Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 15 մարտի, 2026 թ.

«ԱՄՆ-ն չունի ցամաքի վրա մեծածավալ ու երկարատև պատերազմելու ընդունակ մարտունակ մեծ բանակ». Գարիկ Քեռյան

71
Այսօր, 12:18
«ԱՄՆ-ն չունի ցամաքի վրա մեծածավալ ու երկարատև պատերազմելու ընդունակ մարտունակ մեծ բանակ». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ն ամենահզորն է իր ռազմական և տնտեսական կարողություններով: Ոչ մի պետություն չի կարող հավասարվել նրան բոլոր առումներով: Այն մնում է թիվ մեկ գերտերությունը: Նա առաջինն է, սա անվիճելի ճշմարտություն է և հանրահայտ իրողություն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև մեր օրեր: Իսկ ինչու եմ այս մասին գրում, երբ որ դա բոլորը գիտեն: Բայց այս ամենի հետ մեկտեղ կա մեկ այլ իրողություն որը շատերը չեն գիտակցում կամ պարզապես չգիտեն, հնարավոր է, որ չեն բարձրաձայնում քաղաքական դրդապատճառներով: Որն է՞ այդ իրողությունը կամ ԱՄՆ-ի հակառեյտինգը: Այս երկիրը չունի ցամաքի վրա մեծածավալ ու երկարատև պատերազմ վարելու ընդունակ մարտունակ մեծ ցամաքային բանակ, առանց որի վերջնական հաղթանակ պատմության ընթացքում երբեք չի եղել: Որքան էլ երկարատև և հզոր հրթիռային հարվածներով ավերես քո թշնամի երկիրը, քանի դեռ չես գրավել նրա տարածքը հաղթանակի մասին խոսելն աբսուրդ է: Առաջին համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ը ցամաքային ռազմական գործողությունների մեջ մտավ միայն 1917թ. գարնանը, երկրորդի ժամանակ՝ միայն 1944թ. հունիսին: Երկու դեպքում էլ ավարտական փուլում, երբ պատերազմները գնում էին ավարտի: Ամերիկյան ցամաքային զինված ուժերը ցավալի պարտություն կրեցին վիետնամական տասնամյա պատերազմում, փախան պարտվելով աֆղանական արմատական իսլամիստներից, խեղճացան Իրաքում և այլն: Իհարկե, եթե Թրամփը պատմագիտական կրթություն ունենար ապա հաստատ կմտորեր այս իրողությունների մասին, Իրանի դեմ պատերազմ սկսելուց առաջ: Սակայն գիտենք նաև, որ ԱՄՆ-ում գործում են մի քանի հարյուր ուղեղային, հետազոտական վերլուծական կենտրոններ որոնք բարձրակարգ և հավաստի տեղեկատվություն և խորհրդատվություն են մատուցում պետական մարմիններին և հատկապես նախագահական ադմինիստրացիային: Ինչպես ստացվեց, որ վերը նշված պարզ հանգամանքները անտեսվել են: Կա վարկած, որ Թրամփը և նրա ստրատեգները հույս են ունեցել, որ հրթիռային հարվածներով Իրանի ողնաշարը ջարդելուց հետո կկազմակերպեն ցամաքային ներխուժում հարևան երկրների բանակների ներգրավմամբ: Հավանաբար նկատի են ունեցել Իրաքյան Քուրդիստանին, Թուրքիային, հնարավոր է նաև արաբական պետություններին և նաև Ադրբեջանին: Բայց այս պլանն էլ ոնց որ, թե չի աշխատում: Ոչ ոք չի ուզում թնդանոթի միս աշխատել: Հաջորդ շրջանառվող վարկածը վերաբերվում է ռեժիմի փոփոխությանը, ըստ այս սցենարի հրթիռային հարվածներից և ղեկավարության սպանությունից հետո իսլամական վարչակարգը տապալվում է և նոր իշխանությունները գնում են կապիտուլյացիայի նմանվող ինչ որ հաշտության ստորագրման: Այս սցենարն էլ , որի հեղինակները հավանաբար նստում են Թել Ավիվում, ևս չի աշխատում: Հիմա Թրամփը հայտարարում է հաղթանակի մասին, բայց տարօրինակն այն է, որ օգնության է կանչում մեծ նավատորմ ունեցող պետություններին Հորմուզի նեղուցը բացելու համար: Նույնիսկ խոստումներ է տալիս Պուտինին: Իսկ նավթի գների աճը օրեցօր հզորացնում են Ռուսաստանին, որն ուղղակի փոխում է ուժերի հարաբերակցությունը ուկրաինական ճակատում: Սրանից առավել ահաբեկված են Բեռլին-Փարիզ-Լոնդոն-Բրյուսել ակումբի ժողովրդավարասեր կառավարողները: Վերջում շատ տեղին է վերհիշել հայկական ժողովրդական շատ իմաստուն ասացվածքը «յոթ անգամ չափիր, նոր մեկ անգամ կտրիր»: Խաղաղություն Իրանին և հարևաններին»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան