջին սխալը, երբ նրան հորդորում են անել երկրորդը՝ ճակատագրական սխալների շարքը դարձնելով անշրջելի:
Հիմա իշխանությունը մտածում է ընդդիմադիր երեք առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին։
Այս սցենարը գուցե «աշխատեր» քարոզարշավի մեկնարկին, երբ ընդդիմադիր էլեկտորատը դեռ կոնսոլիդացված ու մոտիվացված չէր:
Հիմա ուշ է:
Եթե «խաղից դուրս» թողնվի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, չեն կարող «փոշիանալ» ընդդիմադիր առաջատար ուժի ձայները, ընդամենն այդ ձայները փոխանցվելու են մյուս երեք ընդդիմադիր ազդեցիկ ուժերին և երկրում ստեղծվելու է հեղափոխական վիճակ:
Եթե որոշում կայացվի «Հայաստան» դաշինքին ընտրապայքարից դուրս թողնելու որոշում, Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածը, որը ամենաքաղաքականն ու մոտիվացվածն է, տանը չի նստելու և անմիջապես կողմնորոշվելու է դեպի ընդդիմադիր հիմնական ուժերը:
ԲՀԿ-ն արդեն ունի ընտրողների մոտիվացված և էներգետիկայով հարուստ բանակ՝ ընդգծված խարիզմատիկ լիդերով, ու հաստատապես նրան ընտրապայքարից «դուրս թողնելու» պարագայում՝ Փաշինյանը չեզոքացնելու է այս կամպանիայի կայունացնող գործոնը ու իր անխուսափելի հեռացումն ուղեկցելու է ցնցումներով:
ԲՀԿ ընտրազանգվածը մեկ կոչով իր ձայները տալու է ընդդիմադիր երկու-երեք ուժի, ինչի արդյունքում Փաշինյանը նոր խորհրդարանում ստանալու է ընդդիմադիր երեք ուժերից կազմված մեծամասնություն («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և այս պարագայում, վստահաբար՝ Թաթոյանի ֆրակցիա), հեռացվելու է իշխանությունից, սակայն ավելի վատ սցենարով, քանի որ չի լինելու ԲՀԿ կայունացնող գործոնը:
Մի խոսքով, Փաշինյանին հրամցված սցենարը և հնարավոր երկրորդ ճակատագրական սխալը պարտված խաղ է նրա համար: Պարտությանը գումարվելու է նաև ընտրությունները «հարամելու» պատասխանատվությունը, ինչն ավելի է բարդացնելու պարտվող իշխանության վիճակը:
Իրականում, հունիսի 7-ը շանս է հենց Փաշինյանի համար: Նորմալ ընտրություններ կազմակերպելու և անցնցում հեռանալու շանս: Այդպիսի շանս նա այլևս չի ունենալու:
Իսկ եթե Փաշինյանը կոպտագույն «հարամություններով» մնա իշխանության, դա լինելու է խիստ կարճատև և իշխանության համար վտանգավոր ու անկանխատեսելի սցենարներով»: