«Նոբելյան մրցանակակիրը ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից»․ Լևոն Ազիզյան
96
Այսօր, 09:48
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոբելյան մրցանակակիրը ստեղծել է սարք, որը ջուր է ստանում չոր օդից։ Քալիֆորնիայի Բերկլիի համալսարանի քիմիկոս Օմար Յագին մշակել է սարք, որը կարող է խմելու ջուր ստանալ անմիջապես օդից՝ առանց ջրամատակարարման համակարգին կամ էլեկտրական ցանցին միացված լինելու։ Տեխնոլոգիան հիմնված է մետաղաօրգանական շրջանակների (MOF) վրա, դրանք իրենցից ներկայացնում են սինթետիկ ծակոտկեն նյութեր, որոնք կարողանում են կլանել օդի խոնավության մոլեկուլները նույնիսկ շատ ցածր հարաբերական խոնավության պայմաններում։ Այդ նյութից ընդամենը մի քանի գրամի ընդհանուր մակերեսը համադրելի է ֆուտբոլային դաշտի մակերեսի հետ։ Ցերեկային ժամերին արևային ջերմությունը տաքացնում է նյութը, ինչի արդյունքում կուտակված խոնավությունը արտազատվում է գոլորշու տեսքով, որը հետո խտանում և վերածվում է հեղուկ ջրի։ Ի տարբերություն օդի սովորական չորացուցիչների, որոնք աշխատում են մինչև ցողի կետ սառեցնելու սկզբունքով, MOF տեխնոլոգիան արդյունավետ է նույնիսկ 20%-ից ցածր խոնավության պայմաններում, այսինքն՝ այնպիսի միջավայրում, որտեղ ավանդական մեթոդները գրեթե անարդյունավետ են։ Դաշտային փորձարկումները իրականացվել են Մոհավի անապատում, որտեղ մոտ 10% խոնավության պայմաններում սարքը երեք օրվա ընթացքում հավաքել է ավելի քան երկու լիտր ջուր։ Տեխնոլոգիայի արդյունաբերական տարբերակը, որը մշակում է Յագիի հիմնած Atoco ընկերությունը, չափերով համադրելի է 20 ոտնաչափ ծովային կոնտեյների հետ և նախատեսված է օրական մինչև 1000 լիտր ջուր արտադրելու համար։ Սարքը չի պահանջում ենթակառուցվածքներ և չի առաջացնում խտացված աղային մնացորդ (աղաջուր), ինչը բնորոշ է աղազերծման կայաններին։ Օմար Յագին 2025 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ ռետիկուլյար քիմիայի ստեղծման համար՝ որպես գիտական ուղղություն, որի վրա հիմնված են MOF նյութերը։ Նրա համար այս նախագծի վրա աշխատելու շարժառիթներից մեկը անձնական փորձն էր․ Յագին մեծացել է ??Ամմանի պաղեստինյան թաղամասում, որտեղ ջուրը մատակարարվում էր ընդամենը երկու շաբաթը մեկ անգամ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ չունի անվտանգ խմելու ջրի հասանելիություն։ Յագին իր տեխնոլոգիան դիտարկում է որպես այս խնդրի դեցենտրալացված լուծում․ ապագայում փոքր տնային սարքերը կարող են ջուր ապահովել առանձին տնային տնտեսություններին՝ նույն սկզբունքով, ինչպես արևային վահանակները էներգետիկայի ոլորտում»։