Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ.

«Ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան». Գոռ Մադոյան

49
Այսօր, 00:30
«Ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շաաաաատ երկար տեքստ ՀՀ ատոմային ապագայի մասին

Ա. Ինչ ունենք
Միջուկային էներգիա՝ ~ 27–28 % (ներկրում֊կառավարում ռուսական)
Գազ/ՋԷԿ - 30 % (ներկրում֊կառավարում՝ ռուսական)
Հիդրո/ՀԷԿ - 26 % ( Սևան֊Հրազդան կասկադ՝ ռուսական)
Արևային՝ - 15 % (ոչ ռուսական)
Քամի՝ - 1 % (ոչ ռուսական)
Ամենամոտ հաշվարկներով ՀՀ էներգետիկ համակարգի 70-80% ռուսական կապիտալ/ենթակա է ու վերջին 8 տարում այս հարցով բան չի փոխվել։

Հետո, Մեծամորի ԱԷԿ-ի գործող բլոկը տալիս է 27-28%֊ը ողջ էներգիայի։ Ռոսատոմը ներկրում է ուրանը, զբաղվում կառավարմամբ և միջուկային թափոնների ուտիլիզացիայով (ֆուլ սերվիս, ինչպես մնացյալ երկրների ու կառավարիչների դեպքում է լինելու)։ Մինչև վերջերս Ռոսատոմը (Մեծամորի ԱԷԿ կառավարիչն ու ՌԴ պետական կորպորացիան) հայտարարել էր, որ հայկական ԱԷԿ կարող է գործել մաքսիմում մինչև 2036թ։ Այսինքն, մեզ մնացել է 10 տարի նոր ատոմակայան ունենալու կամ ատոմազուրկ դառնալու համար։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռանկար կա այն ևս 10 տարով երկարաձգելու, մինչև ասենք 2046: Հրաշալի լուր, քանի որ 2036թ արդեն ուշացել ենք, նույնիսկ մոդուլայինների հաշվարկը բոլոր հնարավոր աղբյուրներն ասում են 10-12+ տարի։

ԱՄՆ տարբերակ
Բ. Նոր ատոմակայան ունենալու տարբերակները մեծ չեն, ընտրում ես կամ դասական ռեակտորներ 1000-1200ՄԳՎ կամ մոդուլայինները (SMRs-Small Modular Reactors) (որը մեր մասշտաբի համար ամենահարմարներն են ու իդեալականը 300-700)։ Նույնիսկ մոդուլայինի դեպքում ոնց ԱՄՆ փոխնախագահ Վենսն աս,աց մինիմում 9 մլրդ դոլարի հարց ա։ Սա մինինում, իրենք Օհայո նախագծից են հավանաբար հաշվել։ 9 մլրդ դոլարը պատկերացնելու համար հիշեք որ ՀՀ պետական պարտքը 14 մլրդ է, ՀՆԱ-ն՝ 27մլրդ։ Պետական պարտքը 55-60% է, նոր վարկով կհասնի ասենք 70%:

Օքեյ, Plan A. Եթե Հայաստանն ի վերջո ընտրում է ԱՄՆ տարբերակը, ապա պետք է վարկ տվող գտնի։ Հավանական է ԱՄՆ֊ն էլ վարկ տա, օրինակ EXIM֊ը (The Export–Import Bank of the United States), ոնց էլ չլինի գոնե տարեկան 4-5% լավագույնը, դա էլ տարին մոտ 200մլն դոլար հավելյալ վարկ, արդեն մի 600-700 մլն դոլար էլ ունենք երևի։ Էլի խնդիր չի լինի եթե ՀՀ տնտեսությունը մի 10-15տ երաշխավորված 5-6%+ աճի գոնե պարտքը հասցնի սպասարկի։ Եթե ԱՄՆ-ի վերջո որոշում է վարկ տալ ու Հայաստանը պահել միջուկային քարտեզին, դա նախևառաջ քաղաքական, գեոպոլիտիկ որոշում է՝ դրանից բխող հետևանքներով։ Հայաստանը որոշակիորեն անկախանում է ռուսական ամենակուլ կախվածությունից ու դիվերսիֆիկացնում իր էներգետիկ սեկտորներից ամենակարևորը։ Մենք վերջնական ոչ մի բան չունենք այս հարցով, դեռ նոր է ստորագրվել հուշագիր բանակցությունների ավարտի մասին, ավելի ինֆո չկա, ոչ վարկային հեռանկարի, ոչ կառուցողի, ոչ մրցույթի ու դիմողների։ Մի բան էլ հիշենք, որ եթե ԱՄՆ-ն իրապես որոշի դա անել, նրա տարածաշրջանային գործընկեր, ռազմական ու լոգիստիկ օպերատորը Թուրքիան է, որը ակնհայտ դեմ կլինի դրան: Այնքան դեմ որ նույնիսկ Կարս֊Նախիջևան նոր երկաթուղու ծրագրով Հայաստանը կրկին դուրս է մնում տարածաշրջանային հաղորդակցություններից, շրջանցվում է, դառնում մարգինալ (երեկ Փաշինյանն ինքն էր բողոքում այդ թեմայով ու ասում որ Թուրքիայից այդ հարցով պատասխան չկա)։

ՌԴ տարբերակ
Plan B. Ավելի կարևոր հարց, եթե Հայաստանի իշխանությունը ընտրում է ԱՄՆ տարբերակը ապա որն է ռուսական հնարավոր ռեակցիան, ի վերջո եթե Փաշինյանը ճիշտ է և Մեծամորի ԱԷԿ֊ը դեռ կարող է +10 տարի ձգել 2036֊ից հետո, ապա որն է լինելու ՌԴ շահը երկարաձգել պայմանագիրը և մեզ համար անվտանգության փափուկ բարձիկ ապահովել մինչև նորի կառուցումը, եթե նորը կառուցելու է իրենց հակառակորդը ու իրենց շահերից դա ամենևին չի բխում։ Կարո՞ղ են էներգակիների գները բարձրացնել՝ այո, տնտեսական ճնշումնե՞ր՝ այո, ՀՀ֊ին զրկել զուգահեռ արտահանման միլիոնավոր դոլարների եկամուտներից՝ այո, փակել շուկաները ՀՀ արտահանման՝ այո, բազմաթիվ գործիքներ կան սանկցիաների, եթե նրանք իրապես չուզեն, որ մենք ընտրենք ԱՄՆ-ի տարբերակը և հարց, եթե ԱՄՆ-ի տարբերակը իրատեսական է, ապա ինչո՞ւ մենք չենք տեսնում սանկցիաներ (ռուսների թուլացման ու տարածաշրջանից հեռացման հեքիաթ պատմողներին խնդրում եմ ժամանակ չծախսել այստեղ ու ուսումնասիրել ՀՀ տնտեսական կառուցվածքի, հիմնական խաղացողների, ներկրման ու արտահանման կառուցվածքը 2020թ և 2022թ հետո):

Եթե ռուսներն ուզեն կառուցել նորը, նրանք են ստիպված մեզ վարկավորելու, ոչ մի ԵՄ կամ ԱՄՆ բանկ ռուսական ատոմակայանի համար մեզ վարկ չի տա։ Այդ դեպքում, միգուցե, տրամաբանական լինի որ իրենք էլ երաշխավորեն ու խոստանան 2046թ մինչև ձգել Մեծամորի ԱԷԿ շահագործումը՝ իրենց իսկ փաթեթն առաջ մղելու համար։

Ովքեր են դեմ
Առնվազն Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք ոչ միայն տարիներով պահանջում են փակել Մեծամորի ԱԷԿ֊ը, այլև աընդհատ էկոլոգիական խնդիրներով հարձակվում են մեզ վրա։ Նաև ԵՄ֊ն, որոհետեւ գործող բլոկը հին է, իսկ նորը՝ եթե ռուսական լինի՝ դեմ կլինի, եթե ԱՄՆ՝ չգիտեմ, միգուցե էլի դեմ։ Թուրքիան ոչ միայն ԱԷԿ֊ն է փակել պահանջում, այլև դեմ է նորի կառուցմանը, նաև Արաքսի ջրերն է հետևողական ուղղում իր հիդրոհամալիր, մեզ ջրազրկելով նաև հնարավոր հիդրոէներգիայի ու գյուղատնտեսության ոլորտում։
Ադրբեջանը դեմ կլինի, որովհետեև եթե միջուկային չունենանք, մեծ է շանսը որ իրենցից գազ առնենք հոսանք արտադրեք, դառնալով նրանցից կախված՝ ռեսուրսային գծով։
Դեմ կլինի նաև Ռուսաստանը, եթե ինքը դուրս մնա ու չկառուցի/չլինի նոր ատոմակայանի էներգաբլոկի փայատեր։ Եթե կառուցի էլ, ապա միգուցե մեծը(բայց մեծը միայն Հայաստանին շատ է, այն պետք է ուրեմն տարածաշրջանային ֆունկցիա ունենա, իսկ փոքրը եթե փորձ ու տեխնոլոգիա ունի՝ միգուցե)։

Տնտեսապես, միգուցե, ձեռնտու լինի ուղղակի գազ առնել հոսանքի վերածել, զարգացնել արևային էներգետիկան ու հիդրոն, մանավանդ որ ՀՀ արդյունաբերությունը չի աճում, բնակչությունը չի աճում, տնտեսությունը նոր հզորությունների կարիք չունի մեծ իմաստով ու հզոր ատոմակայանը գոնե մոտակա հեռանկարում ֆինանսապես շահութաբեր չի լինի ներդրողների համար։ Մյուս գործոնը, ատոմակայանը կարևորը է ռուսների համար որպես քաղաքական ազդեցության գործիք, ռոսատոմի տնօրեն էր Կիրիենկոն, ԱՊՀ երկրների կուրատորը, որը 2007֊16թթ ռոսատոմի տնօրեն եղած ժամանակ նաև զբաղվում էր այդ հարցերով։ Բայց էլի, եթե քաղաքականապես ռուսները ուզեն ու փող տրամադրեն դրա համար, որովհետև տնտեսապես հեռանկարը մշուշոտ է ու երկրորդական։

Սրանից զատ, ինչ է արել ՀՀ իշխանությունը ռեսուրսներ կուտակելու, ֆինանսներ կուտակելու ու հնարավոր ՌԴ սանկցիաներին դիմակայելու համար, եթե ընտրի ԱՄՆ տարբերակը։ Ոչինչ սիրելիներ, ավելի է խորացել ՌԴ տնտեսական կախվածությունը, նույն երդումներն են հավատարմության, դիվերսիֆիկացիա է ներկայացվում ՀՀ արտահանումը էմիրատներ, երբ դա ՌԴ ոսկու վերաարտահանում է, ՀՀ ամենամեծ հարկատուն՝ ԶՊՄԿ ռուսական է, հեռախոսներ արտահանողը՝ ռուսական է, տելեկոմները կամ ռոսւական են կամ կապված օլիգարխների հետ(Ուսմանով և ոչ միայն), Յանդեքսը ՀՀ ամենամեծ գործատուն է, Երևանի՝ ՀՀ ամենամեծ միավորի տվյալները գնում են Յանդեքսին(վերջին հուշագրով), նույնիսկ Թրիփի թեմայով խոսվում է ՌԴ երկաթգծերի մասնակցության մասին։ Այսինքն իրապես հնարավոր ԱՄՆ ընտրության ու հնարավոր սանկցիաների/ռիսկների դեմ ոչինչ, ուղղակի ոչինչ չի արվել, ամբողջ 8 տարի իշխանությունն ու յուր կույրաղիք եթերագլուխները զբաղվում են թոզփչոցիով։ Սա տնտեսական կախվածության մասին է, որովհետեև ռազմական կախվածությունը ներկայում երկրորդական է, քանի որ ՌԴ 2020թ հետո փոխել է իր գերակայության ու ներկայության ֆորմատը Հայաստանում։

Նոր ատոմակայանի մրցույթն ու շահողը իսկական քննություն են լինելու ՀՀ իշխանությունների իսկական ու իրական «արևմտամետության» ու «ռուսամետության» համար, իհարկե եթե ԱՄՆ իրապես հետարքրքված է այս տարածաշրջանում հիմնավորապես հաստատվել և Թուրքիայից զատ այլ հենարան ունենալ և Հայաստանի իշխանությունը իրապես ընտրության առաջ կանգնի, այլ ոչ թե այս կամ այն ուժերի երեսը փրկի։ Չմոռանանք որ Թրամփը վերջերս էր հայտարարել որ Հարավային Կովկասը Պուտինինն է՝ (‘But Putin told me, “I cannot believe you got this war settled. I’ve worked on it for 10 years”, [...] because [...] it’s his territory’.).

Ամփոփելով, եթե Հայաստանն ընտրի ԱՄՆ տարբերակը դա իրական հարված ու միակ ամենաշոշափելի հակառուսական քայլը կլինի 2018թ ի վեր։ Եթե մնա ռուսական տիրույթում կշարունակի նույն պրոռուսական գիծը՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, զուգահեռ արտահանում, ԶՊՄԿ, տելեկոմ, երկաթուղի և այլն և այլն, ինքներդ կհիշեք։ Իմ անձնական կանխատեսումն է որ այդ նոր ատոմակայանը կամ կկառուցեն ռուսները(եթե կառուցեն, որովհետև դրան էլ եմ կասկածում) կամ այն ընդհանրապես չի կառուցվի։

Հ.գ. ինքներդ այսքան փոփոխելիներն ու անհայտներն ու պայմանները համադրելով ձեզ համար մտածեք ու վերլուծեք, թե ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան»։

Աղբյուրը`   Գոռ Մադոյան