Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.

«Համաներումը հեշտ, բայց կործանարար ճանապարհ է»․ Հայկ Սարգսյան

89
Այսօր, 15:24
«Համաներումը հեշտ, բայց կործանարար ճանապարհ է»․ Հայկ Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին շատերն առաջարկում են «բանակից խուսափածների համար համաներում անել ու փակել թեման»։
Սա հնչում է հեշտ, բայց իրականում դա սխալ, անարդար և ապացուցված ձախողված մոտեցում է։
Ստորև՝ փաստերով և թվերով։
- ՆԿԱՐ 1 – 1995–2004 թթ.
Առաջին գրաֆիկը ցույց է տալիս, թե ինչպես է բանակից խուսափողների թիվը սկսել աճել 1995 թվականից։
1995-ին հետախուզվում էր ընդամենը 1.511 մարդ, իսկ արդեն 2004 թվականին թիվը հատեց 12.000-ը (12.117)։
Այսինքն՝ խնդիրը նոր չէ և չի ծնվել վերջին տարիներին։
- ՆԿԱՐ 2 – 2004–2025 թթ.
Երկրորդ գրաֆիկը ամենակարևոր ապացույցն է․
2004-ից մինչև 2026 թվականը անցել է 22 տարի, բայց հետախուզվողների ընդհանուր թիվը չի պակասել։ Այս ընթացքում եղել են տարբեր «միանվագ լուծումներ», եղել է նաև համաներում, բայց արդյունքը նույնն է մնացել։
Սա նշանակում է միայն մեկ բան՝ համաներումը համակարգային լուծում չէ։
2019 թվականին ես նույն գաղափարն էի առաջարկում, որը միայն 7 տարի անց կարողացա կյանքի կոչել՝
բանակից խուսափածներին տալ ծառայելու կամ վճարելու այլընտրանք, որպեսզի
✔ վերադառնան Հայաստան,
✔ ծառայեն կամ վճարեն,
✔ և պետությունը շահի։
Այդ ժամանակ բազմաթիվ պատգամավորներ ու «մասնագետներ» հեգնում էին․ ասում էին՝ «անթույլատրելի է», «ո՞նց կլինի գումար վճարեն չծառայելու դիմաց», «փողի դիմաց հարց լուծել չի կարելի»։
Բայց ի՞նչ արեցին նույն այդ մարդիկ հետո։ Ընդունեցին խայտառակ համաներում՝ 2021 թվականին ընդունվեց համաներման մասին օրենք։
Այդ պահին ունեինք 11.106 հետախուզվող։
Համաներումից օգտվեց ընդամենը 1360 մարդ։
Խնդիրը չլուծվեց, պարզապես տեղափոխվեց ապագա։
-ՆԿԱՐ 3 – Ներկայիս պատկերը ըստ տարիքի
Երրորդ գրաֆիկը ցույց է տալիս, որ այսօր հետախուզվողների մոտ 40%-ը 18–27 տարեկան երիտասարդներ են՝ շուրջ 4000 մարդ։
Եթե այսօր «միանվագ» համաներում անենք, ապա երբ այս 4000-ի 27 տարին լրանա, նորից կանգնելու ենք նույն փակուղու առաջ և նորից ինչ-որ մեկը ասելու է՝ «քանի՞ հոգու համար եք օրենք անում»։
Պետությունը չի կարող ապրել համաներումից համաներում։
1․ Համաներումն անարդար է ծառայածների նկատմամբ
Անարդար է հազարավոր տղաների նկատմամբ, որոնք ծառայել են,
անարդար է ծառայության ընթացքում վիրավորված զինվորների նկատմամբ, անարդար է զոհվածների ընտանիքների նկատմամբ։
Երբ մեկը 2 տարի կյանքն է վտանգել, իսկ մյուսը զրո օր ծառայելով և զրո դրամ վճարելով ազատվում է պատասխանատվությունից, դա արդարություն չէ։
Դա պետության կողմից ուղարկված սխալ ազդակ է։
2․ Իմ առաջարկը ոչ թե «փրկագին» է, այլ այլընտրանք
Ես չեմ առաջարկում «գնել ծառայությունը»։
Ես առաջարկում եմ ընտրություն․
․ ծառայել 24 ամիս,
․ ծառայել 12 ամիս և վճարել,
․ ծառայել 6 կամ 1 ամիս և վճարել ավելի բարձր,
․ կամ չծառայել և վճարել էական գումար։
Այսինքն՝
- կա ծառայություն,
- կա պատասխանատվություն,
- չկա անվճար ներում։
3․ Թվերը ցույց են տալիս, որ համակարգը աշխատում է 2024 թվականին ընդունված իմ օրենքից 17 ամսում օգտվել է 197 քաղաքացի, նրանք ծառայել են և/կամ վճարել են, և պետական բյուջե է մուտքագրվել 1.904.000.000 դրամ։
Սա իրական արդյունք է, ոչ թե տեսական արդարություն։
4․ Համաներումը խրախուսում է ապօրինությունը
Երբ պետությունը հերթական անգամ ասում է՝
«խուսափեք, հետո մի օր կհամաներեմ», նա ինքն է խրախուսում խուսափումը։
Իմ առաջարկած մոտեցումը հակառակն է ասում․
խուսափելը փակուղի է, վերադարձը՝ հնարավոր, բայց պատասխանատվությամբ։
5․ Կանխատեսելի պետություն
18–27 տարեկան երիտասարդը պետք է հստակ իմանա․
համաներում չի լինելու, ինքը կամ պետք է ծառայի,
կամ պետք է վճարի։
Միայն այսպես կարող ենք և՛ վերականգնել արդարությունը, և՛ բարձր գնահատել ծառայողների դերը։
Վերջում մի կարևոր հստակեցում
Շատերը հարցնում են՝
«ինչո՞ւ վճարենք, որ պատգամավորներն ու նախարարները պարգևավճար ստանան»։
Պատասխանը հստակ է՝ ոչ։
Ես դեմ եմ, որ այս գումարները գնան պարգևավճարների։
Առաջիկայում կառաջարկեմ հստակ մեխանիզմներ,
որպեսզի այդ միջոցներն ուղղվեն զինծառայողների սոցիալական ապահովմանը և վարձատրությանը։
Եզրակացություն
Համաներումը հեշտ, բայց կործանարար ճանապարհ է։
Պետությունը պետք է կառուցվի ոչ թե բացառություններով, այլ կանոններով, արդարությամբ և պատասխանատվությամբ»։

Նկար 1․ բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց թիվը՝ 1995–2004 թթ.
Նկար 1․ բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց թիվը՝ 1995–2004 թթ.
Նկար 2․ բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց թիվը՝ 2004–2025 թթ.
Նկար 2․ բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց թիվը՝ 2004–2025 թթ.
Նկար 3․ բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց թիվը՝ ներկայիս պատկերը
Նկար 3․ բանակից խուսափելու համար հետախուզվող անձանց թիվը՝ ներկայիս պատկերը
Աղբյուրը`   Հայկ Սարգսյան