Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները. «Ժողովուրդ»

78
Այսօր, 09:06
Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, երկամսյա կալանքի է տարել Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացված դատավոր Արամ Գրիգորյանը։ Նշենք, որ Գրիգորյանը հայտնի է մի շարք աղմկահարույց քրեական գործերով։ Նրա վարույթում են մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների գործեր, մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ կապված վարույթները։ Ուսումնասիրել ենք մի շարք աղմկահարույց գործեր քննող դատավոր Արամ Գրիգորյանի հրապարակային հայտարարագրային տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա և ինչպես է այն ձևավորվել պետական համակարգում աշխատելու տարիների ընթացքում։ Դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազական և քննչական համակարգերում, իսկ ներկայում զբաղեցնում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը՝ մասնագիտացած լինելով կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։

Ուսումնասիրած հայտարարագրերի համաձայն՝ դատավոր Արամ Գրիգորյանը վերջին տարիներին հայտարարագրել է հետևյալ գույքն ու ֆինանսական միջոցները։

Նա ունի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ստացել է ժառանգությամբ։ Բացի այդ, հայտարարագրել է նաև 90 օր և ավելի տիրապետվող ավտոտնակ և ավտոկայանատեղի։ Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Ֆինանսական միջոցների մասով 2024 թվականի հայտարարագրում նշված է, որ դատավորի բանկային հաշիվներին առկա է շուրջ 6,600 ԱՄՆ դոլար և 2,445,000 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են 5,000 եվրո և 15,000 ԱՄՆ դոլար։ Դատավորի հիմնական եկամուտը ձևավորվում է պետական աշխատավարձից․ ըստ հայտարարագրի՝ նա ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից ստացել է շուրջ 15,9 միլիոն դրամ աշխատավարձ։ Բացի այդ, հաշվետու տարում նա հայտարարագրել է նաև շուրջ 4,8 միլիոն դրամի ծախսեր՝ կապված ճանապարհածախսի և կեցության հետ։ 2023 թվականին Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 18,2 միլիոն դրամ աշխատավարձ, ինչպես նաև բանկային և կանխիկ միջոցներ՝ ներառյալ դոլար և եվրո։ 2022 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 10 միլիոն դրամ, որը ներառում է աշխատավարձ, կենսաթոշակ և այլ պետական վճարումներ։ Այդ տարվա ընթացքում նա ունեցել է նաև շուրջ 6,800 դոլար կանխիկ միջոց»: