«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
35
Այսօր, 02:06
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առավել քան ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը հանգեցնելու է սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների Հայաստանում։ Հարաբերությունների վատթարացման նման տեմպերի պայմաններում բացասական հետևանքների մեծ ալիքը հարվածելու է հատկապես 2026-27 թթ. ձմռանն ու հաջորդ տարվա գարնանը։ Իսկ եթե Ռուսաստանը որոշի Հայաստանին գազը վաճառել շուկայական գնով, ապա 90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է։ Նույնիսկ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն է հայտարարում, որ գազի գնի բարձրացումը կարող է ապոկալիպտիկ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Նիկոլ Փաշինյանին հավատացողների մեծ մասը հույս ունի, որ նա կկարողանա լեզու գտնել Ռուսաստանի իշխանությունների հետ ու իրենց փրկել վերահաս աղետից։ Սակայն նրանք մի պարզ իրողություն չեն ուզում ըմբռնել․ Նիկոլ Փաշինյանը, բացի իրենից ու իր իշխանությունից, որևէ մեկին փրկել չի պատրաստվում։ Իշխանության մնալու համար նա պատրաստ է զոհաբերել ոչ միայն իրեն հավատացողների ու քվեարկողների շահերը, այլ նաև՝ պետության շահերը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրական պատրաստակամություն ունեցող իշխանությունը տևական ժամանակ հետևողականորեն չէր գեներացնի հակառուսական տրամադրություններ, արհեստական լարվածություն չէր մտցնի Կրեմլի հետ հարաբերություններում։ Հիմնավոր կասկած է ձևավորվում, որ փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է սրում իրավիճակը։ Հակառակ դեպքում՝ ճգնաժամի պայմաններում նա չէր ձերբակալի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակից աչքի ընկնող քաղաքական գործիչներին՝ հատկապես Անդրանիկ Թևանյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը զուտ շոուի էլեմենտ հաղորդելու համար չէր խոսի Հայաստանում իբր սոցիալական ցանցերի ազատության և ինչ-որ երևակայական ժողովրդավարական ազատությունների մասին։ Սա, մի կողմից, լարվածություն է առաջացնում Ռուսաստանի ղեկավարության հետ շփումներում, մյուս կողմից՝ իրականության հետ կապ չունեցող պնդում է։ Ժողովրդավարական ազատությունների մասին չի կարող խոսել մի երկրի ղեկավար, որտեղ աչքի ընկնող գործիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում ստատուս գրելու համար։ Ինքզինքը «ժողովրդավարական բաստիոն» հռչակած իշխանությունը քաղաքական աննախադեպ հետապնդումներ չէր սանձազերծի ու բանտերը չէր լցնի քաղբանտարկյալներով։ Նման հայտարարություններն արվում են զուտ հարաբերությունները լարելու համար։ Անգամ Հայաստան եկած ռուս ռելոկանտների գործոնն օգտագործվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն առաջացնելու համար։ Այդ գործոնն օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ պաշտոնական Մոսկվային գրգռելու համար։ Նման դրսևորումներ նկատվում են հատկապես 2022 թվականից հետո, երբ Հայաստանում հաստատված՝ հակաիշխանական տրամադրություններով ռուս ռելոկանտները Երևանի փողոցներում տարատեսակ ակցիաներով բողոքում են Ռուսաստանի իշխանությունների դեմ։ Ներկայումս էլ միտումը պահպանվում է։ Առավել ևս, որ խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ նրանց մի մասին ռուսական որոշ ընդդիմադիր շրջանակներ կազմակերպելու են Պետդումայի ընտրություններից առաջ՝ հակաիշխանական քվեարկության ուղղորդելու համար։ Սոցցանցերում տեղեկություն է շրջանառվում, որ Հայաստանի հեռավոր գյուղերում Ռուսաստանում իշխանափոխություն կազմակերպելու վերաբերյալ քննարկումներ են անցկացվում ռուս ընդդիմադիրների մասնակցությամբ։ Այս տեղեկատվության հարքում դեռ չի եղել»: