Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2026 թ.

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել

106
Այսօր, 00:30
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել

Թուրքիայի Անտիոք հնագույն քաղաքում պեղումներ իրականացնող հնագետները հայտնաբերել են շուրջ 1500 տարվա պատմություն ունեցող պատարագային անոթ, որը զարդարված է պատկերներով, որոնք, գիտնականների խոսքով, քրիստոնեական պատկերագրության մեջ հայտնի նմանը չունեն։

Մ.թ. VI դարով թվագրվող երկու բռնակով անոթը զարդարված է տպավորիչ հորինվածքով, որը վերցված է Դանիելի գրքից․ մարգարեն պատկերված է իր տեսիլքի չորս գազանների և առյուծի հետ․ բոլորը ներկայացված են մեկ առարկայի վրա։ Ինչպես նշվում է Arkeo News-ի հոդվածում, նման համադրություն նախկինում հայտնի ոչ մի արտեֆակտի վրա չի հանդիպել։

Անոթը հայտնաբերվել է հնագույն քաղաքի տարածքում գտնվող եկեղեցու ավերակների շրջանում։ Եկեղեցին ավերվել է մ.թ. 713 թվականին արաբական արշավանքների ժամանակ։

Ըստ Հին Կտակարանի Դանիելի գրքի՝ Դանիելը բաբելոնյան իշխանության ներքո ապրող հրեա աքսորյալներից էր։ Աստվածաշնչյան պատմությունը պատմում է, թե ինչպես նա ողջ մնաց՝ առյուծների գուբը նետվելուց հետո, իսկ տեսիլքներից մեկում նա նկարագրում է ծովից դուրս եկող չորս գազանների: Վերջերս հայտնաբերված անոթի պատկերները հիմնված են հենց այս տեսիլքի վրա, որը Դանիելին առնչվող ամենանշանակալի դրվագներից մեկն է հետագա հրեական և քրիստոնեական մեկնաբանություններում։

Նշվում է, որ հրեական ավանդույթը չորս գազաններին նույնացնում է Բաբելոնի, Մարաստանի, Պարսկաստանի և հելլենիստական թագավորությունների հետ, մինչդեռ քրիստոնեական մեկնաբանության մեջ չորրորդ գազանը, մասնավորապես, դիտարկվում է որպես Հռոմեական կայսրության խորհրդանիշ, իսկ երկնքից իջնող «Մարդու Որդին» խորհրդանշում է Մեսիայի գալուստը։ Այդ պատճառով Դանիելի տեսիլքը քրիստոնեության մեջ ավանդաբար մեկնաբանվում է որպես Քրիստոսի գալուստը կանխագուշակող տեքստերից մեկը։

Հենց այս ամբողջական սյուժեն է՝ իր ամբողջականությամբ, բոլոր առկա տարրերով, դարձնում անոթն այդքան կարևոր՝ քրիստոնեական պատկերագրության ուսումնասիրության համար։ Նշվում է, որ, անոթն աչքի է ընկնում ոչ թե ինչ-որ առանձին մոտիվով, այլ տեսարանի ամբողջականությամբ. Դանիելի տեսիլքի առանձին տարրերը՝ ինքը՝ մարգարեն, առյուծը, չորս գազանները՝ առանձին-առանձին հանդիպում են բյուզանդական դարաշրջանի այլ առարկաների վրա, սակայն ոչ մի հայտնի ստեղծագործություն այս բոլոր կերպարները չի միավորում մեկ կոմպոզիցիայի մեջ։