«Վարչական ռեսուրսին միացել է քարոզչական գնդացիրը»․ Լիլիթ Բլեյան
170
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 21:18
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կողմից կասենք՝ ուղտերթ է, կխնդանք, կանցնի։ Մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիներ են, մարդիկ, որ մտել են էս թունավոր գործարքի մեջ՝ Երևանից, մարզերից, մի մասը՝ աշխատող, տուն պահող, մոլորված, մյուսները՝ չգիտեմ, չեմ հասկանում, թե ովքեր են և ինչու, բայց էս երկրից են, նաև նրանց աչքի առջևով է անցել վերջին տարիների դժբախտ ընթացքը։ Մի քանիսի հետ ընկեր ենք եղել, համախոհ, ու եթե բարիկադ է եղել, էդ բարիկադի նույն կողմում ենք եղել՝ հանուն արդարության, թույլի պաշտպանության, հանուն մեր երկրի ընդհանուր պայծառության։ Ես չեմ կարողանում ուրախանալ իշխանական հավաքների փոքր թվի վրա. իշխանական նեղ խմբից դուրս մի հոգի էլ եթե կա, արդեն տխրելու առիթ է։ Կասեք՝ առաջ էլ էր էդպես։ Հա, վարչական տարբեր մեթոդներով քշում էին հավաքների, ու էն ժամանակ էլ էի տխրում, որ մարդկանց հնարավոր է իրենց կամքին հակառակ հանել փողոց։ Էն ժամանակ էսօրվա ճակատագրական ճեղքվածքը չկար, մի քիչ խաղի պես էր, մի քիչ՝ փող աշխատելու/աշխատանքը պահելու համար։ Հիմա, մեզ պատահած մեծ աղետից հետո, վարչական ռեսուրսին միացել է քարոզչական գնդացիրը։ Ու աշխատում է էդ գնդացիրը։ Ու հնձում է։ Մարդիկ ջան, ինչո՞ւ, ինչո՞ւ։ Տանը, երբ մենակ եք մնում, անջատում եք բոլոր սարքերը, վերհիշո՞ւմ եք, մտածո՞ւմ եք փորձո՞ւմ եք հասկանալ՝ այսօ՞ր ինչ արեցին Ձեր անունից, ձեր ձեռքերով։ Երեկ ձեր անունից դատարկեցին Արցախը, գիտե՞ք։ Դուք դա հո չէի՞ք ուզում, բայց դա արվեց ձեր անունից։ Ձեր անունից այսօր հարձակվում են եկեղեցու վրա։ Ու հրահանգում են՝ ծափ տալ։ Կհաշվենք, կխնդանք, կանցնենք էսօրն էլ։ Վաղը մի ուրիշ բան կպատահի։ Էլի հաստատ տգեղ պրոցեսների մեջ կհայտնվենք, կցեխոտենք մեր սիրուն օրը, մեր կյանքի հերթական դրվագը։ Ապրելու, ստեղծելու, իրար սիրելու էներգիան էլի կծախսենք գեշ կռիվների, իրարկրծոցիի վրա։ Մեր մարդկային շփումներն էլի կպղտորվեն։ Էս ընթացքում քանի՞ տեղ է բաժանում ու ցավ մտել։ Քանի՞ սիրուն հարաբերություններ են փշրվել, քանի՞ ընտանիք է թույնը քայքայել։ Աշխատավայրում քանի՞ կոնֆլիկտ է եղել։ Դա ախր հեչ ծիծաղելի չի։ Մարդկանց հետ մանկություն ենք կիսել, սովորել ու աշխատել ենք միասին։ Հանուն ո՞ւմ, հանուն ինչի՞ են մեզ իրար թշնամի հռչակել։ Վաղը, երբ էս թունավոր ամպը ցրվի, մենք շատ դժվար ենք իրար հետ նորից հարաբերություններ կառուցելու։ Կասեք՝ էդպես էլի' է եղել։ Իհարկե, եղել են դրվագներ։ Դժվար է եղել ամեն ցնցումից հետո։ Բայց Արցախի կորուստն ու եկեղեցու վրա վայրի հարձակումը սովորական դարձած ցնցումները չեն։ Դրանք մեր ընդհանուր մարմնի անդամահատումն են, մեր ընդհանուր մարմնի վրա կատարված մահափորձ, որին մենք/դուք էսպես, սբ. Աննայի բակում կանգնած, ծափ ենք տալիս։ Հանուն ո՞ւմ, հանուն ինչի՞»։