Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.

«Հաղթանակ ուզող, հաղթելու մոլեռանդությամբ ապրող բանակ եմ ուզում»․ Գարեգին Խումարյան

64
Այսօր, 21:36
«Հաղթանակ ուզող, հաղթելու մոլեռանդությամբ ապրող բանակ եմ ուզում»․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 մաղթանք սիրելի բանակին
1․ Ուզում եմ, որ բանակը վստահ լինի, որ պետության մեջ տաճարի պես մի բան է։ Տեղ, ուր մարդիկ գալիս են ապա և ուղարկում իրենց զավակներին երկիր ունենալու գինը՝ անկախ պահի փոխարժեքից, գիտակցաբար և բարեխղճորեն վճարելու։ Միակ տեղը, ուր պետականությունը կրում են ուղղակիորեն և ֆիզիկապես՝ ձեռքով, ոտքով․․․ երբեմն քարով ու ատամներով, եթե այդպես է պետք։
2․ Ուզում եմ, որ բանակը վստահ լինի, որ քաղաքական մեր ինքնության առանցքն է, պետության բովանդակության ճարտարապետը․ միակ տեղը, որտեղ մարդ դրոշին հավատարմության երդում է տալիս, և միակ տեղը, որ այդպիսի երդում ընդունել սկզբունքորեն կարող է։
3․ Մարտում հրամանատարի իշխանությունը բացարձակ է՝ ինչ-որ իմաստով վերերկրային։ Չկա այլ հանգամանք, որում բանական առողջ մարդը իր կյանքի ու մահվան վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը գիտակցաբար կփոխանցի ուրիշին։ Ուզում եմ՝ զինվորականները լիարժեքորեն գիտակցեն իրենց քաշը, և որ համազգեստը նաև խորապես քրմական այս պատասխանատվությունն է ենթադրում։
4․ Ուզում եմ՝ բանակում երբեք չմոռանան, որ մարդկության պատմությունը լայն իմաստով բանակների պատմություն է, ու առնվազն վերջին երկու հարյուր տարում ոչ թե պետություններն են ստեղծել բանակներ, այլ ընդհակառակը՝ բանակներն են ձևել քաղաքացիական ինստիտուտների բոլորիս ծանոթ համակարգերը՝ կրթությունից ու առողջապահությունից մինչև կենսաթոշակ և դատարաններ։
5․ Ուզում եմ՝ դուրս գանք բացասական ընտրասերման տասնամյակների արատավոր օղակից, որում նախաձեռնողներն ու հանդուգնները մղվում են լուսանցք, արգելակվում աստիճանակարգի միջին օղակներում, իսկ բնությամբ իրենց համար նախատեսված զորավարական դիրքերը զբաղեցնում են հնազանդներն ու ճարպիկները, որոնք երբեմն նաև ողբերգականորեն բութ են։ Բանակում այդպես չպիտի լինի։
6․ Ուզում եմ՝ բանակից հավերժ կորչի խեղճության այն խոսույթը, թե իրենք հասարակության հայելին են․ ինչպիսին մենք ենք, այդպիսին էլ՝ նրանք։ Ընդհակառակը՝ հատկապես մեր բանակը հարյուրամյակներ առաջ կոտորված հայկական ռազմաֆեոդալական ազնվականության միակ գործառնական փոխարինիչն է՝ երկրի իրական էլիտան, «սպիտակ ոսկորը» ու «կապույտ արյունը», որի վարքուբարքով է պայմանավորվում երկրում տիրող արժեքային մթնոլորտը։
7․ Ուզում եմ՝ նախորդ կետերում գրվածը առավելագույն խորությամբ գիտակցվի։ Որովհետև, եթե գիտակցվեց, բանակը չի հանդուրժելու գժի կամ գիտնականի թղթով, կամ թունավոր հղիության պատճառաբանությամբ ծառայությունից փախած մամայի բալեքի իր նկատմամբ քաղաքական առաջնորդություն ստանձնելու հավակնությունները։ Կապ չունի՝ օրենքով կամրագրվի, թե ավանդույթով՝ նվազագույն պարտքը չտվածները պիտի չհանդգնեն ղեկավար պաշտոնների մոտենալ։
8․ Շատ եմ ուզում, որ բանակը տեր կանգնի իր լավագույն զավակներին՝ 2020-23 թվականների կռիվներով անցած ու զորացրված նախկին ժամկետայիններին, որոնք այսօր մեր երկրի ամենաարժեքավոր մարդկային կապիտալն են։ Քսան տարեկանում պատերազմով անցած ու ողջ մնացած սերունդները քառասունում սկսում են հրաշքներ գործել՝ գիտության, արվեստի, տնտեսության ու քաղաքականության ասպարեզներում։ Աշխարհը, որում այսօր ապրում ենք, մեծապես 60-ականներին է այսպիսին դարձել՝ քսան տարեկանում Երկրորդ համաշխարհայինով անցած և քառասունին մոտեցած սերնդի ձեռքով։
9․ Ուզում եմ, որ բանակը վերջիվերջո ինքն իրեն խոստովանի, որ հաջորդ մեծ պատերազմի ժամանակ վճռական հարվածային ուժը ոչ թե ժամկետայիններն ու պայմանագրայիններն են լինելու, որոնց մի երկու շաբաթ հետո հետ է քաշելու սանիտարական համալրման ու վերակազմավորման, այլ հարյուր հազարավոր սկզբունքորեն քաղաքացիական մարդիկ՝ համապարփակ ռազմավարական ռեզերվը, որը այդ շաբաթների ընթացքում արդեն պետք է ծավալված լինի։ Եվ դա պահեստազորի հետ աշխատանքի սկզբունքորեն այլ որակ, ծավալ ու փիլիսոփայություն է ենթադրում։
10․ «Զինվորականները ամենախաղաղասեր մարդիկ են․ մեզանից ավելի շատ խաղաղություն ոչ ոք չի ուզում»․ ուսադիրներով մարդկանց շուրթերից շատերիս լսած այս արտահայտությունը ամենամեծ սեթևեթանքն ու ձևականությունն է։ Եթե պատերազմն իր մեծ ու փոքր ողբերգություններով տարերքդ չէ, ուրեմն այս կողմերում իզուր ես հայտնվել։ Հաղթանակ ուզող, հաղթանակի բերկրանքի տեսիլքով ապրող, հաղթելու մոլեռանդությամբ ու պատերազմի տարերքով ապրող բանակ եմ ուզում։
Շնորհավոր հունվարի 28։ Մաղթում եմ հաղթանակ»։