«Ովքե՞ր են «ներգաղթողները», արդյո՞ք ադրբեջանցիներ չեն». Կարեն Հեքիմյան
143
Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ., 18:48
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական Ալեքսանյան Վահագնը հանրությանը տեղեկացրեց «ՀՀ-ում ներգաղթի ժամանակաշրջանի» բացման մասին: «ՀՀ-ում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը»,- հայտարարեց հանրաճանաչ ՔՊ-ականը: Իսկ ո՞ւմ համար է բացվում «ներգաղթի ժամանակաշրջանը»: Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «ներգաղթ»: Ըստ հանրամատչելի տեղեկությունների, մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկրների քաղաքացիների մուտքը տվյալ երկիր կոչվում է «ներգաղթ»: Եթե կամավոր «ներգաղթն» իրականացվում է միևնույն էթնոսի շրջանակներում, ապա դրան անվանում են «հայրենադարձություն»: Եթե «ներգաղթը» կամավոր չէ, այլ պայմանավորված է քաղաքական, սոցիալական, տնտեսական հետապնդմամբ, ապա գործ կունենանք «փախստականների» հետ: Օրինակ՝ արցախահայերը, սիրիահայերը ոչ թե ներգաղթյալ են, այլ փախստական, քանզի վերջիններս իրենց օջախները լքել են ոչ թե կամավոր, այլ ստիպված: Իսկ ներգաղթյալ են, օրինակ՝ Գերմանիա, ԱՄՆ կամ Ռուսաստան տեղափոխված այլազգիներն, այդ թվում ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիները: Այլ կերպ ասած՝ եթե ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացին ԿԱՄԱՎՈՐ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ Է: Եթե ինչ-որ այլ պետության քաղաքացի (անկախ ազգությունից) ՍՏԻՊՎԱԾ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՓԱԽՍՏԱԿԱՆ Է: Եթե օտարազգի օտարերկրյա քաղաքացին ԿԱՄԱՎՈՐ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՆԵՐԳԱՂԹՅԱԼ Է: Ստացվում է՝ ՔՊ-ական Ալեքսանյան Վահագնը խոսում է Հայաստան ժամանող ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ մասին, որոնք դասական ձևակերպմամբ օտարազգի օտարերկրյա քաղաքացիներ են, որոնց համար «ՀՀ-ում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը»: Ովքե՞ր են նրանք: Արդյո՞ք ադրբեջանցիներ չեն: Ըստ մեկ այլ վարկածի, Ալեքսանյան Վահագնը հայրենադարձությունն ու ներգաղթն իրարից չի տարբերում: