«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
16
Այսօր, 00:42
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, քանի դեռ հարևան հանրապետությունում համոզված են, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում: Դիվանագիտության մեջ կա մի չար բան, մի չէ՝ շատ չար բաներ կան: Դրանցից մեկն այն է, որ կողմերից մեկին թվում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում, անգամ, երբ ակնհայտ է, որ բան է փոխվել և այլևս իր օգտին չի աշխատում: Այս չար շրջափուլի մեջ մենք հայտնվել էինք 1994-ից հետո, երբ մենք վստահ էինք, որ ժամանակը մեր օգտին է աշխատում: Նույն շրջափուլի մեջ կարող է Ադրբեջանը հայտնվել, չեմ ասում՝ հայտնվել է արդեն կամ վաղը կհայտնվի կամ հինգ տարի հետո կհայտնվի: Բայց փաստ է, որ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ և ոչ էլ՝ սահմանազատում-սահմանագծում, այլապես զրո վերջնարդյունքով խաղի ավարտից հետո կարող էր գնալ դեպի իր պարտադրած խաղաղությանը: Չի գնում, ակնհայտորեն: Գանձասարի թեման տաք պահելը դրա ապացույցներից է: Հիքմեթ Հաջիևը, որ խաղաղության կերտման երեք հիմնական պաշտոնյաներից է հարևան երկրում, ուղղակի սրում է իրավիճակն իր հայտարարություններով: Դուբայի իր ելույթում նա ասել է, որ Հայաստանում «ռևանշիստական ուժերը» փորձում են խաթարել խաղաղության գործընթացը և որ «Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ղեկավարությունը ևս պետք է աշխատեն իրենց ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»: Հիմա ես պատմությունից մի փաստական դրվագ կներկայացնեմ: Գիտեմ՝ ասելու եք, նմանություններ չկան, միակողմանի եմ ներկայացնում պատմությունը, ընտրողաբար եմ ներկայացնում և այլն: Բայց՝ ոչինչ, կարող եք ինձ քննադատել, իսկ այն, ինչ գրում եմ, շատերդ տեղյակ էլ չեք: 1918 թվականին Պոլսում ՀՀ արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը Օսմանյան կայսրության պաշտոնյաների հետ քննարկում էր նաև Բարձր Դռան պահանջը, այն է՝ Զորավար Անդրանիկին զինաթափել տալու պահանջը: Անդրանիկը համարվում էր հայ-թուրքական բարեկամության գլխավոր խոչընդոտը, այսօրվա բառապաշարով՝ ռևանշիստը: Սա եղել է, սա մե՛ր պատմությունն է: Կարծում եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության հռետորաբանության հարցում, կներեք օտար բառի համար՝ overdose է անում, ինչից հակառակորդի ախորժակը ավելի է բացվում: Նախչիվան, Քյարքի, դպրոցներում միայն իրական Հայաստանի գաղափարախոսություն և նման ձևակերպումները ոչ միայն նկատել չտալու են տալիս, այլև ակնհայտ տարածքային նկրտումներ ներկայացնում, ինչպես օրինակ՝ Արևմտյան Զանգեզուր ձևակերպումն է: Ես չեմ ուզում մտածել, որ մեր արևելյան և արևմտյան հարևանի պահանջով մեր կառավարությունը կարող է մտքի ծայրով անգամ անցկացնել, որ իբր՝ Հայաստանում կան ռևանշիստական ուժեր և դրանք պետք է փակվեն, խլացվեն: Բայց կրկնեմ, որ մեր պատմության մեջ նման դեպք եղել է»: